«Մաֆ-ակումբ» համակարգը փակ ակումբների համակարգ է, ուր այցելելու իրավունք ունեն միայն անդամության Քարտ ունեցող անձինք և նրանց հյուրերը։ Ստեղծվել է 1998 թ. փետրվարի 13-ին։ «Մաֆ-ակումբ» համակարգի անդամության հետ կապված բոլոր հարցերը կարգավորում է Ակումբի Խորհուրդը, որը «Մաֆ-ակումբ» համակարգի բարձրագույն օրենսդիր օրգանն է։

Պատմություն խմբագրել

«Մաֆիա» խաղում են գրեթե անհիշելի ժամանակներից։ Խաղում են տարբեր կերպ, տարբեր օրենքներով ու կանոններով (հենց դրա համար էլ այն մաֆիա է), խաղում են ամենուր՝ տանը, բակում, համացանցում և էլիտար ակումբում։ ԵրԲԻ ՈւՀԱ թիմի տղաները սկսել են խաղալ այս խաղը նախկին ԽՍՀՄ-ի օդանավակայաններում՝ իրենց չվերթին սպասելիս, ճամպրուկների վրա նստած։ Ընթացքում պայմանավորվում էին նոր կանոնների մասին, հորինում հետաքրքիր քայլեր և խաղային յուրաքանչյուր իրավիճակ նպաստում էր նոր, ինքնատիպ Խաղի ստեղծմանը։

Խաղի նկարագրությունը և կանոնները խմբագրել

Խաղին մասնակցում է 11 մարդ՝ 10 խաղացող և խաղի վարողը, որը հետևում է խաղի ընթացքին և կանոնակարգում խաղի փուլերը։ Նրանց կարող են օգնել ասիստենտները։ Խաղացողները բաժանվում են 2 խմբի՝

  • «կարմիրներ»` «օրինապահ քաղաքացիներ» (խաղաքարտ Citizen)
  • «սևեր»` «մաֆիայի» ներկայացուցիչներ (խաղաքարտ Maf):

Խաղարկվում են 7 կարմիր և 3 սև խաղաքարտեր։

7 կարմիր խաղաքարտից մեկը տարբերվում է մյուսներից. դա SHERIFF խաղաքարտն է, որը որոշում է «կարմիրների» ղեկավարին, իսկ «Մաֆիան» ունի իր առաջնորդը՝ DON խաղաքարտ։ Խաղասեղանի շուրջը նստում են տասը խաղացողներ։ Բոլոր խաղացողները հագնում են դիմակները, ինչից հետո խաղը վարողը կամ նրա ասիստենտը հերթով յուրաքանչյուր խաղացողի առաջարկում է սկուտեղի վրայից ընտրել մեկ խաղաթուղթ։ Երբ բոլոր տասը մասնակիցները ստանում են իրենց խաղաթղթերը և իմանում, թե ով որ խմբին է պատկանում՝ խաղաթղթերը հավաքվում են, և սկսվում է խաղը։

Խաղը վարողը հայտարարում է՝ «Գիշեր»։ Մասնակիցները, փակելով աչքերը դիմակներով, կախում են գլուխները։ Խաղը վարողը հայտարարում է՝ «Մաֆիան արթնանում է»։ Maf խաղաթղթեր ստացած մասնակիցները հանում են դիմակները և ծանոթանում միմյանց, ինչպես նաև խաղավարի հետ։ Սա առաջին և միակ գիշերն է, երբ մաֆիայի բոլոր անդամները միասին բացում են աչքերը։ Այդ գիշերը տրված է, որպեսզի նրանք պայմանավորվեն «կարմիրներին» վերացնելու հերթականության մասին։ Վարողը հայտարարում է՝ «Մաֆիան քնում է»։ Այս բառերից հետո «մաֆիան» նորից դիմակավորվում է։

Վարողի հաջորդ խոսքերն են՝ «Արթնանում է Դոնը»։ Դոնը բացում է աչքերը և ծանոթանում վարողի հետ։ Վարող՝ «Դոնը քնում է»։ Դոնը հագնում է դիմակը։ Վարող՝ «Արթնանում է Շերիֆը»։ Շերիֆը բացում է աչքերը և ծանոթանում վարողի հետ։ Վարող՝ «Շերիֆը քնում է»։ «Առավոտ։ Արթնանում են բոլորը»։ Առաջին օր։ Բոլորը հանում են դիմակները։ Ցերեկվա ընթացքում տեղի է ունենում քննարկում։ Խաղի 1-ին փուլի և, ընդհանուր առմամբ, ամբողջ խաղի նպատակը «կարմիր» խաղացողների համար «մաֆիայի» բացահայտումն է և նրա ներկայացուցիչներին խաղից հանելը, իսկ «մաֆիայի» համար, համապատասխանաբար, հակառակը։

Քննարկումը սկսում է առաջին համարը կրող մասնակիցը և հետո՝ ըստ հաջորդականության։ Խաղացողները ցերեկային քննարկման ժամանակ կարող են առաջարկել թեկնածություններ՝ նրանց խաղից հանելու նպատակով։ Քննարկման վերջում կատարվում է թեկնածությունների քվեարկություն։ Ձայների մեծամասնություն հավաքած թեկնածուն դուրս է գալիս խաղից։ Խաղից դուրս մնացած մասնակիցն ունի վերջին խոսքի իրավունք (տևողությունը՝1 րոպե)։ Խաղում գոյություն ունի «ավտովթար» հասկացողությունը։ Դա այն իրավիճակն է, երբ երկու կամ ավելի խաղացողներ հավաքում են ձայների միևնույն քանակը։ Այս դեպքում քվեարկվողներին իրավունք է տրվում է արդարանալ 30 վայրկյանի ընթացքում, համոզել խաղացողներին իրենց «օրինապահ քաղաքացի» լինելը և մնալ խաղի մեջ։ Դրանից հետո կատարվում է վերաքվեարկություն։ Ավելի շատ ձայներ հավաքած մասնակիցը դուրս է գալիս։ Եթե խաղացողները կրկին հավասար թվով ձայներ են հավաքում, ապա քվեարկվում է հետևյալ հարցը. «Ո՞վ է կողմ, որ երկու (կամ բոլոր երեք/չորս և այլն) խաղացողները լքեն խաղը»։ Եթե մեծամասնությունը քվեարկում է դրա օգտին, ապա խաղացողները հեռանում են, եթե դեմ են՝ խաղացողները մնում են, եթե ձայները բաշխվում են հավասարապես՝ խաղացողները նույնպես մնում են խաղի մեջ։

Առաջին փուլից հետո կրկին գիշեր է գալիս։ Այդ և հաջորդ գիշերների ընթացքում «մաֆիան» «կրակելու» հնարավորություն ունի։ «Կրակոցն» իրականացվում է հետևյալ կերպ. առաջին գիշերվա ընթացքում պայմանավորված լինելով «կարմիրներին» հեռացնելու հերթականության վերաբերյալ՝ հաջորդ գիշերների ընթացքում «մաֆիայի» ներկայացուցիչները «կրակում են» (փակ աչքերով)։ Խաղը վարողը «Մաֆիան դուրս է գալիս որսի» խոսքերից հետո հերթականությամբ հայտարարում է խաղացողների համարները և եթե «մաֆիայի» բոլոր անդամները միաժամանակ «կրակում են» տվյալ համարին՝ խաղացողը խփված է։ «Կրակոցը» կատարվում է մատներով նմանակելով իրական կրակոցին։ Վարողը հայտարարում է՝ «Մաֆիան հեռանում է», այնուհետև՝ «Արթնանում է Դոնը»։ Դոնը արթնանում է և փորձում գտնել խաղի Շերիֆին։ Նա մատների օգնությամբ վարողին ցույց է տալիս որևէ համար, որի տակ, իր կարծիքով, թաքնվում է Շերիֆը։ Վարողը գլխի շարժումով կա՛մ հավանություն է տալիս, կա՛մ հերքում է նրա վարկածը։ Վարողի ցուցումով Դոնը փակում է աչքերը, արթնանում է Շերիֆը։ Նույն կերպ գիշերային ստուգումների իրավունք ունի նաև Շերիֆը։ Նա փնտրում է «մաֆիայի» ներկայացուցիչներին։ Խաղը վարողի պատասխանից հետո Շերիֆը փակում է աչքերը և վարողը հայտարարում է երկրորդ օրվա սկիզբը։ Եթե գիշերը «մաֆիան» վերացրել է որևէ խաղացողի՝ վարողը հայտարարում է այդ մասին և վերջին խոսքի իրավունք է տալիս տուժածին։ Եթե «մաֆիան» վրիպել է՝ վարողը հայտարարում է, որ առավոտն իսկապես բարի է, և գիշերը ոչ ոք չի տուժել։

Երկրորդ օրվա քննարկումները սկսվում են նախորդ փուլում առաջինն արտահայտված մասնակցին հաջորդող խաղացողից։ Այս և հաջորդ փուլերում խաղի ընթացքը չի փոխվում։ Օրերն ու գիշերները հաջորդում են իրար մինչև այս կամ այն թիմի հաղթանակը։

Խաղն ավարտվում է «քաղաքացիների» հաղթանակով, եթե խաղից հեռացվել են «մաֆիայի» բոլոր ներկայացուցիչները։ «Մաֆիան» հաղթում է, եթե մնացել են հավասար թվով «օրինապահ քաղաքացիներ» և «մաֆիայի» ներկայացուցիչներ։

Խաղի նրբությունները խմբագրել

Խաղի Շերիֆը տիրապետում է որոշ ինֆորմացիայի (գիշերային ստուգումներից հետո)` խաղացողների այս կամ այն խմբին պատկանելու վերաբերյալ։ Սակայն նա պետք է աշխատի չմատնել իրեն, քանի որ այդ դեպքում «սևերը» կփորձեն վերացնել նրան գիշերվա կամ ցերեկվա ընթացքում, որպեսզի բացառեն հետագա ստուգումների հնարավորությունը։

Շերիֆի դուրս մնալը խաղից դժվարացնում է «կարմիրների» գործը, քանի որ թիմը զրկվում է ինֆորմացիայի միակ հավաստի աղբյուրից։ Սակայն, համաձայն խաղի մարտավարության, եթե խաղը չափից ավելի խճճված բնույթ է ստանում կամ խաղային իրավիճակը դառնում է կրիտիկական (օրինակ՝ 3 «սև» և 4 «կարմիր»), Շերիֆը պետք է «բացվի»` թիմին «չոր» պարտությունից փրկելու համար։ Որպես Շերիֆ կարող է «բացվել» նաև «սև» խաղացող՝ «կարմիրների» թիմին մոլորեցնելու նպատակով։

Եթե Դոնը գիշերային ստուգման ժամանակ բացահայտել է Շերիֆին, ապա պետք է աշխատի «սևերին» հասկացնել այդ մասին՝ չմատնելով իրեն։

«Մաֆ- ակումբ» համակարգում ընդունված խաղի օրենքների ժողովածու խմբագրել

  1. Խաղացողները պետք է գրանցվեն խաղին մասնակցելու համար, որպեսզի դուրս չմնան Խաղավարի կողմից հերթական տասնյակը կազմելիս։
  2. Խաղացողը մտնում է խաղասրահ և խաղասեղանի շուրջը նստելու իրավունք է ստանում միայն խաղացող տասնյակի կազմի հայտարարումից հետո։
  3. Խաղացողը պետք է քաշի իր խաղահամարը։ Այս կետի խախտման դեպքում խաղավարն իրավունք ունի խաղացողին հեռացնել խաղից։ Քաշելով մասնակցի իր խաղահամարը՝ խաղացողն այն հանձնում է ասիստենտին։ Խաղացողն իրավունք չունի փոխանակել իր խաղահամարը այլ խաղացողի հետ։
  4. Խաղացողն անպայման պարտավոր է դիմակ ունենալ։
  5. Խաղի ժամանակ խաղասրահում կարող են գտնվել միայն Նախագահը, Կոնսուլտատիվ խորհրդի անդամները, խաղը վարողը, ասիստենտները և խաղացող տասնյակը։
  6. Խաղացողն իրավունք չունի խաղի ընթացքում օգտագործել «երդվում եմ» բառը, «ազնիվ խոսք» և «ազնվորեն եմ ասում» բառակապակցությունները (ցանկացած լեզվով), ինչպես նաև իրավունք չունի ցանկացած այլ կերպ երդվելու կամ կրոնական թեմայով որևէ արտահայտություն անելու։ Դրա համար վարողը իրավունք ունի խաղից հեռացնել խաղացողին։
  7. Խաղացողն իրավունք չունի արտասանելու «ազնվորեն» բառը՝ ցանկացած դրսևորումով։ Այս խախտման համար խաղացողը ստանում է նախազգուշացում։
  8. Խաղացողը իրավունք չունի ծածուկ նայելու «գիշերվա» ընթացքում։ Այսպիսի խախտում հայտնաբերվելու դեպքում նա հեռացվում է խաղից։
  9. Խաղացողն իրավունք ունի քվեարկության համար առաջարկել միայն մեկ թեկնածություն։
  10. Խաղը վարողը խաղացողից թեկնածություն է ընդունում միայն այն դեպքում, եթե խաղացողն այդ մասին հայտնել է ստորև նշված ձևերից մեկով՝ առաջադրում եմ համար …-ի թեկնածությունը, դնում եմ համար …-ի թեկնածությունը, ընդունեք համար …-ի թեկնածությունը, առաջ եմ քաշում համար …-ի թեկնածությունը
  11. Խաղացողը հնարավորություն ունի քվեարկելու միայն մեկ թեկնածուի համար։
  12. Քվեարկելու ընթացքում խաղացողը պետք է ձեռքով դիպչի սեղանին և պահի ձեռքը սեղանի վրա մինչև քվեարկության ավարտը։ Քվեարկության ավարտը համընկնում է խաղավարի «շնորհակալություն» բառի հետ։ «Շնորհակալություն» բառից հետո կամ դրա հետ միաժամանակ դրված քվեն չի ընդունվում։ Խաղը վարողը քվեն հաշվում է միայն այն դեպքում, երբ խաղացողի ձեռքը դիպել է սեղանին։
  13. Եթե քվեարկության ժամանակ մինչև «շնորհակալություն» բառը խաղացողը ձեռքով դիպչի սեղանին, իսկ հետո վերցնի, ապա անմիջապես կհեռացվի խաղից։
  14. Եթե խաղացողը չի քվեարկել, նրա քվեն գրանցվում է որպես «կողմ» վերջին թեկնածուին։
  15. Քվեարկությունը սկսվում է հեռացվող թեկնածուի համարը հայտարարելու պահից։
  16. «Սև» խաղացողն իրավունք ունի «կրակել» միայն մեկ անգամ։ «Կրակոցը» արդյունավետ է համարվում միայն այդ դեպքում։ Մյուս բոլոր դեպքերում (խաղացողը չի «կրակում» կամ «կրակում է» երկու անգամ) վարողը վրիպում է արձանագրում։ Վրիպում է արձանագրվում նաև այն դեպքում, երբ խաղացողը «կրակում է» վարողի կողմից հայտարարվող համարների միջև։
  17. Խաղացողն իրավունք չունի «գիշերը» դիպչելու կողքի սեղանի մոտ նստած հարևանին կամ ինչ-որ բան ասելու նրան։ Այս կանոնի խախտման դեպքում խաղացողը նախազգուշացում է ստանում։
  18. «Սև» խաղացողներն իրավունք չունեն «կրակել» իրար ձեռք բռնած կամ դիպչել իրար «կրակոցի» ժամանակ։ Այս կանոնի խախտման դեպքում խաղացողներն անմիջապես նախազգուշացում են ստանում (ընդ որում, վարողը չի բարձրաձայնում խաղացողների համարները)։
  19. Թե «կարմիր», թե «սև» խաղացողներն իրավունք չունեն «գիշերը» նշաններով հասկացնելու Շերիֆին և Դոնին, թե ում ստուգեն նրանք։ Այս կանոնի խախտման դեպքում խաղացողները հեռացվում են խաղից։
  20. Խաղացողը «գիշերը» իրավունք չունի երգելու, պարելու, խփելու սեղանին, խոսելու կամ կատարելու այլ՝ խաղացողների «գիշերային» վարքագծի շրջանակների մեջ չմտնող գործողություններ։ Այս խախտման դեպքում խաղացողը նախազգուշացում է ստանում։
  21. Դոնը և Շերիֆը հնարավորություն չունեն ստուգումներ կատարելու առաջին գիշերվա ընթացքում։
  22. Դոնը և Շերիֆը իրավունք ունեն յուրաքանչյուր գիշերվա ընթացքում ստուգելու միայն մեկ խաղացողի։
  23. Խաղացողն իր հերթից դուրս խոսելու իրավունք չունի։ Այս խախտման համար նա նախազգուշացում է ստանում վարողից։
  24. Ցերեկային քննարկման ժամանակ խաղացողն իրավունք ունի խոսել 1 րոպեից ոչ ավելի։ Կանոնակարգը չպահպանելու համար խաղացողը նախազգուշացում է ստանում։
  25. «Ավտովթարի» ժամանակ խաղացողը 30 վայրկյան խոսելու իրավունք ունի։ Կանոնակարգը չպահպանելու համար խաղացողը նախազգուշացում է ստանում։
  26. Վարողի «Գալիս է գիշերը» արտահայտությունից հետո խաղացողը պարտավոր է անմիջապես հագնել դիմակը։ Հապաղելու դեպքում խաղացողը նախազգուշացում է ստանում։
  27. Վարողն իրավունք ունի նախազգուշացնել՝ ա/ էթիկայի նորմերից դուրս վարքագծի համար, բ/ խաղի ընթացքը խանգարող և խաղացողների ուշադրությունը շեղող ավելորդ ժեստիկուլյացիայի համար, գ/այլ խախտումների համար, որոնց աստիճանը որոշում է Վարողը։ Խաղացողի կողմից ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման կամ մեկ այլ խաղացողին վիրավորանք հասցնելու դեպքում տվյալ խաղացողը վարողի որոշմամբ կարող է հեռացվել խաղից։
  28. Երեք անգամ նկատողություն ստացած խաղացողը մեկ փուլի ընթացքում զրկվում է խոսքի իրավունքից։ Եթե խաղացողը երրորդ նախազգուշացումը ստանում է փուլի ընթացքում իր ելույթից հետո, ապա նա զրկվում է հաջորդ փուլում ելույթի իրավունքից։
  29. Երրորդ նախազգուշացում ստացած խաղացողին Վարողը տեղեկացնում է, որ չորրորդ նախազգուշացումը կարող է գնահատվել որպես կանխամտածված (խաղային իրավիճակից կախված)։ Վարողը նախազգուշացնում է մեկ անգամ։ Կանխամտածվածության չափը որոշում է Վարողը։
  30. Վարողն իրավունք ունի կրիտիկական իրավիճակում 30 վայրկյան տալ խոսքից զրկված խաղացողին։ Կրիտիկականության աստիճանը որոշում է Վարողը։
  31. Խոսքից զրկված խաղացողը իրավունք ունի թեկնածություն առաջադրելու։
  32. Մինչև խաղի ավարտը բողոք ներկայացրած խաղացողը հեռացվում է խաղից։
  33. Բողոքը կարող է խաղի ավարտից հետո Վարողի կողմից քննարկման ընդունվել այն դեպքում, եթե տեղի է ունեցել խաղի կանոնների և օրենքների խախտում, ինչպես նաև վիճելի իրավիճակների դեպքում։ Այն դեպքում, եթե Վարողը չի ընդունում բողոքը, բողոքարկողն իրավունք ունի դիմելու ակումբի կոնսուլտատիվ խորհրդին։
  34. Խաղը չեղյալ է համարվում, փոխվում է նրա արդյունքը կամ վերախաղարկվում է այն դեպքում, եթե բողոքարկմանը «կողմ» է քվեարկել բողոքարկող թիմն ամբողջությամբ + մեկ խաղացող հակառակորդ թիմից։
  35. Խաղից դուրս մնացած խաղացողը անմիջապես լքում է խաղասրահը։
  36. Ցանկացած հեռացման դեպքում խաղացողը վերջին խոսքի իրավունք չունի։
  37. Խաղացողն իրավունք չունի՝ դիտավորյալ խախտել խաղի կանոններն ու օրենքները՝ նախազգուշացում ստանալու համար, օգտագործել «Մաֆ-ակումբ» համակարգի օրենքներով արգելված բառեր և արտահայտություններ՝ խաղը ժամանակից շուտ լքելու նպատակով։ Այս կանոնի խախտման դեպքում խաղացողը զրկվում է հաջորդ 10 խաղերին մասնակցելու իրավունքից։

Ակումբի Խորհուրդ խմբագրել

Ակումբի Խորհուրդը ընդհանուր է «Մաֆ-ակումբ» համակարգի մեջ մտնող բոլոր ակումբների համար. այն «Մաֆ-ակումբի» օրենքների, կանոնների և ավանդույթների պահապանն է։ Ակումբի Խորհուրդը «Մաֆ-ակումբ» համակարգի բարձրագույն օրենսդիր օրգանն է։ Խորհրդի ղեկավարը «Մաֆ-ակումբ» համակարգի նախագահն է։ Խորհրդի կազմի մեջ են մտնում Համակարգում գործող ակումբների ղեկավարները, ինչպես նաև Համակարգի գործունեության կայացման և զարգացման գործում խոշոր ներդրում ունեցած անդամները։ Ակումբի խորհրդի կողմից ընդունված կանոններն ու որոշումները պարտադիր են «Մաֆ-ակումբ» համակարգի բոլոր անդամների և ակումբների համար։

Ակումբի Կոնսուլտատիվ Խորհուրդ խմբագրել

Ակումբի Կոնսուլտատիվ Խորհուրդը, ըստ էության, ներակումբային Ակումբի խորհուրդ է, սակայն՝ սահմանափակ հնարավորություններով և իրավասություններով։ Եթե «Մաֆ-ակումբ» համակարգի Ակումբի խորհրդի որոշումները ընդհանուր են բոլոր ակումբների համար, ապա ԱԿԽ-ի փոփոխություններն ու առաջարկությունները վերաբերում են միայն տվյալ ակումբին։

  1. Ակումբի Կոնսուլտատիվ Խորհուրդն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ Ակումբի անդամների շրջանակում։
  2. Ակումբի Կոնսուլտատիվ Խորհուրդն ընտրվում է Ակումբի գործող անդամներից։
  3. Ակումբի Կոնսուլտատիվ Խորհուրդը պետք է կազմված լինի երեքից հինգ անդամից (կախված Ակումբի անդամների թվաքանակից)։
  4. Ակումբի Կոնսուլտատիվ Խորհրդի անդամները պարտավոր են առնվազն երկու ամիսը մեկ անգամ հավաքվել նիստի՝ Ակումբի նախագահի գլխավորությամբ։ Կոնսուլտատիվ Խորհրդի լրացուցիչ նիստերի համար Ակումբի ղեկավարությունը տրամադրում է խաղասրահը յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերը, ժամը 19:00 -ից մինչև 20:00-ը։
  5. Կոնսուլտատիվ Խորհրդի անդամները ընտրվում են մեկ տարի ժամկետով։ Այդ ժամկետի ավարտից հետո Ակումբի անդամների շրջանում անցկացվում է հանրաքվե Կոնսուլտատիվ Խորհրդի կազմի վերընտրման հարցով։ Եթե Ակումբի անդամների 50 տոկոսից ավելին «կողմ» է արտահայտվում՝ Կոնսուլտատիվ Խորհուրդը վերընտրվում է։ Հեռացումը Կոնսուլտատիվ Խորհրդի շարքերից հնարավոր է երկու դեպքում. ա/ Կոնսուլտատիվ Խորհրդի նիստերից հաճախակի (անհարգելի պատճառով) բացակայությունների, բ/ Կոնսուլտատիվ Խորհրդի անդամի կողմից Ակումբի օրենքների, կանոնների և ավանդույթների խախման։ Կոնսուլտատիվ Խորհրդից հեռացված անդամն իրավունք ունի բողոքարկելու Կոնսուլտատիվ Խորհրդի անդամների մեծամասնության վճիռը՝ վճռափոխության գանգատ ներկայացնելով Ակումբի Խորհրդին։
  6. Կոնսուլտատիվ Խորհրդի անդամներն իրավունք ունեն.ա/ Ակումբի Խորհրդի / Նախագահի քննարկմանը ներկայացնել փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ Ակումբի կարգի ու կանոնների վերաբերյալ։ բ/ հարց բարձրացնել Ակումբի այս կամ այն անդամի անդամակցության նպատակահարմարության մասին՝ կապված Ակումբի օրենքների, կանոնների և ավանդույթների կոպիտ խախտումների հետ։

Ակումբի Խորհուրդը պարտավոր է քննարկել Կոնսուլտատիվ Խորհրդի ներկայացրած առաջարկները երկու շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետում՝ ըստ առաջարկի լրջության։

Անդամակցություն խմբագրել

1998 թվականի փետրվարի 13-ից «Մաֆ-ակումբը» փակ ակումբ է, ուր այցելելու իրավունք ունեն միայն անդամության Քարտ ունեցող անձինք և նրանց հյուրերը։ Ակումբում գործում են Ոսկե, Արծաթե և Ակումբային Քարտեր։ Քարտերն անվանական են՝ առանց այլ անձին փոխանցելու իրավունքի։ Ձեր Քարտը գործում է «Մաֆ-ակումբ» համակարգի բոլոր ակումբներում։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ունի իր գրանցումը (այսինքն՝ Ակումբը)։ «Մաֆ-ակումբ» համակարգի անդամության հետ կապված բոլոր հարցերը կարգավորում է Ակումբի Խորհուրդը, որը «Մաֆ-ակումբ» համակարգի բարձրագույն օրենսդիր օրգանն է։

Ոսկե Քարտ խմբագրել

Ոսկե Քարտի տերն իրավունք ունի արտահերթ մասնակցելու բոլոր խաղերին։ Ոսկե Քարտի տերն իրավունք ունի ակումբ հրավիրել երկու հյուրի, որոնցից յուրաքանչյուրը կարող է երեկոյի ընթացքում 1 անգամ նստել խաղասեղանի շուրջը։

Արծաթե Քարտ խմբագրել

Արծաթե Քարտի տերն իրավունք ունի մասնակցելու բոլոր խաղերին՝ ըստ սահմանված հերթի։ Արծաթե Քարտի տերն իրավունք ունի ակումբ հրավիրել մեկ հյուրի, որը կարող է երեկոյի ընթացքում 1 անգամ նստել խաղասեղանի շուրջը։

Ակումբային Քարտ խմբագրել

Ակումբային Քարտի տերն իրավունք ունի մասնակցելու խաղերին՝ ըստ Վարողի հայեցողության։ Ակումբային Քարտատերերի վարկանիշը չի հաշվարկվում։ 1 ամիս անցնելուց հետո տվյալ Քարտատերը կարող է դիմել ակումբի ղեկավարությանը՝ ակումբի անդամների շարքն ընդունվելու խնդրանքով։

Ակումբի կանոնները խմբագրել

Ակումբի հյուրը կարող է խաղին մասնակցելու թույլտվություն ստանալ միայն նրան հրավիրող Համակարգի անդամի երաշխավորումից հետո, վերջինս իր հերթին պարտավոր է երաշխավորել հյուրի՝ Խաղի կանոնների և Ակումբի օրենքների իմացությունը։ Ակումբի հյուրերն իրավունք ունեն նստելու խաղասեղանի շուրջը և մասնակցելու որոշակի քանակով խաղերի, ինչը որոշվում է նրան հրավիրած «Մաֆ-ակումբ» համակարգի անդամի կարգավիճակով (ոսկե կամ արծաթե քարտ)։

Այդ քանակը կարելի է ավելացնել Ակումբային քարտ ձեռք բերելու միջոցով։ Հյուրը կարող է ձեռք բերել Ակումբային քարտ առաջին այցելության օրվանից մեկ ամիս անց, եթե նա ակումբում ներկա է եղել ակումբային օրերի մեծ մասին։

Ակումբային քարտ ձեռք բերելուց մեկ ամիս անց քարտատիրոջը հնարավորություն է ընձեռվում անցնելու անդամ դառնալու ընթացակարգը և դառնալու «Մաֆ-ակումբ» համակարգի լիիրավ անդամ։

«Մաֆ-ակումբ» համակարգի անդամ դառնալու ընթացակարգը խմբագրել

Հաշվի առնելով խաղի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ «Մաֆ-ակումբ» համակարգում մշակվել և վաճառքի համար թողարկվել է «Մաֆիա» խաղի սեղանի հավաքածուն, որի մեջ ներառված են խաղի անցկացման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ պարագաները՝

  1. համարիկներ, որոնց միջոցով անցկացվող վիճակահանությամբ որոշվում են խաղացողների տեղերը խաղասեղանի շուրջը։ Դրանք տեղադրվում են խաղասեղանին՝ յուրաքանչյուր խաղացողի դիմաց (10 հատ),
  2. համապատասխան խաղաթղթերի հավաքածու, որի օգնությամբ որոշվում է խաղացողների կարգավիճակը (1 հավաքածու),
  3. դիմակներ (10 հատ),
  4. գրքույկ՝ խաղի կանոնների համառոտ նկարագրությամբ, 3 լեզվով (1 հատ),
  5. խաղասեղանի սխեման (1 հատ)։

Հեռուստատսային տարբերակ`«Կարմիր, թե սև» խմբագրել

«Կարմիր, թե սև»-ը ինտելեկտուալ-ժամանցային խմբային խաղ է, որին մասնակցում է տասը խաղացող, իսկ խաղի ընթացքին հետևում և փուլերը կանոնակարգում է խաղավարը։ Ստեղծվել է 2009 թվականին Խաղի սկզբում մասնակիցները բաժանվում են երկու խմբի՝ «կարմիրների» և «սևերի»։ Այնուհետև, առաջին խմբի խնդիրն է բացահայտել երկրորդ խմբի անդամներին ( և հակառակը) և նրանց դուրս հանել խաղից։ Իսկ այն նրբերանգները, որոնք խաղը դարձնում են դիտարժան, վառ ու գրավիչ, կարելի է հասկանալ և գնահատել՝ դիտելով հեռուստանախագծի հաղորդումները։

Աղբյուրներ խմբագրել