Միտոտիկ ապարատ, միտոզին մասնակցող քրոմոսոմային և աքրոմատինային ժամանակավոր կառուցվածքների ամբողջություն, որն իրականացնում է քրոմոսոմների շարժումը դեպի կիսվող բջջի բևեռներ։ Ձևավորվում է ինչպես ինտերֆազային բջջի մակրոմոլեկուլներից, այնպես էլ բաժանումից առաջ սինթեզված նյութերից։ Միտոտիկ ապարատը կազմված է ցենտրոսոմայով շրջապատված ցենտրիոլներից, բջջի բաժանման իլիկից (միկրոխողովակների համակարգ) և միջանկյալ նյութից։ Բաղկացած է ռիբոնուկլեոպրոտեիդներից (90%), ռիբոնուկլեինաթթվից (6%), աքրոմատինային մասը՝ ակտինին նման սպիտակուցներից։ Հայտնաբերված են նաև բազմաշաքարներ, լիպիդներ, ադենոզինեռֆոսֆատազ։ Ցենտրիոլները մոտ 0,15 մկմ տրամագծով միկրոխողովակների զույգ գոյացություններ են։ Ենթադրվում է, որ դրանք կարգավորում են իլիկի առաջացումը, տարածական կողմնորոշումն ու աճը, չնայած վերջինս տեղի ունի նաև ցենտրիոլներ չպարունակող (բուսական) բջիջներում։ Բջջի բաժանման իլիկը կազմված է 2 տիպի՝ բևեռներն իրար և յուրաքանչյուր քրոմոսոմը բևեռներից որևէ մեկին միացնող ցիտոպլազմային թելիկներից։ Մասնակցում է քրոմոսոմների բաշխմանը դուստր բջիջներում։ Միտոտիկ ապարատի ձևավորումը սովորաբար սկսվում է միտոզի պրոֆազում և ավարտվում մետաֆազում։ Միտոտիկ ապարատի վնասվածքները և սինթեզի խանգարումները հանգեցնում են միտոզի ախտաբանության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 612