Մեկ հայացքի լրագրություն

Մեկ հայացքի լրագրություն (անգլ.՝ Glance-journalism), թվային լրագրության նոր ուղղություն, որը ենթադրում է հնարավորինս կարճ ժամանակահատվածում բովանդակության սպառում։

Ուղղության սկզբնավորում և տերմինի առաջացում խմբագրել

Լրագրության տվյալ ուղղության առաջացումը կապվում է տեխնոլոգիաների և զանգվածային լրատվության միջոցների ոլորտում նորագույն մշակումների հետ։ Նորությունների ձևաչափը, որն օգտագործվում է նորությունների արտադրության և տարածման համար, փոփոխություններ է կրել հատկապես 2014 թվականին Apple Watch խելացի ժամացույցների թողարկումից հետո՝ արմատապես փոխելով նորությունների տարածումը և կլանումը։ Այս մինի սարքերի ուշագրավ և նշանակալի առանձնահատկությունն այն է, որ էկրանի չափը կտրուկ կրճատվում է, ինչը թվային լրագրության մեջ սկիզբ է դրել նոր` glance ուղղության։ Երկար ընթերցման և ընկալման համար դժվար տեքստերին եկել են փոխարինելու սպառողներին հիմնական իմաստը և առաջնային տեղեկատվությունը փոխանցող կարճ նորույթային վերնագրերը։ Սկզբում այս տերմինը օգտագործվել է «Quickish» նորությունների հարթակի հիմնադիր լրագրող Դան Շենոֆի կողմից։ «Wearables could make the “glance” a new subatomic unit of news» հոդվածում[1] հեղինակը հայտարարում է, որ ներկա ժամանակներում սպառողը ցանկանում է կարճ, հասանելի և քիչ ժամանակ տանող տեղեկատվություն։

  Այսօր լսարանը նախընտրում է կյանքի արագացված տեմպ։ Դա անհնար է լուծել` օգտագործելով հարմարվողական դիզայն. նախ և առաջ այն պահանջում է օրգինալ մոտեցում։  

Դան Շենոֆը ենթադրում է, որ Apple Watch-ի 2014 թվականի առաջին ցուցադրությունը թվային լրագրության դարաշրջանի սկիզբն է դրել։ Մեկ հայացքի լրագրությունը համարվում է նորությունների արագ օգտագործման նոր եղանակ։ Դասական նորությունների, հոդվածների և բլոգների առաքման համեմատությամբ, glance լրագրության մեջ օգտագործվող այսպիսի ոճի կարճ նորությունները օգնում են մարդկանց ավելի լավ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և չեն ստիպում նրանց ծախսել ավելի երկար ժամանակ նորությունների լրահոսը թերթելու վրա։ Այս ուղղության ծագման հանգամանքներն իրենց գիտական աշխատանքներում ուսումնասիրում են Սանտյագո դե Կոմպոստել համալսարանի Հասարակության հետ կապերի ֆակուլտետի գիտնականնները[2]։ Նրանք հայտարարում են, որ Apple Watch-ի ի հայտ գալուն զուգահեռ հասարակությունը վերադառնում է հեռախոսային լրագրություն և ավելի հաճախ է նախապատվությունը տալիս կարճ վերնագրերով, տեղեկատվական ծանուցումներով տեղեկատվությանը։ Հետևաբար, օգտագործվող գործիքները կարող են դառնալ միկրոլրագրության մեջ նոր ուղղության զարգացման պատճառ։ 2016 թվականին Reuters գործակալության անցկացրած քննությունը հաստատում է, որ նորույթային ծանուցումների օգտագործումը կրկնապատկվել է այնպիսի կրիչների ի հայտ գալով, ինչպիսիք են խելացի ժամացույցները, որոնք ապագայում կարող են արագացնել այս միտումը[3]։

Կիրառում խմբագրել

Այնպիսի ուղղությունն, ինչպիսին է մեկ հայացքի լրագրությունը, արդեն վաղուց կիրառվում է տարբեր ինտերնետ-պարբերականների կողմից՝ նպատակ ունենալով նոր բովանդակության սպառողների ծախսած ժամանակը կրճատել։ Դրանցից առաջինը համարվում է Նյու Յորք Թայմսը։ Նորարարության մասին խոսվում է Նյու Յորք Թայմսի կորպորատիվ հաղորդակցման գործադիր տնօրեն Լինդա Զեբիանի հոդվածում[4]։ Նա նշում է, որ ինտերնետ-հրատարակությունը տեղեկատվության փոխանցման նոր տեսակ է մշակել, որն ընթերցողը կարող է ընկալել հաշված վայրկյանների ընթացքում՝ օգտագործելով միայն Apple Watch ժամացույցի էկրանը։ Նորությունների շարքը բաժանված է մի քանի առավել արդիական թեմանների, ներառյալ այնպիսի բաժիններ, ինչպիսիք են բիզնես, քաղաքականություն, գիտություն, տեխնոլոգիա, արվեստ։ Վեբ-հավելվածներից բացի՝ խելացի ժամացույցներում նաև շուրջօրյա հեռարձակվում են արտակարգ նորություններ։ Նյու Յորք Թայմսից բացի Apple Watch-ին հարմարեցված բջջային հավելվածներ են ստեղծել նաև CNN-ը, ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոն և The Guardian-ը։

Քննադատություն խմբագրել

Տեխնոլոգիաների արտադրողները չափազանցրել են այս նոր սարքի և թվային լրագրության նոր տեսակի նշանակությունը, որպեսզի օգտատերերի ուշադրությունը գրավեն «ավելի քիչ նշանակում է ավելի շատ» կարգախոսով[5]։ Նրանք, ովքեր աջակցում են այս նոր ուղղությանը, պնդում են, որ տեղեկատվություն ստանալու համար բավական է ընդամենը փոքր էկրանին մի լրահոս։ Մեկ հայացքի լրագրության այլ դրական առանձնահատկությունները, ըստ կողմնակիցների, ցանկացած վայրից տեղեկատվության ազատ հասանելիությունն է, նորությունների շարունակական կլանումը, փոքր էկրանից ընթերցանության հնարավորությունը, ծանուցումնների ստացումը, տառատեսակի գույնն ու փոխելու հնարավորությունը և խոշորացման պարամետրերը։ Գիտությունների դոկտոր, Թուրքիայի Ղազիի համալսարանի Հաղորդակցության և լրագրության բաժնի գիտաշխատող Բիլգե Նարին նշում է, որ վերջին հետազոտություններում smartwatch տեխնոլոգիան նորությունների տարածման տեսակետից գնահատվում է որպես նորությունների տեքստը դեֆորմացնող։ Նոր լրագրողական հոսանքի արդիականության վերաբերյալ հարցին Բիլգե Նարին փորձել է անդրադառնալ Թուրքիայում նոր հազարամյակի ինտերնետային հաղորդակցություններին նվիրված 16-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ։ Իր ելույթում Բիլգեն առանձնացրել է միկրո-լրագրության արագացված զարգացման հետ կապված մի քանի հիմնական սպառնալիքներ։ Դրանցից մի քանիսը կապված են տեքստի ամբողջական խեղաթյուրման և կրճատման հետ, որոնք խախտում են տեքստի իմաստաբանությունը և տեղեկատվության լիարժեք ընկալումը, ինչն էլ ազդում է որակյալ լրագրության վրա։ Հեղինակը նշում է, որ սպառնալիքի տակ է նաև լրագրողի մասնագիտությունը։ Դրա պատճառը կարող է լինել տեքստի կրճատման աճող միտումը, որի օգտագործման դեպքում տաղանդավոր խմբագիրները պահանջված չեն լինի, ինչն էլ կհանգեցնի հասարակության մասնակի հետընթացի։

  Կարճ տեքստերն ու հատվածները դարձել են պատկերի փոխարինում, հետևաբար, նման լրագրողական հոսանքները կարող են պատճառ հանդիսանալ օգտատերերի և քաղաքացիների շրջանում սոցիալական պատասխանատվության նվազեցմանը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dan Shanoff "Wearables could make the "glance" a new subatomic unit of news"
  2. «"iWatch: the intense flow of microformats of "Glance journalism" that feed six of the main online media"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. Reuters "Mobile alerts: How are media outlets using them?"
  4. Linda Zebian "The Times Rolls Out One-Sentence Stories on Apple Watch"
  5. Bilge Narin «LESS IS MORE OR LESS IS BIASED: GLANCE JOURNALISM»

Գրականություն խմբագրել

  • Мансурова В.Д. «Цифровая каллиграфия» современного журналиста: власть digital контента
  • Милославская З.А. "PR-журналистика как продукт гибридизации журналистского и PR-текста"