Հայ ժոդովուրդի բռնագաղթը Իրան խմբագրել

1605թ. Շահ-Աբբաս Սեֆևին կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դէպի Իրան, ինչի հետեւանքով 500 հազար հայեր Նախիջևանից բռնի տեղահանւեցին Պարսկաստան: Երկու գերուժերի' Պարսկաստանի եւ Օսմանեան Թուրքիայի միջեւ ընթացող պատերազմում Շահ–Աբբասի պարտութիւնից յետոյ Արաքսի ափին բնակւող հայերը բռնի տեղահանւեցին: Շահ-Աբբասը երեք նպատակ ունէր.

1. Ստեղծել բնակչութիւնից զուրկ սահմանամերձ գօտի, որպէսզի թուրքական բանակը ապաստան եւ մթերք չունենայ Պարսկաստանի դէմ արշաւանքը շարունակելու համար: 2. Հայ բնակչութեանը տեղափոխել Պարսկաստանի կենտրոնական մասեր, որպէսզի հայերի միջոցով երկրի տնտեսութիւնը զարգանա եւ զարկ տրւի մետաքսի միջազգային առեւտրին, քանի որ հայերը տիրապետում էին եւրոպական լեզուներին. 3. Հայ արհեստաւորների եւ արւեստագէտների միջոցով շէնացնել երկիրը' զարկ տալով արհեստներին ու արւեստներին:

Այսպիսով, Ջուղայից գաղթեցւած հայերը հաստատւեցին Սպահան մայրաքաղաքի մոտ' Զայանդեռուդ գետի հարաւային մասում եւ հիմնեցին Նոր Ջուղան: Նորաբնակ հայերի միջոցով երկրի տնտեսութիւնը զարգացնելու իր մտադրութիւնն իրագործելու համար շահը նրանց տւեց արտօնութիւններ եւ լայն իրաւունքներ: Նոր Ջուղան շատ արագ դարձաւ հայութեան մշակութային կենտրոն: Նոր Ջուղայի առաջին փողոցը, ի պատիւ հայ վաճառականի, կոչւեց Խոջա Նազար: Այնուհետեւ հիմնւեցին այդ փողոցին ուղղահայեաց 10 փողոցներ: Շուտով Նոր Ջուղայի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի միջազգային առեւտուրը: 1617թ. Շահ Աբբասը չեղեալ յայտարարեց անգլիացիների հետ կնքած առեւտրային պայմանագիրը եւ մետաքսի վաճառքի մենաշնորհը յանձնեց հայերին: Բացի վաճառականութիւնից, հայերը մեծ դերակատարութիւն ունեցան ոսկերչութեան, գորգագործութեան, կերպասագործության եւ բազում այլ արհեստների զարգացման գործում: 1670-1680թթ., տնտեսական և հասարակական ճգնաժամերի պատճառով, իրանահայութեան կեանքը անկում է ապրում: 1722թ., աֆղանների յարձակման հետեւանքով, Նոր Ջուղայի բնակչութեան զգալի մասը գաղթեց Հնդկաստան, Ֆրանսիա, Աւստրիա, Հոլանդիա եւ Ռուսաստան: Դրանով հանդերձ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան հանդիսանում էր հայկական ամենամեծ մշակութային կենտրոններից մէկը: 1630թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով, հիմնւում է դպրոց, որտեղ դասաւանդում էր երաժշտութիւն, գրականութիւն, քերականութիւն, փիլիսոփայութիւն եւ բնագիտական առարկաներ: 1638թ. Նոր Ջուղայում արդէն գործում էր Մերձաւոր Արեւելքի առաջին տպարանը, ուր տպագրուում է Մերձաւոր Արեւելքի հայալեզու առաջին գիրքը եւ միայն դրանից 133 տարի անց է հայալեզու տպագրութիւնը սկիզբ առնում Հայաստանում: Պէտք է նշել, որ Նոր Ջուղայի Ամենափրկիչ Վանքին կից գործող դպրոցը շատ մեծ դերակատարութիւն է ունեցել ժողովրդի առաջընթացի գործում, քանի որ այնտեղ դասաւանդւում էին նաեւ եւրոպական լեզուներ եւ վաճառականութեան կանոններ: Վանքին կից հիմնւում է ձեռագիր գրքերի գրադարան մատենադարան: Որմնանկարչութիւնը, զարդանկարչութիւնը, ճարտարապետութիւնը, գուսանական արւեստը, երաժշտութիւնն ու քնարերգութիւնը հասնում են իրենց ստեղծագործական գագաթնակէտին:

– Հարկ է նշել, բռնագաղթւած հայերի թւում եղած աւանի եւ ազնւական ընտանիքներից որոշները, փոխելով իրենց կրօնն ու ազգանունը' բարձր դիրքերի հասան: Օրինակ' Մամիկոնյան Ենիկոլորպեան տոհմից Մանուչար խան Մոթամեդոլդոլեհը, նրա եղբայրը՛ Սոլեյման խան Սահամոլդոլեհը, որդին՝ Ջահանգիր խանը: Միրզա Ալի Ասղարխան Ամինոլսոլթանը (Աթաբաքե ազամ) Վրաստանից գաղթած հայերից էր եւ իրանում ընդունել էր իսլամ: (Տւեալները վերցւած են 1999թ. Հարվարդում տպագրուած Խոարո Շաքերի «իրանահայեր» գրքից):