Լեռնային տարածքները ջրային, էներգետիկ, կենսաբանական, հանքային, ռեկրեացիոն ռեսուրսների առաջացման ու տարածման ինքնատիպ բնական տարածքային միավորներ են , որոնք զբաղեցնում են երկրագնդի տարածքի 25-35 %- ը։ «Լեռնային տարածքներ» հասկացության հատուկ սահմանում չկա, սակայն լեռնային տարածքը ոչ լեռնայինից տարբերակող չափանիշները հստակ առանձնացվում են։ Դրանք են ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, մակերևույթի թեքությունների անկյունները (լանջերի թեքությունները), բուսականության և լանդշաֆտների վերընթաց գոտիականությունը, կլիմայական պայմանների փոփոխականությունը և խստությունը, տարածքի առանձին մասերի դժվարամատչելիությունը, կենդանի օրգանիզմների վրա բարձրության ազդեցությունը և տարերային բնական երևույթների մեծ ռիսկայնությունը (սելավներ, սողանքներ, ձնահյուսեր և այլն)։ Լեռնային տարածաշրջանների ու երկրների առանձնացման հիմքում ընկած է լեռների ֆիզիկաաշխարհագրական դասակարգումը, իսկ սոցիալ-տնտեսական տեսանկյունից լեռնային տարածքների դասկարագման մոտեցումները տարբեր են և առանձին դեպքերում կարգավորվում են երկրների օրենսդրությամբ։ Օրինակ՝ Բուլղարիայում լեռնային տարածքներ են համարվում այն համայնքները, որոնց տարածքի 70%-ը ծովի մակարդակից ունի 600 մետրից ավելի բարձրություն, իսկ բարձրությունների տատանումները գերազանցում են 400 մետրը։ Լեռնային տարածաշրջանների ու երկրների զարգացման հիմնական խոչընդոտներն են մակերևույթի բացարձակ բարձրությունների մեծ տատանումները, ռելիեֆի մասնատվածությունը, բացարձակ բարձրությունների մեծությունները, որոնք սահմանափակում են տարածքի յուրացման հնարավորությունները։