Մասնակից:Pogosyan Aida/Ավազարկղ

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի` I դարի կառույցի նախատիպը: Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին: Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։ Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II դ., իսկ մ.թ. I դ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ I դ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանվել է «անառիկ ամրոց»: Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ.`-ում եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դարի սկզբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։ Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր: Գառնին դեռևս The temple of Garni1.jpg

մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։

Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդ.: Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ: Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մետր հեռավորությամբ, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են, դրված են 10-13,5 մետր ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցի շինությունների հորինվածքային կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը, որի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը` շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը` ջուր տաքացնելու համար։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն): Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը, հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու III դ. գործ։