Միջուկների քիմիական բևեռացում

Միջուկների քիմիական բևեռացում, հաստատուն մագնիսական դաշտում ռադիկալային քիմիական ռեակցիաների վերջնանյութերի մոլեկուլներում միջուկային զեեմանյան մակարդակների անհավասարակշռված բնակեցվածության երևույթ (տես Զեեմանի երևույթ)։ Միջուկների քիմիական բևեռացումը դիտվում է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդով՝ սպեկտրներում արտահայտվում է որպես անոմալ մեծ կլանում (դրական միջուկների քիմիական բևեռացում) կամ ռադիոճառագայթում (բացասական միջուկների քիմիական բևեռացում)։ Միջուկների քիմիական բևեռացումը առաջանում է ռադիկալային զույգերում, որոնցից ստացվող վերջնանյութերի գոյացման հավանականությունը կախված է ռադիկալների միջուկների սպինների փոխադարձ դիրքորոշումից։ Միջուկների քիմիական բևեռացումը օգտագործվում է քիմիական ռեակցիաների փուլերը որոշելու համար։ Միջուկների քիմիական բևեռացման հիման վրա զարգանում են մագնիսական իզոտոպների հարստացման և ռադիկալային ռեակցիաների վրա մագնիսական դաշտի ազդեցության ուսումնասիրման ուղղությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 606 CC-BY-SA-icon-80x15.png