Մարաշի ճեմարան (ակադեմիա), հիմնադրվել է 1891 թվականին, Թուրքիայի Մարաշ քաղաքում, միսիոներ Թովմաս Դեյվիտսըն Քրիստի նախաձեռնությամբ, ավետարանական երեք եկեղեցիների նյութական աջակցությամբ։

Ճեմարանի նպատակն էր պատրաստել ուսանողներ Այնթապի Թուրքիո Կեդրոնական կոլեջի առաջին կարգի համար։ Դասավանդվել են հայերեն, թուրքերեն, անգլերեն, ընդհանուր և ազգային պատմություն, հանրահաշիվ, գիտական ուսմանց նախատարերք, երգ, երաժշտություն, ճարտասանություն, կրոն։ Սովորում էին թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ։ 1893-1895 թվականներին ճեմարանը տվել է 82 շրջանավարտ։ Ուսումնառել են նշանավոր հայ մտավորականներ Ա. Հայկազյանը, Գ. Գալուստյանը, Հ. Քեշիշյանը, Ն. Զեյթունցյանը, դասավանդել են Ա. Շիրաճյանը, Լ. Ալճյանը, Հ. Չիլինկիրյանը, Ե. Պեհեսնիլյանը (Քասունի), Լ. Միլիտոնյանը, Ս. Սամվելյանը և ուրիշներ։ 1910 թվականին Մարաշի ճեմարանը միացվել է 1880 թվականին հիմնված Ազգային կեդրոնական վարժարանին և վերանվանվել Միացյալ կեդրոնական վարժարան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 298