Մետաղածնական գոտի, մետաղաբեր տարածքներ, որոնք համընկնում են երկրագնդի տեկտոնական խոշորագույն գոտիների հետ, օրինակ՝ խաղաղօվկիանոսյան, Միջերկրածովյան գոտիները։ Մետաղածնական գոտիները կազմված են ավելի ցածր կարգի փոխկապակցված մետաղաբեր տարածքներից՝ մետաղածնական պրովինցիաներից։ Մետաղածնական գոտիները կարող են ձևավորվել մի քանի տեկտոնամագմատիկ ցիկլերի կամ մետաղածնական դարաշրջանների ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է հանքայնացման որոշակի տիպերով։ Խոշոր մետաղածնական գոտու երկարությունը կազմում է տասնյակ հազար կմ, լայնությունը՝ հարյուրավոր կմ, իսկ զբաղեցրած տարածությունը՝ 10-15 միլիոն կմ2։ Որոշ երկրաբաններ առաջարկում են մետաղածնական գոտի համարել այն հանքաբեր տարածքները, որոնք չափերով ավելի փոքր են և համապատասխանում են մետաղածնական պրովինցիաներին (Ուրալյան, Մոնղոլա-Օխոտյան)։ Բազմաթիվ հետազոտողներ խաղաղօվկիանոսյան և Միջերկրածովյան խոշորագույն գոտիների հետ մեկտեղ մետաղածնական գոտի են անվանում նաև Ուրալյանը, Սկանդինավյանը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475