ԱԼԶԻ(ՅԱ) կամ ԱԼՇ/ՍԵ/Ի (KURURUAlzi(ya), KURURUAlše/i)։ Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան վաղ պետական կազմավորումներից մեկն է։ Առաջին հիշատակությունները վերաբերում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին և վկայակոչվում են` կապված խեթական և ասորեստանյան արքաների քաղաքական ձեռնարկումների հետ ։ Այն իրենից կարող էր ներկայացնել ամբողջ ցեղեր և ցեղային միություններ կամ լեռնային ռելիեֆով արտաքին աշխարհից մեկուսացած անկախ կամ կիսանկախ երկրամաս ։ Մասնագիտական գրականության մեջ վաղուց ընդունված է համարվում Հայկական լեռնաշխարհում վերջինիս տեղադրությունը` հիմնականում այն նույնացնելով հետագայի հայոց Աղձնիք նահանգի տարածքի հետ ։ Դատելով խեթական սեպագիր աղբյուրների հաղորդած տեղեկություններից` Ալզին տարածվում էր Արածանիի ստորին հոսանքներում գտնվող Իսուվա (հետագայի Ծոփք) երկրի և Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Միտտանի պետության միջև։ Սակայն տվյալ դեպքում դժվար է հաստատապես ասել, թե որքանով էին այս երկուսի` Ալզիի և Աղձնիքի պատմական տարածքները և դրանց սահմանները որոշակիորեն համընկնում միմյանց հետ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, թե ժամանակային ինչ հսկայական հատված է բաժանում դրանց միմյանցից։ Բացի այդ սեպագիր աղբյուրներն Ալզիի սահմանների կամ զբաղեցրած տարածքի չափերի մասին որոշակի տեղեկություններ չեն հաղորդում։ Այդուհանդերձ, թեպետ Ալզիի տեղադրության հարցում մասնագետների շրջանում հիմնականում հակասություններ չկան, սակայն նրա սահմանների վերաբերյալ կարծիքները տարբեր են` երբեմն իրարամերժ։ Ընդհանուր առմամբ համաձայնելով, որ Ալզին գտնվել է Մուրադսուի և Տիգրիսի վերին հոսանքների միջև` Է. Ֆորրերը, Է. Վայդները, Ա. Գյոթցեն, Ի. Դյակոնովը, Գ. Գիորգաձեն, Լ. Գոլովլյովան, Վ. Հաազը, Հ. Ռասելը և այլք գտնում են, որ Ալզին համապատասխանում է ասորեստանյան աղբյուրների Էնզիտեին (Enzite) և դասական աղբյուրների Անզիտենեին (Anzitene), որը գտնվում է Եփրատի, Արածանիի և Տիգրիսի ակունքների միջև, նաև Խարբերդից արևելք և հարավ-արևմուտք ընկած շրջանները, մինչդեռ Է. Կավենյակը, Գ. Ղափանցյանը, Վ. Խաչատրյանը, Գ. Վիլհելմը և Մ. Աստուրը վերջինիս տեղադրությունը դիտում են Սասունից արևմուտք գտնվող անտիկ աղբյուրների Արզանենեն ։
    Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում այս տեղանունը սեպագիր արձանագրություններում վկայվում է Ալզինի (KURURUAlzini) ձևով, որն իր հերթին ընդհանուր առմամբ նույնացվում է խեթական և ասորեստանյան Ալզիի հետ և հետևաբար տեղադրվում հետագայի Աղձնիքի տարածքում, սակայն ինչպես Ալզիի դեպքում, նույնպես և Ալզինիի պարագայում խնդիրն անհամեմատ բարդանում է, երբ հարցը վերաբերում է տվյալ վարչատարածքային միավորի սահմանները որոշելուն ։
  Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջանները դեռևս հնագույն ժամանակներից մշտապես գործուն առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններ են ունեցել Հին Արևելքի տարբեր երկրների հետ։ Գտնվելով Փոքր Ասիայի և Միջագետքի հարևանությամբ` վերջիններս ոչ միայն հանդիսացել են որպես լեռնաշխարհի ներքին շրջանները արտաքին աշխարհի հետ կապող պատմաաշխարհագրական տարածքներ, այլև հաճախ ներկայացել են որպես անկախ կամ կիսանկախ քաղաքական միավորներ` սեփական տնտեսությամբ և վարչական սահմաններով։ Խոսելով Ալզի-Ալզինիի տնտեսության և հնագույն զբաղմունքների մասին` թերևս նախևառաջ պետք է նշել այն, որ դեռևս ուրարտական արձանագրություններն են տեղեկություններ հաղորդում այս տարածքում գինու առկայության վերաբերյալ, ինչն ինքնին հավանաբար փաստում է այս երկրամասում գինեգործության, հետևաբար և խաղողագործության զբաղմունքի մասին ։ Վերջինս իր հերթին ենթադրում է, որ այս աշխարհագրական տիրույթը հնուց ի վեր հանդիսացել է Հայկական լեռնաշխարհի խաղողի «ոստաններից» մեկը։ Թերևս դրա օգտին են խոսում նաև հույն պատմագիր Հերոդոտոսի հաղորդումներն այն մասին, որի համաձայն Արմենիայից կաշեպատ նավերով գինի է արտահանվել Բաբելոն ։ Քանի որ դա կատարվել է նավարկելի Եփրատ գետով, բնականաբար այստեղ խոսքն անշուշտ պետք է վերաբերի Հայկական լեռնաշխարհի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին` մասնավորապես Ծոփքին և Աղձնիքին։ Թերևս սրա օգտին կարող է խոսել հույն պատմահոր հաղորդած նաև այն արժեքավոր տեղեկությունը, որ հայերը ապրում էին Հալիսի և Տիգրիսի ակունքների շրջակա լեռնոտ երկրում` սփռվելով դեպի Միջերկրական և հասնելով Կիլիկիա ։ Վերոնշյալ այս երկու գետերի միջև ընկած է լայնարձակ` բարձրադիր լեռներով կտրտված մի տարածություն, որը ներառում է մի շարք լեռնաբազուկներ և  գետերի ճյուղավորումներ։ Ուստի միանգամայն հնարավոր է, որ այս տարածքը Արևմտյան Տիգրիսի ավազանում գտնվող Ամիդի դաշտավայրից կարող էր ձգվել մինչև Հայկական Տավրոս` ներառելով նաև առնվազն Աղձնիքի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածները ։
Ա. Քոսյան, Մերձավորարևելյան ճգնաժամը և Հայկական լեռնաշխարհը, ՀՀ ԳԱԱ ԱԻ, Երևան-1999, էջ 84։ 
Л. М. Головлева, Царство Алзи во второй половине II тыс. до н.э., Древний Восток, 1978, N 3, стр. 71.
Н. В. Арутюнян, Топонимика Урарту, АН АрмССР, Ереван, 1985, стр.18,19. И. М. Дьяконов, Ассиро-вавилонские источники по истории Урарту (=АВИИУ), ВДИ, 1951, NN 2-4 (1, прим. 18; 3 и прим. 6;4-7, 10 (I, 62 сл.; II, 89 сл.);11; 12; 21 и прим. 4; 23, прим. 61; 28 (35 сл.) и прим. 1; 40 (д, е); 50 (4); /B2/,  Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, Вестник древней истории, 1971, N3, стр. 235, Г. А. Меликишвили, Наири-Урарту, Тбилиси, 1954, стр. 89, 90, В. Н. Хачатрян, Восточные провинции Хеттской империи, Ереван, 1971, стр. 110, 114, 115, 119, 143, Гр. Капанцян, Хайаса-колыбель армян, АН АрмССР, Ереван, 1948, стр. 143, Гр. Капанцян, Хайаса-колыбель армян (в кн.։ Историко-лингвистические работы, Ереван, 1957), стр. 144, Ա. Խաչատրյան, Միտանի-խարրի ժողովուրդը, Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտ, Ե., 1926, էջ 141, Հ. Մ .Ավետիսյան, Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մթա XVII-IX դդ., Երևան-2002, էջ 64, Г. М. Аветисян, Северная Месопотомия и юго-западные области Армянского нагорья, Ереван 1997, стр. 12, 13, Ռ. Ա. Նահապետյան, Աղձնիք, Հայագիտական հետազոտություններ, ԵՊՀ, Երևան-1974, էջ 162, Ռ.Ա.Նահապետյան, Աղձնիքը սեպագիր շրջանում, □Լրաբեր հասարակական գիտությունների□ ամսագիր, Երևան-1984, N1, էջ 55։
В. Н. Хачатрян, Восточные провинции Хеттской империи, Ереван, 1971, стр. 114-115.
Ա. Քոսյան, Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական աղբյուրների), ՀՀ ԳԱԱ ԱԻ, Երևան 2004, էջ 35։
Н. В. Арутюнян, Топонимика Урарту, АН АрмССР, Ереван, 1985, стр.18,19.
Н. В. Арутюнян, Земледелие и скотоводство Урарту, Ереван, 1964, стр. 116.
Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Ա, երևան, 1945, էջ 58։
Հ. Լինչ, Հայաստան։ Ուղևորություններ և ուսումնասիրություններ, Կ.Պոլիս, 1913, էջ 87։
Տե՛ս Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Բ. Հ. Հարությունյան, Վ. Գ. Մխիթարյան, Երևան, 2007, էջ 6, 7։