Մասնակից:Shushanna Galstyan/Իրանի իսլամական հեղափոխության գաղափարախոսության արտահանման փորձը Բահրեյն

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ  ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈւԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՀՐԵՅՆ խմբագրել

Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի Իսլամական հանրապետության հռչակումից անմիջապես հետո, Իրանի աստվածապետական ղեկավարությունը սկսեց իրականացնել «իսլամական հեղափոխության արտահանման» փորձեր Պարսից ծոցի երկրներ: Պատմականորեն Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև ձևավորվել էին մրցակցային հարաբերություններ՝ տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալու համար:

Հաշվի առնելով նաև Պարսից ծոցի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, որն առաջին հերթին բխում է ածխածնաջրածնային հումքի հսկայական պաշարներից, այն համարվում է համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր քաղաքական տարածք:

Իսլամական հեղափոխության գաղափարախոսության արտահանման ուղիները խմբագրել

1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանում Պարսից ծոցի մի շարք երկրների ազգայնական շարժումների վերելքին նպաստող կարևոր գործոն դարձավ: Իսլամական հեղափոխությունը փիլիսոփայական-գաղափարական շարժում էր, որն իր մեջ կրում էր մի շարք սկզբունքներ՝ իսլամական աշխարհում Իրանի իշխող դերը, մրցակցությունը սուննիական ղեկավարների հետ, իսլամական հեղափոխության արտահանումը: Իրանի Իսլամական հեղափոխության դերը և ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում կարևոր նշանակություն ունի: Միևնույն ժամանակ տարածաշրջանում իր դիրքը կախված է հարևան արաբական պետությունների հետ ունեցած իր փոխհարաբերություններով[1]:

Իրանական պաշտոնական շրջանակները մեկնաբանում էին այդ գաղափարախոսությունը որպես «մշակութային հեղափոխություն», որը տարածվում էր խաղաղ ճանապարհով: Իրանի արտաքին քաղաքականությունը հետևում էր երկու սկզբունքի՝ անկախություն գերտերություններից և իսլամը որպես այլընտրանքային երրորդ ճանապարհ մարքսիզմից և կապիտալիզմից հետո:

Արևմուտքի դեմ պայքարը դարձել էր Իրանի համար կյանքի և մահվան հարց, և պայքարի միակ միջոցն ավելի հզոր, ունիվերսալ և գրավիչ գաղափարախոսություն առաջարկելն էր[2]:

Իրանի իշխանությունները գտնում էին, որ իրենց երկիրն իսլամին և իսլամական իրավակարգին վերաբերող ամեն ինչով պետք է օրինակ ծառայի մյուս պետությունների համար: Սակայն Իրանում առկա էին մի շարք տարաձայնություններ «իսլամական հեղափոխության արտահանման» մեթոդների հետ կապված: Պետական հաստատությունները, որոնք անմիջական շփում ունեին մյուս պետությունների կառավարությունների հետ «փափուկ ուժի»՝ ԶԼՄ-ների, կրթության, գիտական և մշակութային կապերի կողմնակից էին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր գաղափարախոսությունը տարածելու ուժային մեթոդների կողմնակից էր: Իրանում «իսլամական հեղափոխության արտահանման» հիմնական ջատագովը ԻՀՊԿ-ն էր, որի գործունեությունը առավել ակտիվ արտահայտված էր Լիբանանում: ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները և ստորաբաժանումները, որոնք պատասխանատու էին Պարսից ծոցում կատարվող գաղտնի գործողությունների համար, համագործակցում էին իրանական կառավարության կոշտ քաղաքականության կողմնակիցների հետ:

Իրանը պնդում էր, որ իր գաղափարախոսությունը դավանաբանական չէ, այսպիսով մերժում էր այն քննադատներին, որոնք պնդում էին, որ Իրանն աջակցում է միայն շիայական շարժումներին[3]:

Իրանի ղեկավարները ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանումը Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանին վախեցնելու մտադրություն էին համարում՝ Իրանի վարած քաղաքականությամբ պայմանավորված[4]:

Բահրեյնի շիայական բնակչության պայքարը սուննիական իշխանության դեմ խմբագրել

Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը հսկայական ազդեցություն ունեցավ Բահրեյնում տիրող քաղաքական իրավիճակի վրա: Բահրեյնի շիայական համայնքում արաբական ազգայնական կամ մարքսիստական գաղափարախոսությունը կրող կազմակերպություններին փոխարինելու եկան իսլամական ուղղվածությամբ կազմակերպությունները: 1979 թվականին ձևավորվեց Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատը[5]: Պատմականորեն ձևավորվել է այնպես, որ Բահրեյնի շիական համայնքը կազմում է երկրի բնակչության մեծամասնությունը (ավելի քան 60%-ը):

Իրանում իսլամական հեղափոխությանը զուգընթաց բահրեյնական ընդդիմության հոգևոր առաջնորդները սկսեցին անդադար գաղափարական աշխատանք տանել տեղի շիայական բնակչության հետ՝ կենտրոնացնելով ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրների վրա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1979 թվականին Այաթոլլահ Խոմեյնին Բահրեյն ուղարկեց իր անձնական ներկայացուցիչ, շիա աստվածաբան Խադի ալ-Մուդարրիսիին, որը Բահրեյնի փրկությունը սուննիական լծից իր սրբազան պարտքն էր համարում: Իրանում այդ ժամանակ իր ղեկավարությամբ գործում էր «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատը»: «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատի» կողմից Բահրեյնի մայրաքաղաք Մանամում ցույցեր կազմակերպվեցին: Երկամսյա ուղևորության ժամանակ նրան ուղեկցում էր հոգևորական Այաթոլլահ Սադեղ Ռոուհանին:  Շուտով Սադեղ Ռոուհանին և Խադի ալ-Մուդարրիսիին արտաքսվեցին երկրից: Իրանի ԱԳՆ-ը ամբողջությամբ հերքեց Սադեղ Ռոուհանիի և Խադի ալ-Մուդարրիսիի հայտարարությունները՝ հայտնելով, որ վերջիններիս խոսքերը Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը չեն արտահայտում[6]:  

1981 թվականի դեկտեմբերին Բահրեյնում պետական հեղաշրջման փորձ կատարվեց, որը ցնցեց ողջ երկիրը: Ըստ պաշտոնական տվյալների նրանք մտադիր էին գրավել հիմնական կառավարական հաստատությունները, ռադիոն և հեռուստատեսությունը: 1981 թվականի պետական հեղաշրջման փորձերից հետո, անգամ շիայական ծայրահեղական խմբավորումների բռնաճնշումների ենթարկվելը երկրում վիճակը չկայունացրեց: Նորացան այն տագնապները, որ Իրանն ընտրել է Բահրեյնը թիրախ որպեսզի իրականացնի իսլամական հեղափոխության արտահանումը: Բահրեյնական դատախազությունն ապացույցներ ներկայացրեց, որ զենքերի հիմնական մասը ստացվել է Իրանից, որի արդյունքում Բահրեյնը հետ կանչեց Իրանից իր դեսպանին[7]:

Իրանն ինչպես նախկինում, այժմ էլ ամբողջությամբ հերքում էր իր մասնակցությունը տեղի ունեցած իրադարձություններին: Սաուդյան Արաբիան այդ ամենում Պարսից ծոցի պետությունների դեմ դավադրություն էր տեսնում, ուստի 1981 թվականի դեկտեմբերին Բահրեյնի և 1982 թվականի փետրվարին ԱՄԷ-ի, Քաթարի, Օմանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմանի համաձայնագրեր կնքեց[8]:

1990-1991 թվականներին Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմից հետո «Հզբոլլահ» լիբանանյան խմբավորումը սկսեց մշակել Բահրեյնում իր մասնաճյուղի ներդրման պլանը: Բահրեյնական պաշտոնական իշխանությունները այդ պլանը կապում էին Իրանի գործունեության հետ, քանի որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» սերտ կապեր ուներ «Հզբոլլահի» հետ:  

Շիաները Բահրեյնում հանրապետական վարչակարգ հաստատելուց բացի, ցանկանում էին վերադարձնել խորհրդարանը (Ազգային ժողով), որը 1975 թվականին լուծարվել էր էմիրի՝ շեյխ Իս բեն Սալման Ալ Խալիֆի կողմից: Նա այդ ժամանակ կասեցրեց նաև սահմանդրությունը[9]:

1992 թվականի նոյեմբերի 15-ին, շիայական ընդդիմադիրների խումբը Բահրեյնի էմիրին միջնորդագիր ներկայացրեցին խորհրդարանը վերականգնելու պահանջով: Մասնակիցները հղում էին կատարում Բահրեյնի սահմանադրության 65-րդ հոդվածին, որը պարտավորեցնում էր ընտրել նոր խորհրդարան, եթե նախորդը լուծարվել էր էմիրի կողմից: Հակառակ դեպքում լուծարված խորհրդարանը պահպանում է իր սահմանադրական իշխանությունը, իսկ 108-րդ հոդվածը կանխարգելում է սահմանադրության ցանկացած հոդվածի կասեցումը, բացառությամբ ռազմական իրադրության դեպքում, որի համար համապատասխան ժամկետներ կան սահմանված: Ստեղծված իրավիճակում խորհրդարանի լուծարումը ըստ ընդդիմադիրների համարվում է անվավեր: Էմիրը չկատարեց ընդդիմության պահանջը: Դրա փոխարեն նա նշանակեց Խորհրդատվական խորհուրդ, որը չուներ օրենսդիր իշխանություն[10]:

1994 թվականի դեկտեմբերին Բահրեյնում ժողովրդական ապստամբություն սկսեց, որն ուղեկցվում էր սաբոտաժային գործողություններով: Ընդդիմության պահանջները նույն էին՝ սոցիալական և քաղաքական բարեփոխումների իրականացում: Բահրեյնական իշխանությունները այդ իրադարձությունների պատասխանատու հայտարարեցին Իրանին[11]:

1995-1997 թվականների ընթացքում շիաների ելույթները շարունակվեցին տարբեր աստիճանի ինտենսիվությամբ: Ցույցեր տեղի ունեցան, օգտագործվեցին պայթուցիկ սարքեր: Ոստիկանությունը ցրեց ցուցարարներին և ձերբակալեց ակտիվիստներին: 1996 թվականի հունիսին ձերբակալվեց 80 անձանցից բաղկացած խումբ, ովքեր մեղադրվում էին Հզբոլլահ-Բահրեյն կազմակերպությանը պատկանելուն, որը նախատեսում էր երկրում իրականացնել իշխանափոխություն և հաստատել իսլամական իշխանություն: Իրանը պաշտոնապես մեղադրվեց նրան աջակցելու մեջ[12]:

Միևնույն ժամանակ Քուվեյթում Իրանի դեսպանատունը հանդես եկավ բահրեյնական կառավարության դեմ՝ մեղադրելով վերջինիս իր քաղաքացիներին խտրականության ենթարկելու մեջ: Դրան ի պատասխան Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը պահանջեց Իսլամական Հանրապետությունից չխառնվել Պարսից ծոցի երկրների ներքին գործերի մեջ: Բահրեյնը հետ կանչեց Իրանից իր դեսպանին[13]:

Չնայած Բահրեյնում շարունակվող անկարգություններին և շիայական առաջնորդների ձերբակալություններին, 1996 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպեցին Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները և քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցությանն ուղղված հեռանկարները: Իրանը չէր ցանկանում, որ Բահրեյնի հետ լարված հարաբերությունները խոչընդոտեին Պարսից ծոցի մյուս պետությունների հետ հարաբերություններին: 1997 թվականի դեկտեմբերին Իրանը և Բահրեյնը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները՝ Իրանում Մոհամմադ Խաթամիի իշխանության գալուց հետո:

Եզրակացություն խմբագրել

Այսպիսով Իրանի իսլամական հեղափոխությունից հետո «իսլամական հեղափոխության արտահանման» առաջին փորձերը եղան շիայական մեծաքանակ համայնք ունեցող Բահրեյնում: Հատկապես  կրոնի նույն ուղղությանը պատկանելն ավելի հեշտացնում էր գաղափարախոսության տարածմանն ու հաստատմանը: Ամեն դեպքում Բահրեյնի շիայական համայնքը ամեն կերպ փորձում էր երկրում հաստատել հանրապետական վարչակարգ, ինչպես Իրանում էր, բայց երկիրը ղեկավարող իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով կասեցրեց շիայական շարժումների ակտիվությունը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Իրանն իր հերթին ամեն կերպ հերքում էր իր առնչությունը Բահրեյնում տեղի ունեցող դեպքերին և շիայական համայնքին սատարելուն: Ամեն դեպքում Իրանի իսլամական հեղափոխության արտահանման փորձը Բահրեյն կարևոր էր հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի դիրքերն էլ ավելի ամրապնդվելու և արևմտյան ազդեցության թուլացման գործում:

Իրանին մասամբ հաջողվեց արտահանել Իսլամական հեղափոխության գաղափարախոսության փորձը Բահրեյն. մի կողմից Իրանի Իսլամական հեղափոխությունը ոգևորեց Բահրեյնի շիայական համայնքին և նրա բազմաթիվ ներկայացուցիչներ պայքար սկսեցին միապետության դեմ, որը հանդիպեց տեղի իշխանության լուրջ դիմադրությանը, ու թեև շիայական համայնքի ջանքերը նկատելի հաջողության չհասան, բայց պետք է նշել, որ գաղափարախոսությունը որոշ չափով տարածվեց երկրում: Մյուս կողմից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների ամրապնդումը խոչընդոտ դարձավ Իսլամական հեղափոխության գաղափարախոսության արտահանման տարածմանը Բահրեյնում:


Ծանոթագրություններ խմբագրել

[1] Мелкумян Е.С., Иран в регионе Персидского залива: проблемы безопасности, 4 Мая, 2006, http://www.iimes.ru/?p=4549

[2] Чернова А., Влияние Исламской Революции на монархические режимы в Персидском Заливе, Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена, 2013,№ 161, стр. 25

[3] Kenneth K., Iran’s Foreign and Defense Policies, November 7, 2017, Congressional Research Service,https://www.refworld.org/pdfid/5a168ebb4.pdf

[4] Erik Slavin. “Iran Emphasizes Nuclear Reconciliation, Criticizes U.S. Military Posture in Persian Gulf.” Stars and Stripes, March 5, 2014. http://www.stripes.com/news/iran-emphasizes-nuclear-reconciliation-criticizes-us-militaryposture-in-persian-gulf-1.271204

[5] Мелкумян Е., Разделенное общество Бахрейна и перспективы его консолидации, Научный журнал Политическая наука, Политическая организация разделенных обществ, 2016, №1, стр. 90

[6] Чернова А., Влияние Исламской Революции на монархические режимы в Персидском Заливе, Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена, 2013,№ 161, стр. 26.

[7] Marschall C., Iran's Persian Gulf Policy: From Khomeini to Khatami. 2003, p.6

[8] Кузьмин В., Соколов Н., Противостояние Саудовской Аравии и Ирана в зоне Персидского залива в конце XX — начале XXI веков, Научный Диалог, 2017, № 8, стр. 244.

[9] Чернова А., Влияние Исламской Революции на Монархические режимы в Персидском Заливе, Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена, 2013,№ 161, стр. 27

[10] Там же.

[11] Там же.

[12] Мелкумян Е., Разделенное общество Бахрейна и перспективы его консолидации, Научный журнал Политическая наука, Политическая организация разделенных обществ, 2016, №1, стр. 91

[13] Чернова А., Влияние Исламской Революции на Монархические режимы в Персидском Заливе, Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена, 2013,№ 161, стр. 27