Տիգրան Հարությունի Չիթունի (Չիթչյան, Չթչյան) (1881, ապրիլի 22, Վան — 1960, հոկտեմբերի 19, Փարիզ), հայ բանահավաք-բանասեր, գրող։

խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Վանի Մ․ Անանյան և Հիսուսյան վարժարաններում։ 1898-ին ավարտել է Երամյան բարձրագույն վարժարանը։ 3 տարի ուսանել է Կարինի Սանասարյան դպրոցում։ 1910-ին հաստատվել է Կ․ Պոլսում, հիմնել «Հայագիտում» հրատարակչությունը։ 1940-ական թթ․ սկզբին տեղափոխվել է Փարիզ։ Աշխատակցել է Կ․ Պոլսի և սփյուռքահայ պարբերականներին։ Փոխադրել և հրատարակել է «Լեյլի Մեջնուն» (1911) հայ-քրդական սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գրքույկը։ Ազգագրական-բանահյուսական աշխատություններից առավել ուշագրավ է տոհմիկ՝ խաղերի և ժամանցների «Արևելյան խաղաշխարհ» (հ․ 1-2, 1919, Հ․ Իզմիրյան մրցանակ, 1907) ժողովածուն։ Սպարկերտցի և կառկառցի բանասացներից գրի է առել «Սասնա ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակված տարբերակների հետ և հրատարակել «Սասունական» (հ․ 1, 1942) խորագրով։ Մամուլում հանդես է եկել Վրույր, Ես, Հեռագետ, Այգեցի, Շեմիր և այլ ծածկանուններով։ Չիթունուց Վանի ժողովրդական երգեր է գրի առել Կոմիտասը։