Պապը խմբագրել

Իմ պապը տնկել է Մեր գյուղի շիվերը, Իմ պապը պայտել է Մեր գյուղի ձիերը: Իմ պապը մեր գյուղի Պատերը շարել է ԵՎ բոլոր կամերը Մեն-մենակ քարել է: Ջրել է իր այգին Ու մարգը բահել է ԵՎ արդար քրտինքով Իր տունը պահել է: Իմ պապը վարել է, Իմ պապը ցանել է, Իսկ հնձի ժամանակ Ձեռքի մեջ մանգաղի Դաստակը ցավել է Իմ պապը հողի հետ Խորհել ու խոսել է, Ամպի հետ արտասվել, Ջրի հետ հոսել է... Մի օր էլ, երբ հանկարծ Ծալվել են ծնկները, Զարմանքից քարացել, Ամոթից շիկնել է: Թողել է նա մաճը Եվ շունչը պահել է, ԵՎ հետո քրտինքը Ճակատին պաղել է: Եվ պապը ակոսում Պառկել ու քնել է, Խառնվել այն հողին, Որ իրեն սնել է:


Ոչինչ չի փոխվի խմբագրել

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Եվ չի պակասի աշխարհքւմ ոչինչ, Մի լույս կմարի հինգերորդ հարկում, Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ:

Բայց հավքերն էլի հարավ կչվեն, Մանուկներն էլի կխաղան բակում, Կանաչներն էլի ցողով կթրջվեն, Ծաղիկներն էլի կշնչեն մարգում...

Կվառվի լույսը հինգերորդ հարկում, Կժպտան նորից աչքերը քո ջինջ, Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Եվ չի պակասի աթխարհում ոչինչ:


Առաջին սերս խմբագրել

Առաջին սերս ձնծաղիկի պես Ձնհալի միջից մի անգամ ժպտաց, Ինձ ոտից-գլուղ մի անգամ չափեց Եվ իսկույն փակեց աչիկները թաց:

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, Առավ համբույրը ոսկեղեն շողի Եվ ամոթանքից գլուխը կախեց:

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ, Ծանոթ էր արդեն արևի ուժին: Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, Փշերն ինձ տվեց, բուրմունքն՝ ուրիշին:


Ախր ես ինչպես վեր կենամ գնամ խմբագրել

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ: Ախր որիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա Այսքան վաստակած հոգնություն չկա: Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա...

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ: