Սևանա լիճ Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիոյից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։ Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 կմ3։