«Խաչբուռ»


բնության և տնտեսության զարգացման մասին պատկերացումներ, ժողովրդական տոներ


Հացահատիկի հասունացման շրջանում հասկերից հյուսվող կանացիակերպ կամ խաչաձև, ծառաձև պատկերներ, որոնք պարունակում էին հացահատիկի պաշտամունքի դրսևորումներ և հացահատիկի հասկերի օգտագործման միջոցով` հացահատիկը հովանավորող ուժերին զոհաբերության խորհուրդը: Վարդավառին կամ Աստվածածնի տոնին նվիրաբերվում էին եկեղեցիներին: Օգտագործվում էին (են) որպես հացահատիկի շտեմարանների պահպանակներ, որպես տան զարդ: Խաչբուռը Վարդավառ տոնի խորհրդանշաններից մեկն է: Հնձվորներն արտերում հունձն սկսելուց առաջ խաչբուռներ էին հյուսում, որոնք հիշեցնում էին կնոջ արտաքինը, և նվիրում իրենց արտատերերին: Խաչբուռ ստացած տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ, դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա և պահում մինչև հաջորդ Վարդավառ: Խաչբուռների կարելի է հանդիպել առանձին ընտանիքների պատերին փակցրած, երբեմն նաև` գյուղական գրասենյակներում: Նախնական գործառույթները եղել են տարբեր՝

1) նախաքրիստոնեական պաշտամունքների «ծպտված» շարունակություն.

2) հացահատիկի աճի վրա «ազդելու» միտում.

3) ընտանիքի բարեկեցության ապահովում.

4) ժողովրդական մշակույթի ժառանգորդում:


Վկայված է վաղ միջնադարից: Առաջին գրավոր հիշատակությունն Ագաթանգեղոսինն է, բայց պատկերային և կիրառական նմուշները գրանցվել են 19-րդ դարից և 20-րդ դարի ընթացքում: Որոշ հետազոտողներ խաչբուռի մեջ տեսնում են բերքի հովանավոր Անահիտ աստվածուհու ծպտված կերպարը և նրա պաշտամունքի թաքուն պահպանվածությունը հայերի կենցաղում:


Պահպանվել է միայն գյուղական բնակչության միջավայրում:


https://movsisyannune.com/2012/07/12/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A5%D6%80%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5-%D5%B4%D5%A5%D5%A6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC%D5%AB-%D5%BF/

Վարդեւորը հասել ա. խաչբուռ խմբագրել

Опубликовано 12 июля, 2012 автором Նունե Ռուբիկի Մովսիսյան

Ըստ « Բառգիրք հայերէն լեզուի» (Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ) խաչբուռը խաչաձև փունջ է` կազմված ցորենի հասկերից:

Վարդավառին մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու մորեխներից, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն…»։

Հայերի մեջ հրաշալի ավանդություն կար խաչբուռի հետ կապված: Հայ գյուղացին հավատում էր, որ ցորենի ու գարու արտերի մեջ ապրում էր Արտի Ոգին, ով հսկում էր արտն ու բարիքը:

Հնձվորները արտերում հունձը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո ցորենի հասկերից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր` «խաչբուռներ» էին պատրաստում և նվիրում իրենց արտատերերին:

Ու, երբ գալիս էր արտը նորից ցանելու ժամանակը, հայը իջեցնում էր խաչբուռը պատից, ձեռքով փշրում, խառնում սերմացու ցորենին` Արտի Ոգուն նորից վերադարձնելով արտին:

Խաչբուռը կամ խաչփունջը, հյուսվել է ցորենի հասած արտից հնձած  առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը:

Ըստ մասնագետների,  այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ. հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով, և վերջապես կենաց ծառի տեսքով ու գաղափարով: Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին:

Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր (հատկապես «վրթիվեր» դեղին ծաղիկի) և գիշերը գաղտնի նետում հարազատների կան հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին գեղեցիկ փնջեր` խաչբուռեր: Հաջորդ օրը` բուն Վարդավառի առավոտյան սկսվում էր «ծաղկափայի» հավաքը. խաչ-փնջեր բաժանած աղջիկները տնետուն էին շրջում և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում զանազան անուշեղեններ, կաթնամթերք, ձու, և այլն, որոնցով իրենց աղջկական խնջույքներն էին կազմակերպում:

Հատուկ պատրաստություն էին տեսնում նաև նշանված աղջիկները: Խաչ-փնջերից նրանք «կսկարանք» էին պատրաստում և ընկերուհիների միջոցով ուղարկում նշանածի ընտանիքին: Նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին աճեցնում: Վարդավառի օրը ածիկի մեջ ամրացնում էին խաչաձև փայտ`«խնդում»,  որն էլ զարդարում էին մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով և շուրջը պարում:

Խաչ-փնջեր և խաչբուռ ստացած տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ` դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա և պահում մինչև հաջորդ Վարդավառ:

Աղբյուրը`  Հրանուշ Խառատյան,  «Հայ ժողովրդական տոներ», Լուսիկ Ագուլեցի


Դանիել Վարուժան, «Խաչբուռ»

Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:

Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր,

Փեթակներուս մեղրամոմերը դեղձան

Լույս ու արցունք են հոսեր:

Դո՛ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս`

Որոնց տըվիր անմահությունը դրախտի.

Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը` Արշալույս,

Որ խըրճիթիս կը ժըպտի:

Դո՛ւն, Խաչաբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,

Ընդունե՛, Մա՜յր: Բյուր հասկերուս մեջ ասոնք

Կը նազեին կույսերու պես շիկահեր,

Արևահե՛ղց և ատո՛ք:Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,

Լուսնեն հնձված ճառագայթի պես` ինկա՜ն:

Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով`

Անոնց շարքերը լըման:

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,

Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`

Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,

Մեր ակոսներն են խըմեր:

Իր հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի:

Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,

Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,

Պաղատանքն իմ թոռներուն:

Մա՛յր, Խաչաբուռն այս օրհնե՜. և տուր արտերուս

Ամառն` ոսկի, ինչպես գարունը` մարգրիտ.

Որքան ամբարքըս լի ըլլան` ջահեր լույս

Պիտի տան խորանիդ:

Ըրե այնպես` որ – նման հի՜ն օրերուն–

Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես`

Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ` այլ սարսռուն

Կակաչներ` մեր սըրտին պես:


http://ragmamoul.net/hy/news-in-english/articles-interviews/2017/06/20/%D5%AD%D5%A1%D5%B9%D6%84%D5%A1%D6%80-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A2%D5%A1%D5%BC-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A2%D5%B8%D6%82%D5%BC-%D5%A5%D6%82-%D5%AD%D5%A5%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%BC-%D5%A2/

Խաչքար, Խաչբառ, Խաչբուռ Եւ Խեչափառ Բ. խմբագրել

20.06.2017   07:55

*ԼԵՒՈՆ ՇԱՌՈՅԵԱՆ*


 Ի՞նչ է խաչբուռը։

 Խաչբուռը ցորենի հասկերով հիւսուած խաչաձեւ կամ ծառաձեւ փունջն է, զոր Վարդավառի տօնին հնձուոր հայ կիները կը շինէին իբրեւ «հունձքերու նախընծայ»։ Հիւսուածքը կը տանէին եկեղեցի, զայն օրհնել կու տային քահանային, յետոյ կը դնէին իրենց ցորենի կամ ալիւրի ամբարներուն մէջ, պարկերուն վրայ, կամ կը կախէին պատէն, իբրեւ առատութեան ու օրհնութեան նշան։ Յաջորդ եղանակին, երբ արտը նորէն ցանելու ժամը հասնէր, խաչբուռները կը փշրէին, կը խառնէին սերմնացու ցորենին…։ Ճի՛շդ այնպէս՝ ինչպէս մեր եկեղեցին աւանդաբար հին միւռոնէն սրուակ մը կը պարպէ նոր պատրաստուած միւռոնին մէջ, եօթը տարին անգամ մը կատարուող միւռոնօրհնէքի վեհաշուք արարողութեան ընթացքին։

  Արեւմտահայ գիւղը կորսուեցա՜ւ՝ իր հետ տանելով նաեւ մեր գեղջկական անհամար աւանդութիւնները։ Ու այդ աւանդութիւններուն հետ՝ մոռացութեան տրուեցան նաեւ բազմաթիւ գեղեցիկ բառեր, թերեւս ամբողջ բառամթերք մը։ Այդ բառերէն մէկն ալ «խաչբուռ»ն է։

  Բառը կազմուած է «խաչ» եւ «բուռ» արմատ բառերով։ «Բուռ» կը նշանակէ ձեռքին ափը։ Եւ որովհետեւ խաչբուռը հազիւ բուռ մը լեցնող նախախայրիք հասկերով կը հիւսուէր, ուստի՝ կազմուեր է «խաչբուռ» բառը։

  Հոս եւս, անմիջապէս, պարտք կը սեպեմ դանդաղիլ այս եւ նմանատիպ բառերու յոգնակիին վրայ.- Եթէ միավանկ բաղադրիչով վերջացող բարդ գոյականի մը այդ երկրորդ բաղադրիչը բան մը ընողի, բան մը ունեցողի, բան մը եղողի կամ կացութեան մը մէջ գտնուողի  գաղափարը կ՛արտայայտէ, յոգնակին կը կազմենք ներ-ով։ Օրինակ՝ մսակերներ, երկրաչափներ, դերբայներ (բան մը ընող), միավանկներ, սեւամորթներ (բան մը ունեցող) եւ այլն։ Նոյն ձեւով՝ «խաչբուռներ»։  

   «Խաչբուռ» բառը, կ՛ենթադրեմ որ մեր լեզուին, բայց մանաւանդ մեր գրականութեան մէջ փառաւորապէս մուտք գործեց նահատակ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի միջոցաւ։

  Արդարեւ, Վարուժանի վերջին հատորին՝ յետմահու հրատարակուած «Հացին երգը»ին մէջ է,  որ կը հանդիպինք «Խաչբուռ» խորագրեալ բանաստեղծութեան, եւ ուր, ժողովածուին միւս քերթուածներուն նման, փառաբանանքը կ՛ըլլայ ցորեանի արտերուն. օրհնութիւններ կը տեղան բոլոր այն մշակներուն վրայ, որոնք կը պատրաստեն մեր սեղանին դրուած հացին նախանիւթերը։  

 Վարուժան, զմայլելի տողերով, իր խաչբուռները կը նուիրէ Աստուածամօր սեղանին.

Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:

Զոհագործէ՛ սեղանիդ վրայ՝ ուր, դարե՜ր,

Փեթակներուս մեղրամոմերը դեղձան

Լոյս ու արցունք են հոսեր:

Դո՛ւն, Խաչբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հիւսէր,

Ընդունէ՛, Մա՜յր: Բիւր հասկերուս մէջ ասոնք

Կը նազէին կոյսերու պէս շիկահեր,

Արեւահե՛ղց եւ ատո՛ք:

Մա՛յր, Խաչբուռն այս օրհնէ՜. եւ տուր արտերուս

Ամառն՝ ոսկի, ինչպէս գարունը՝ մարգրիտ.

Որքան ամբարքըս լի ըլլան՝ ջահեր լոյս

Պիտի տան քու խորանիդ:

  Բայց սա «խաչբուռ» բառը Վարուժանէն առաջ գործածուա՞ծ էր միթէ։

  Մխիթարեան երից վարդապետաց նշանաւոր «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր կոթողային բառարանը, որ լոյս ընծայուած է Վենետիկ, 1836-37, չունի այս բառը։ Նոյնիսկ Մալխասեանի քառահատոր բառարանը (1944-45) չունի զայն։ Մինչ Աճառեան, իր «Արմատական  բառարան»ին մէջ «խաչբուռ»ը կը յիշատակէ իբրեւ «նոր բառ» մը։ Իսկ անդին, Էդ. Աղայեան, իր «Արդի հայերէնի բացատրական բառարան»ին մէջ (Երեւան, 1976), «խաչբուռ»ը կը մեկնաբանէ որպէս «խաչահամբոյր» բառին աղաւաղեալ մէկ տարբերակը, այսինքն՝ որպէս դրամական այն նուէրը, որ քահանային կը տրուէր իբրեւ խաչը համբուրելու վարձք…։

  Աղայեան ինչո՞ւ կատարեր է այսպիսի բռնազբօսիկ մեկնութիւն մը։ Ան առիթ չէ՞ր ունեցած թերթատելու Վարուժանի «Հացին երգը»ն…։

  Չեմ մոռնար որ «Խաչբուռ»ը նա՛եւ պարբերաթերթի մը անունն է։ 1946-49, Հալէպի Հայ Աւետ. Բեթէլ վարժարանի ուսանողները, հաւանաբար Վարուժանի «Խաչբուռ»էն ներշնչուելով, կը հրատարակեն աշակերտական նոյնանուն պարբերական մը, հոն մէկտեղելով իրենց շարադրական ու գրական փորձերը։ Այս «Խաչբուռ»էն լոյս կ՛ընծայուին 8 թիւեր։ Թերթը այնուհետեւ կը դադրի։


https://marinemkrtchyan.wordpress.com/2017/07/25/%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A2%D5%B8%D6%82%D5%BC-2/


Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի ` խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում:

Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն: «Խաչբուռը» պատրաստում էին հետևյալ կերպ. վերցնում էին մի քանի ցորենի հասկ ցողունով, կազմում փոքրիկ փունջ: Թելն ամուր պտտում էին փնջի ցողունի մասով, ստացվում էր ցորենի հասկերից կազմած փոքրիկ ծաղկեփունջ: Մի քանի այդպիսի փնջերը վարպետորեն իրար միացնելով պատրաստում էին իրենց ուզած «Խաչբուռը»: Աղջիկներն էլ մոտավորապես նույնն (Տավուշում) անում էին ծաղիկներով: Տոնի նախորդ օրը ամբողջ ցերեկը շրջում էին դաշտերում, բազմագույն, հատկապես «վարթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձև փնջեր անում և գիշերը գաղտնի նետում իրենց թաղեկիցների կամ հարազատների բակը: Իսկ նշանված աղջիկները մի քանի այդպիսի խաչ-փնջերից «կսկրանք» էին պատրաստում (օջախին դրվող եռոտանու նման)  և ուղարկում նշանածի ընտանիքին: «Խաչբուռ», «կսկրանք», «խաչ-փունջ» ստացող տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ, դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա: Հաջորդ օրը` բուն Վարդավառի առավոտյան, խաչ-փնջեր բաժանած աղջիկները տնետուն էին շրջում և ծաղկափայ հավաքում` զանազան կաթնամթերք, ձու, անուշեղեն և այլն: Որոշ տեղերում ծաղկախաչերով զարդարում էին կենդանիների վիզը, կոտոշը, ճակատը և պտտում` նույնպես առատորեն ստանալով իրենց բաժինը: