Միկրոքիմիական անալիզ
Միկրոքիմիական անալիզ, միկրովերլուծություն, փոքր քանակներով (0,01—0,001 գ) անօրգանական և օրգանական նյութերի բաղադրության լրիվ կամ մասնակի որոշման վերլուծական քիմիայի եղանակների համալիր։ Միկրոքիմիական անալիզի հիմքում ընկած են ամենազգայուն ու ընտրողական քիմիական ռեակցիաները։ Միկրոքիմիական անալիզին հատուկ են նյութերի փոքր ծախսը, կատարման կարճատևությունը և ինքնատիպությունը։ Պահանջում է ոչ բարդ, բայց հատուկ սարքավորումների ու գործիքների կիրառում։ Ապահովում է որոշման բավարար ճշտություն։ Կիրառվում է կիսահաղորդիչների արդյունաբերությունում, մետալուրգիայում, ռադիոքիմիայում, կենսաքիմիայում, տիեզերաքիմիայում, կլինիկական, դատաքննչական, միներալոգիական հետազոտություններում, ինչպես նաև բնական ու սինթետիկ նյութերի բաղադրությունը 4 որոշելու համար։ Օրգանական նյութերում որոշում են տարրերի ու ֆունկցիոնալ խմբերի պարունակությունը և միացության մոլեկուլային զանգվածը։ Երկրորդական միկրոքիմիական անալիզի ամենատարածված գործադրաձևերն են՝ կաթիլային վերլուծությունը, նրբաշերտ և բաժանող քրոմատոգրաֆիան, միկրոսպեկտրոսկոպիան և այլն։ Քիմիական ռեակցիան իրականացնում են ֆիլտրի կամ քրոմատոգրաֆիական թղթի, սորբենտային նրբաշերտի, ճենապակե թիթեղի, առարկայական ապակու վրա կամ մազական փորձանոթում։ Քանակական միկրոքիմիական անալիզի եղանակներն են՝ տիտրաչափությունը, զանգվածաչափությունը և լուսաչափությունը։ Ավելի հաճախ կիրառվում է դրանցից առաջինը, հատկապես տիտրման ավարտի որոշման էլեկտրաքիմիական եղանակների կիրառումով (կանոնաչափություն են), իսկ օրգանական միկրոքիմիական անալիզում զանգվածաչափությունը և գազային քրոմատոգրաֆիան։ Օգտագործում են 10~6 գ զգայնության միկրոկշեռքներ և 10~3 էլ զգայնության միկրոբյուրետներ։ Բարդ նմուշների դեպքում միկրոքիմիական անալիզ համատեղում են միկրովերլուծության ֆիզիկական եղանակների հետ։ Միկրոքիմիական անալիզի ժամանակակից զարգացումն ընթանում է ֆիզիկաքիմիական եղանակների առավել օգտագործման ճանապարհով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 548)։ |