Միջուկային երկրաֆիզիկա
Միջուկային երկրաֆիզիկա, միջուկային երևույթների վրա հիմնված երկրաֆիզիկական մեթոդների ամբողջություն։ Ներկայումս միջուկային երկրաֆիզիկայի մեջ տարբերում են երեք հիմնական ուղղություն՝ ռադիոմետրիկ, միջուկային և ռադիացիոն մեթոդների մշակում ու կիրառում։ Ռադիոմետրիկ մեթոդները հիմնված են բնական ռադիոակտիվ տարրերի ռադիոակտիվության երևույթների հետազոտման վրա և օգտագործվում են հիմնականում այդ ու նրանց հետ համահարաբերակցող տարրերի (հազվագյուտ հողեր, մոլիբդեն, ֆոսֆոր) հանքավայրերի որոնման և հետախուզման համար։ Միջուկային մեթոդները հիմնված են ապարներում ու հանքանյութերում միջուկային ճառագայթման (գլխավորապես նեյտրոնների) ազդեցությամբ ընթացող միջուկային ռեակցիաների օգտագործման վրա և կիրառվում են ոչ ռադիոակտիվ տարրերի (օրինակ, բերիլիումի, բորի, մանգանի, պղնձի, ցինկի) քանակությունների որոշման համար։ Ռադիացիոն մեթոդները հիմնված են ռադիոակտիվ ճառագայթումների և ապարների ու հանքանյութերի փոխազդեցության վրա և օգտագործվում են նրանց մեջ հանքային բաղադրամասերի քանակությունների որոշման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 598)։ |