Մեքսիկայի քաղաքակրթություններ

Մեքսիկայի մեծ քաղաքակրթությունների զբաղեցրած տարածքը չէր համապատասխանում երկրի այսօրվա գոյություն ունեցող քաղաքական սահմանների հետ։ Մեքսիկայի գաղութացման շրջանում ուսումնասիրողները առանձնացրել են մինչև 700 ցեղային խմբեր։ Ցավոք, այդ ցեղերի ճնշող մեծամասնությունը դադարեցրին իրենց գոյությունը Ամերիկայի գաղութացման ժամանակ։ Մեքսիկայի տարածքում գտնվել են բազմաթիվ մշակույթների հետքեր և այն հանդիսանում է մի շարք մշակույթների բնօրրանը։ Մինչկոլումբոսյան Մեքսիկայի պատմությամբ զբաղվողներն առանձնացնում են այստեղի քաղաքակրթությունների հիմնական կենտրոնները
• Հյուսիսը,
• Արևմուտքը,
• Մեքսիկական ծովածոցի ափը,
• Օախակայի շրջանը /հարավ/,
• Կենտրոնական բարձրավանդակի շրջանը
• Հարավարևելյան Մեքսիկայի շրջանը
Այս տարածաշրջանները մինչև իսպանական նվաճումները զարգանում էին ծայրահեղ անհամաչափ

Հյուսիս խմբագրել

Մեզոամերիկայի հյուսիսային սահմաններին մշակութային կղզյակներ ստեղծելով՝ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողների տարածքում գոյատևում էին ծայրամասային մշակույթները։ Դրանցում նկատվում են տարրեր, որոնք նման են Կենտրոնական Մեքսիկայի և Հարավարևմտյան ԱՄՆ-ի մշակույթներին։ Այդ մշակույթների կարևորագույն կենտրոններից են Լա-Կեմադան, Չալ-չիուիտեսը (Սակատեկաս) և Կասաս-Գրանդեսը (Չիուաուա)։

Արևմուտք խմբագրել

Սրանք այն մշակույթներն են, որոնք գոյատևել են այժմյան Սինալոա, Նայարիտ, Խալիսկո, Կոլիմա, Միչոական և մասնակիորեն Գերրերո և Գուանախուատո նահանգներում։ Կան սրանց վերաբերող շատ նյութեր, որոնք կախված ծագման շրջանից՝ ունեն ոճական տարբերություններ։ Ամենահայտնի մշակույթը տարասկների մշակույթն է։

Մեքսիկական ծովածոցի ափը խմբագրել

Մեքսիկական ծոցի երկայնքով, բացի Յուկատան թերակզղու ծովափնյա շրջաններից, զարգանում էին զգալի թվով մշակույթներ։ Ամենավաղը օլմեկյան մշակույթն է։ Ացտեկների առասպելական պատմության մեջ օլմեկները հիշատակվում են որպես «ժողովուրդ, որն ապրում է ծագող արևի ուղղությամբ»։ Այս մշակույթը գոյատևել է մինչդասական շրջանի մեծ մասում և տարածվում էր այժմյան Վերակրուս նահանգի տարածքում ու Տաբասկոյի հյուսիսում։ Այս մշակույթն առանձնանում է նրանով, որ մեծ նշանակություն է ունեցել Մեզոամերիկայի մյուս մշակույթների ձևավորման համար։ Վերակրուս նահանգի կենտրոնում է գտնվել տոտոնակների մշակույթը, որի ամենակարևոր կենտրոնը եղել է Տախինը։ Ընդունելով Տեոտիխուականյան մշակույթի տարրեր՝ այն իր հերթին ազդեցություն է թողել Մեզոամերիկայի մյուս մշակույթների վրա։ Ավելի հյուսիս մայական լեզվաընտանիքին պատկանող ուաստեկներն են, որոնք մինչդասական շրջանում առանձնացել են մայաների հիմնական կորիզից և ստեղծել իրենց մշակույթը շատ բնութագրական կողմերով։

Օախակա խմբագրել

Մեքսիկայի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից է։ Հնում այն զբաղեցնում էր ժամանակակից Օախակա նահանգի տարածքը, Գերրերո նահանգի արևելքը և Պուեբլա նահանգի հարավը։ Հնում այս տարածքը բնակեցված էր բազմաթիվ ժողովուրդներով, որոնցից ամենամեծաքանակը սապոտեկներն էին Մոնտե-Ալբան կենտրոնով ու միշտեկները, որոնց մշակույթը զարգացել է համարյա նախորդի հետ միաժամանակ, բայց լեռնային շրջաններում, իսկ սապոտեկները՝ հովտային շրջաններում։ Հետդասական շրջանում միշտեկները նվաճեցին այդ հովիտները և իրենց ենթարկեցին սապոտեկներին։ Նրանց առավել նշանավոր կենտրոններից էր Միտլան։

Կենտրոնական Մեքսիկա խմբագրել

Կենտրոնական Մեքսիկայի դասական շրջանի առաջին հզոր մշակույթը Տեոտիխուականի մշակույթն էր, որը սկսել է ձևավորվել Ք.ա. 3-2-րդ դարերին և գերակշռել է ոչ միայն այս շրջանում, այլև համարյա մեկ հազարամյակ տարածվել է շատ հեռու շրջաններ։ Մոտավորապես 7-րդ դարի սահմաններում Տեոտիխուականն անկման շեմին հայտնվեց։ Դրա հիմնական կենտրոնը բնակիչները լքեցին 8-րդ դարի վերջին։ Տեոտիխուականի ոչնչացումից հետո նրան փոխարինեց տոլտեկյան մշակույթը՝ Տոլլան (Տուլա) կենտրոնով, որը գոյատևեց ոչ ավելի, քան երեք դար։ Նրա ավերումը 12-րդ դարի վերջում տեղի ունեցավ հավանաբար չիչիմեկներ կոչվող կիսավայրենի ցեղերի ներխուժման հետևանքով։ 14-րդ դարի սկզբին Մեխիկոյի հովիտ եկան նոր ցեղեր, որոնց մեջ էին նաև ացտեկները։ Կարճ ժամանակում նրանք իրենց ենթարկեցին Կենտրոնական Մեքսիկայի ժողովուրդներին և ստեղծեցին որոշ պատմաբանների բնութագրմամբ իսկական կայսրություն, որի սահմանները ձգվում էին ամբողջ Մեզոամերիկայով, սակայն իսպանական նվաճումներն ընդհատեցին դրա հետագա գոյությունը։

Հարավարևելյան Մեքսիկա. մայաներ խմբագրել

Մայաների քաղաքակրթությունը զբաղեցրել է հսկայական տարածք՝ ավելի քան 400 հազ. քառ. կմ, և ներառել է այժմյան մեքսիկական նահանգներ Յուկատանը, Կամպեչեն, Կինտանա-Ռոոն, համարյա ամբողջ Տաբասկոն և Չյապասի արևմտյան կեսը, ինչպես նաև Գվատեմալայի, Բելիզի տարածքները և Սալվադորի ու Հոնդուրասի արևմտյան շրջանները։ Մայաների մինչկոլումբոսյան պատմությունն ընդունված է բաժանել հետևյալ փուլերի.

  1. Մինչդասական շրջան՝ Ք. ա. 19-րդ դ. - Ք. հ. 3-րդ դ., որն իր հերթին ընդգրկում է վաղ (Ք. ա. 1800-900), միջին (Ք. ա. 900 - 300) և ուշ (Ք.ա. 300 - Ք.հ. 250) մինչդասական փուլերը,
  2. Դասական ժամանակաշրջան (3-10-րդ դդ.)` իր վաղ (3-7-րդ դդ.) և ուշ (7-10-րդ դդ.) փուլերով,
  3. Հետդասական փուլ (10-րդ դ. - 1521 թ.):

Մոտավորապես 3000 տարի առաջ հնդկացիների առանձին ցեղեր` մայաների նախնիները, սկսել են իրենց շարժը լեռնային շրջաններից Մեքսիկայի հարավի և Հյուսիսային Գվատեմալայի հարթավայրային շրջաններ։ 4-10-րդ դարերի ընթացքում մայաները, հատկապես կենտրոնական շրջաններում բնակվող, հասան իրենց զարգացման գագաթնակետին։ Դասական ժամանակաշրջանը այսպես ասած նրանց ոսկեդարն էր։ Բնակչության մեծ թիվը, զարգացած տնտեսությունը, առևտրի զարգացումը այս ժամանակի բնորոշ կողմերն էին։ Այս ժամանակ ամբողջ Մեզոամերիկայում նրանց թիվը որոշ գիտնականների հաշվարկներով 20 միլիոնի էր հասնում։ Աճում ու ընդլայնվում էին բնակավայրերն ու քաղաքները, ստեղծվում նորերը։ Եվ այսպես շարունակվում էր գրեթե 10 դար՝ մինչև 9-10-րդ դարեր, երբ մայաների ծաղկուն քաղաքների վրա թափվեց հանկարծակի աղետը։ Ամեն տեսակի ճարտարապետական շինարարությունը դադարեցվեց։ Մեկը մյուսի հետևից ամայացան մայաների քաղաքները. բնակիչները լքում էին դրանք՝ թողնելով բախտի քմահաճույքին։ Տասնամյակներ անց մայաների քաղաքներն արդեն թաքնված էին մարդկանց աչքից ջունգլիների մեջ։ Առաջ են քաշվել սրա բացատրման շատ տարբերակներ՝ կլիմայի փոփոխություն, երկրաշարժ, համաճարակներ, ռեսուրսների սպառում, օտարների հարձակումներ։ Հնդկացիական աղբյուրները և հնագիտության տվյալները խոսում են Յուկատան տոլտեկների և նրանց ազգակից ժողովուրդների (մասնավորապես պիպիլների) ներխուժման մասին 10-րդ դարի վերջում։ 10-րդ դարից հետո մայաների մշակույթի զարգացումը, իհարկե, էականորեն փոփոխված, շարունակվում էր Յուկատան թերակղզում (Մեքսիկա) և լեռնային Գվատեմալայում։ Բայց մայական քաղաքակրթության «ոսկեդարն» արդեն ետևում էր մնացել։ Երկիրն ակնհայտ անկում էր ապրում։ Անընդհատ պատերազմները, համաճարակները, երաշտներն ու անբերրիությունն ամայացնում էին Յուկատանի երբեմնի ծաղկուն շրջանները։ Իսպանացիներն այստեղ 16-րդ դարում հանդիպեցին 15-ից ավելի ոչ մեծ, մշտապես իրար մեջ պատերազմող պետությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ կառավարիչների իր դինաստիան։ Արդեն իսկ թուլացած ու ջախջախված՝ նրանք անկարող էին դիմակայել նոր հզոր ախոյանին և դատապարտված էին կործանման։ Քսանամյա դիմադրությունից հետո Յուկատանի մայաների քաղաքներն ընկան իսպանական թագավորի իշխանության տակ։

Տես նաև խմբագրել

Մեքսիկայի պատմություն