Մարսիա Քլարկը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ալամիդա քաղաքում ՝ ուղղափառ հրեական ընտանիքում։ Մարսիան ունի նաև իրենից 6 տարով փոքր  եղբայր, ով ինժեներ է: Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը հաճախ է տեղից տեղ տեղափոխվել: Տարբեր ժամանակաշրջաններում Քլարկները ապրել են Կալիֆոռնիա, Նյու Յորք, Միչիգան և Մերիլենդ նահանգներում ։

Քլարկը ավարտել է Սյուզան է.Վագների անվան ավագ դպրոցը (Սթաթեն Այլենդ, Նյու Յորք) ։ 1976 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը քաղաքական գիտությունների աստիճանով, այնուհետև Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցում ստացել է դոկտորի կոչում:

1979 թվականին Քլարկն ընդունվել է Կալիֆոռնիայի փաստաբանների միություն: 1981 թվականին դարձել է դատախազ: Մինչ այդ երկու տարի զբաղվել է մասնավոր պրակտիկայով և աշխատել որպես հանրային պաշտպան Լոս Անջելեսում: Հետագա տարիներին աշխատել է որպես Լոս Անջելես շրջանի շրջանային դատախազի տեղակալ. այս ժամանակահատվածում նրա ուսուցիչը դատախազ Հարվի Գիսն էր:

1991 թվականին Քլարկը դատախազ է եղել Ռոբերտ Ջոն Բարդոյի դատավարության ժամանակ, որը մեղադրվում էր դերասանուհի Ռեբեկա Շեֆերի սպանության մեջ ։ Քլարկին առավել մեծ ճանաչում է բերել ֆուտբոլիստ և դերասան Օ. Ջեյ Սիմփսոնի գործը, ով 1995թ. մեղադրվում էր իր կնոջ ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի եւ նրա ընկեր Ռոն Գոլդմանի սպանության մեջ, այդ գործով գլխավոր դատախազը Մարսիան էր: Սրա հետ կապված Քլարկի գործունեությունը ոչ միանշանակ գնահատական է ստացել, մասնավորապես, Վինսենթ Բուգլիոզին իր «Վրդովմունք. Հինգ պատճառ, թե ինչու են արդարացրել Օ. Ջեյ Սիմփսոնին» գրքում ուղղակիորեն մեղադրում է նրան ոչ կոմպետենտության մեջ:

Դատավարության ողջ ընթացքում Քլարկը վայելում էր լրատվամիջոցների զգալի ուշադրությունը: Սկզբում լրագրողները նրան նկարագրել են որպես «հումորի զգացումից զուրկ, նույնիսկ չար», իսկ նրանցից մեկը նրան խորհուրդ է տվել «ավելի մեղմ խոսել, հագնվել ոչ շատ խիստ» : Արդյունքում Քլարկը սանրվածքը փոխեց՝դարձնելով այն գանգուր, ինչը բարելավեց լրատվամիջոցների վերաբերմունքը նրա նկատմամբ: Լոս Անջելես Թայմսը գրել է, որ նոր կերպարում Նա կարծես Սիգուրնի Ուիվերն է, միայն ավելի պրոֆեսիոնալ: Ըստ Նյու Յորք Թայմսի. «կերպարի փոփոխությունն այնքան էլ հարթ չի անցել։ Երբեմն տիկին Քլարկը տատանվում է հին ու նոր կերպարների միջև ՝ կրկին դառնալով ֆորմալ ու դաժան»: Քլարկն ինքն անձամբ Սիմփսոնի գործի և իր անձի նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունն անվանել է   «դատական դժոխք», իսկ լրատվամիջոցներում  իր հայտնիությունը բնութագրել է որպես «սարսափելի ձևով ստացված»:

Օ. Ջեյ Սիմփսոնի գործից հետո Մարսիա Քլարկը դադարեցրել է իրավաբանական գործունեությունը: