Մեգաաշխարհ, ընդգրկում է Արեգակնային համակարգի, աստղերի, գալակտիկայի, գալակտիկաների համակարգի, մետագալակտիկայի և այլ կառուցվածքային մակարդակները։ Այդտեղ ընթացող ուրույն պրոցեսների և մատերիայի վիճակների հետազոտությամբ զբաղվում է աստղաֆիզիկան։ Մեգաաշխարհի հիմքը կազմում են աստղային գոյացությունները։ Աստղերը սեփական ճառագայթում ունեցող երկնային մարմիններ են, շիկացած գազերի հսկայական գնդեր։ Մեգաաշխարհի մեր դիտումների համար մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական բնակչությունը։ Մեր գալակտիկայում կան շուրջ 160 մլրդ աստղեր։ Մեծ հեռավորությունների պատճառով աստղերը, նույնիսկ խոշորագույն աստղադիտակներով, դիտվում են որպես պայծառ կետեր (բացառությամբ ամենամոտ աստղի՝ Արեգակի)։ Հաջորդ մոտակա աստղը գտնվում է շուրջ 270000 անգամ ավելի հեռու, քան Արեգակը։ Աստղերի տարածական շարժումները որոշվում են աստղերի սեփական շարժումների և աստղերի տեսագծային արագությունների միջոցով։ Տարածական շարժումների արագությունները հասնում են ավելի քան 100 կմ/վրկ։ Աստղերի պայծառություններն արտահայտվում են աստղային մեծություններով։ Անզեն աչքով դիտվում են մինչև 6-րդ մեծության աստղերը։ Նրանց թիվը երկնքում (երկու կիսագնդերում) շուրջ 6000 է։ Աստղերի դիտվող պայծառությունը կախված է նրանց իրական պայծառությունից և հեռավորությունից։ Իրական պայծառությունները համեմատվում են բացարձակ աստղային մեծությունների միջոցով։ Աստղերի իրական պայծառության չափանիշը նրանց լուսատվությունն է (ճառագայթման հզորությունը)։ Լուսատվությունը չափվում է Արեգակի լուսատվության միավորներով։ Արեգակի բոլոմետրի լուսատվությունը կազմում է 3,8×1033 էրգ/վրկ։ Ըստ լուսատվության աստղերը բաժանվում են՝ թզուկների, հսկաների և գերհսկաների։ Իրենց չափերով աստղերը շատ բազմազան են, իսկ ըստ զանգվածների համեմատաբար քիչ են տարբերվում (մի քանի տասնյակից մինչև 0,01 արեգակնային զանգված)։ Այդ իսկ պատճառով էլ նրանք նյութի խտությամբ նույնպես խիստ բազմազան են։ Բոլոր աստղերի քիմիական բաղադրությունը գրեթե նույնն է (ըստ կշռի, մոտավորապես 70% ջրածին, 28% հելիում և 2% մնացած տարրեր)։ Այդ պատճառով աստղերի վիճակը որոշվում է միայն երեք, իրար հետ փոխադարձաբար կապված մեծություններով՝ լուսատվություն, շառավիղ և զանգված։ Աստղի քիմիական բաղադրությունը որոշվում է նրանց սպեկտրների միջոցով։ Աստղերի ճնշող մեծամասնության սպեկտրները կազմում են անընդհատ հաջորդականություն։ Նրանց այդ հատկության վրա է հիմնված աստղերի սպեկտրալ դասակարգումը։ Ըստ դասակարգման աստղերը հիմնականում տարբերակվում են՝ ջերմային գերհսկաներ, հսկաներ, թզուկներ, գերխիտ աստղեր (որոնք բաժանվում են սպիտակ թզուկ աստղերի և բարիոնային աստղերի՝ կոչվում են նաև նեյտրոնային աստղեր, որոնք երբեմն հանդես են գալիս պուլսարների տեսքով)։ Աստղերից կազմված համակարգերը կոչվում են գալակտիկաներ, որոնց կենտրոնական տիրույթներում գտնվող փոքր չափերի, խիտ, պայծառ կազմավորումները կոչվում են կորիզներ։ Գրեթե բոլոր գալակտիկաների պայծառությունը քիչ թե շատ սահուն կերպով աճում է դեպի գալակտիկայի կենտրոնը։ Ըստ Է.Հաբելի դասակարգման գալակտիկաները արտաքին տեսքով բաժանվում են երեք հիմնական դասի՝ էլիպսաձև, պարուրաձև և անկանոն։ Էլիպսաձև գալակտիկաները ունեն էլիպսի ձև և իրարից տարբերվում են սեղմվածության աստիճանով։ Պարուրաձև գալակտիկաները էլիպսաձևերի նկատմամբ զգալիորեն սեղմված են, ունեն պարուրաթևեր, որոնք կամ անմիջականորեն դուրս են գալիս կենտրոնում գտնվող կորիզից, կամ էլ կորիզը հատող ուղիղ ձողի ծայրերից։ Անկանոն գալակտիկաները տձև են և բաժանվում են երկու ենթադասի՝ I տիպի անկանոնները կազմված են բարձր լուսատվության ջերմ աստղերից և ունեն մակերևութային մեծ պայծառություն, իսկ II տիպի անկանոնները չունեն վառ արտահայտված կառուցվածք և օժտված են համեմատաբար փոքր պայծառությամբ։ Բացի վերոհիշյալ դասերից գոյություն ունեն նաև պարուրաձև գալակտիկաների նման խիստ սեղմված և կենտրոնական կորիզով, բայց պարուրաթևերից զուրկ գալակտիկաներ, որոնք կոչվում են ոսպնյակաձև։ Այն գալակտիկաները, որոնք իրենց տեսքով չեն պատկանում նշված դասերից որևէ մեկին, կոչվում են պեկուլյար գալակտիկաներ։ Գալակտիկաների չափերը լինում են 0,5-ից մինչև 50 կպս (կիլոպարսեկ), զանգվածները՝ 108-1012 արեգակնային զանգված, լուսատվությունները՝ 104-1010 արեգակնային լուսատվություն։ Ըստ այս պարամետրերի արժեքների գալակտիկաները լինում են՝ թզուկ, հսկա և գերհսկա։ Թզուկները պարունակում են ընդամենը մի քանի միլիոն աստղ, մինչդեռ գերհսկաները պարունակում են հարյուր միլիարդավոր աստղեր։

Համատեղ առաջացած և իրար հետ փոխադարձ ձգողական ուժերով կապված գալակտիկաների խմբավորումները կազմում են գալակտիկաների կույտերը։ Նրանք պարունակում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար և երբեմն նաև տասնյակ հազար գալակտիկաներ։ Կենտրոնական գալակտիկան կույտի ամենապայծառ անդամն է (սովորաբար պատկանում է էլիպսաձև կամ ոսպնյակաձև դասին)։ Որոշ կույտերի կենտրոնական գալակտիկաների ճառագայթումը տասնյակ միլիարդ անգամ մեծ է Արեգակի ճառագայթումից։ Գալակտիկաների կույտերը բաժանվում են երկու դասի՝ կանոնավոր և անկանոն։ Կանոնավոր կույտերը գնդաձև են, հիմնականում բաղկացած էլիպսաձև և ոսպնյակային գալակտիկաներից։ Նրանց խտությունը կենտրոնեզր ուղղությամբ հետզհետե նվազում է։ Անկանոն կույտերը տձև են, չունեն որոշակի արտահայտված եզրեր։ Այդ դասի կույտերում գերակշռում են պարուրաձև և անկանոն գալակտիկաները։ Գալակտիկաների կուտակումը դեպի այդ կույտերի կենտրոնական մասերը խիստ չի արտահայտված։ Գալակտիկաների բաշխման մեջ դիտվում են անհամասեռություններ՝ երկու և ավելի անդամներից կազմված ենթախմբեր։

Գալակտիկաների կույտերը իրենց հերթին խմբավորված են գալակտիկաների գերկույտերի մեջ, որոնք իրենց մեջ պարունակում են մեկ-երկու տասնյակից ոչ ավելի գալակտիկաների կույտեր։ Գալակտիկաների գերկույտերն իրենցից ներկայացնում են գալակտիկաների կույտերի շղթայաձև կամ թելաձև դասավորություն, որոնք կապված են մեկը մյուսի հետ և կազմում են ցանցաձև կառուցվածք։ Գերկույտերի ցանցաձև մասը կազմում է նրա զբաղեցրած ծավալի շատ փոքր մասը, իսկ ծավալի մնացած մասը բաժին է ընկնում ցանցի դատարկություններին։ Գերկույտերը իրենց հերթին մտնում են Մետագալակտիկա կոչվող վիթխարի համակարգի մեջ։

ԱղբյուրներԽմբագրել

  • ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987 թ.  
  • Ա. Ե. Մխիթարյան «Հաբեթի սերունդները» -2002 թ.  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181