Մասնակից:Mane Ananyan1/Ավազարկղ2

Մանե Անանյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ ՈՒ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանի առաջին Հանրապետությունը (այսուհետև` ՀՀ) ստեղծվեց անչափ դժվարին քաղաքական և սոցիալ տնտեսական պայմաններում: Այդ ժամանակ (1918-1920 թթ.) Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուրհազարավոր հայեր ցրվել էին աշխարհով` առանց կենսական նվազագույն հնարավորությունների: Ուստի` չնայած դժվարություններին, ՀՀ իշխանությունները իրենց առաջնային գործերից մեկը համարեցին աշխարհասփյուռ հայությանն աջակցություն ցուցաբերելը` հընթացս մշակվելով ու գործադրելով գաղութների հետ հարաբերությունների մեխանիզմներ:

Պետք է նշել նաև, որ գրականության մեջ Սփյուռքի ձևավորումը կապվում է Հայոց ցեղասպանության հետևանքների հետ և ընդգրկում է մոտ մեկուկես տասնամյակ` այդ թվում նաև ՀՀ գոյության տարիները[1]:

1. Գաղութների ու գաղթականների հետ աշխատանքների կազմակերպումը Հայաստանի առաջին Հանրապետությունում: ՀՀ-ում գաղութների ու գաղթականների հետ աշխատանքների կազմակերպման մասին խոսելիս հարկ է անդրադառնալ համապատասխան գործառույթներով «օժտված» ազգային խորհուրդներին, Փախստականների խորհրդին և ՀՀ մինիստրություն-նախարարություններին (ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներքին գործերի նախարարությունը, պարենավորման նախարարությանը, խնամատարության նախարարություն և այլն): Նրանք զգալի դերակատարություն են ունեցել գաղութների և գաղթականության կյանքի կազմակերպման, հայության համախմբման, հայրենիքի հետ կապի ապահովման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման, գաղութների կյանքում առաջացած խնդիրների վեր հանման և հայության ներգաղթի կազմակերպման հարցում:

Ազգային խորհուդներն իրենց առանձնահատուկ տեղն ունեն հայրենիքի հետ արտերկրի հայության հարաբերությունների բարելավման և զարգացման գործում: ՀՀ կառավարությունը առաջին հերթին աջակցում էր այն Ազգային խորհուրդներին, որոնք գտնվում էին ստվար հայ բնակչություն ունեցող քաղաքներում: Տեղի հայության խնդիրների կարգավորումը և ՀՀ-ի հետ բնականոն կապի ապահովումը ազգային խորհուդների գործառույթներից թերևս ամենագլխավորն էին համարվում: Հատկապես կարելի է առանձնացնել Թբիլիսիում, Բաքվում, ինչպես նաև Ռուսաստանի հայաշատ քաղաքներում գործող ազգային խորհուրդները: Դատելով պատպանված փաստաթղթերից, ՀՀ-ն գումարներ է տրամադրել այդ խորհուրդներին` նրանց առջև դրված խնդիրները լուծելու համար[2]:

Փաստորեն, ՀՀ-ի կառավարության առջև ծառացած խնդիրներից էր համարվում հայրենի երկրից դուրս գտնվող հայության հետ բնականոն կապերը պահպանելը, ուստի ազգային խորհուրդները կարևոր մեխանիզմ էին համարվում նորանկախ հանրապետության և տարագիր հայության կապի պահպանման և զարգացման համար:

Գոյություն ուներ նաև Փախստականների խորհուրդ: Վերջինս զբաղվում էր հայ գաղթականների խնդիրների ուսումնասիրմամբ, տեղեկություններ էր հավաքում նրանց թվի, կարիքների մասին, հիմունքներ մշակում գաղթականների խնդիրների լուծման համար: Օրինակ, կառավարության 1918 թ. օգոստոսի 28-ի որոշումներում տեսնում ենք, որ Փախստականների խորհուրդը տրամադրել էր 10 մլն ռուբլի Վրաստանում գտնվող փախստականներին[3]:

Մեծ նշանակություն ունեին նաև ՀՀ նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրը որոշակի դերակատարում ունեցավ հայրենիքի հետ գաղութների ու գաղթականության կապերի զարգացման գործում[4]:

Հիմնականում գաղութների ու գաղթականության խնդիրների կարգավորմամբ և ուումնասիրությամբ զբաղվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը[5]:

Նշված խնդիրների կարգավորման հարցում իրենց ուրույն տեղն ու դերն ունեին ՀՀ հյուպատոսարանները: Հյուպատոսարանների միջոցով ՀՀ իշխանությունները ոչ միայն հավաքում էին տվյալ երկրի հայության մասին արժանահարույց տեղեկություններ, այլև տվյալ երկրի հետ բնականոն հարաբերությունների հաստատման արդյունքում կարող էին կազմակերպել հայության ներգաղթը: Հյուպատոսարաններ էին հիմնվել Թավրիզում (Իրան), Թիֆլիսում (Վրաստան), Բաթումում (Վրաստան), Սուխումում (Աբխազիա), Բաքվում (Ադրբեջան), Ռուսաստանի հայաշատ քաղաքներում և այլուր[6]: Իսկ ՀՀ կառավարության 1919 թ. հունիսի 4-ի նիստում Արտաքին գործերի նախարարը տեղեկացնում էր, որ գաղութներում խիստ ոգևորված են ՀՀ անկախությամբ, իսկ տարբեր երկրներում ստեղծվում են նորանոր հյուպատոսարաններ` գաղութների հայությանը ՀՀ-ի շուրջը համախմբելու համար[7] :

Այսպիսով, կառավարությունը անհանգստացած էր թե´ երկրում, թե´ դրսում հայությանը հուզող խնդիրներով և հնարավոր միջոցներ էր ձեռք առնում դրանց կարգավորման համար:

Կարևոր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ ԱԳՆ տեղեկատու բաժինը, որն արձանագրում էր տարբեր տեղերից ստացված տեղեկությունները և դրա հիման վրա կազմում տեղեկագրեր՝ իր բոլոր ներկայացուցիչներին հայկական գաղութների և Հայաստանի կացության մասին իրազեկ պահելու համար[8]:

Կատարվող աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարության 1920 թ. օգոստոսի 27-ի որոշմամբ Արտաքին գործերի նախարարության կազմում հիմնվում է Գաղութային բաժինը. «Հայ գաղութների վիճակը ուսումնասիրելու, նրանց մայր երկրի հետ կապելու և նրանց նյութական ու բարոյական ուժերը Հայաստանի օգտին օգտագործելու նպատակով... Արտաքին գործոց նախարարության մեջ բանալ գաղութային բաժին»[9]:

Ինչպես արդեն նշել ենք, որոշ նախարարություններ իրենց գործառույթներն ունեին գաղութային խնդրիների լուծման գործում: Օրինակ` ՀՀ ներքին գործերի նախարարությունն ուներ Ներգաղթի բաժին և Վերաշինության բաժին, որն առնչվում էր ներգաղթյալների հետ: Քանի որ ՀՀ կառավարության 1919 թ. հուլիսի 29-ին նիստում որոշում են Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների կարիքները հոգալու համար հատկացնել 2.030.000 ռուբլի, ինչպես նաև ընդունում են որոշում՝ ներգաղթի կազմակերպման վերաբերյալ նյութերը հավաքելու, ուսումնասիրելու և հրատարակելու մասին[10]: Այս որոշումը հիմնված էր ՀՀ կառավարության մեկ այլ որոշման վրա, որտեղ ասված էր. «բանալ ներքին գործերի մինիստրության ներգաղթի և վերաշինության բաժնին առայժմս 30.000 ռ. վարկ՝ Հյուսիսային Կովկասի գաղթականների դրության հետ ծանոթանալու նպատակով ներկայացուցիչ ուղարկելու համար: բ) Համաձայն 1919 թ. հունիսի 5-ի օրենքի, թույլատրել ներքին գործերի մինիստրության ներգաղթի և վերաշինության բաժնին ծախսել այդ նպատակի համար իր տրամադրության տակ եղած գումարներից»[11]:

Հայ գաղթականների հարցի լուծման ուղղությամբ մեծ պատասխանատվություն էր դրված նաև ՀՀ խնամատարության, պարենավորման և արդարադատության նախարարությունների վրա: Ինչպես նշում է Ալ. Խատիսյանը 1919 թ. վերջերից ՀՀ խնամատարության նախարարության գործունեությունը բարեգործական, նպաստավորման հողից անցում կատարեց աշխատավորական օգնություն կազմակերպման սկզբունքին: Նախ, ստեղծվում են աշխատավորական և վերաշինության բաժիններ, որոնց միջոցով նախարարությունը զբաղվում էր ոչ միայն ՀՀ վերադարձած գաղթականության տեղավորման, առողջապահական խնդիրների լուծման հարցերով, այլ նաև իր խնամատարության տակ էին վերցնում երկրից դուրս գտնվող գաղթականներին[12]: Օրինակ՝ ՀՀ կառավարության 1919 թ. մարտի 26-ին նիստում տեսնում ենք արդարադատության և խնամատարության նախարարների զեկուցումը՝ Վրաստանի որբերի և գաղթականների խնամատարության համար Վիրահայոց ազգային խորհրդին վարկ բանալու մասին[13] կամ ՀՀ կառավարության 1919թ. մայիսի 10-ին նիստը, որտեղ խնամատարության նախարարը զեկուցում է Թիֆլիսի խորհրդակցության որոշման մասին, որով առաջարկվում էր Ախալքալաքի գավառի ազգաբնակությանը հատկացնել 10 միլիոն ռուբլի՝ սերմացու ձեռք բերելու համար[14]: Փաստորեն, ՀՀ խնամատարության մինիստրությունը ուսումնասիրում էր գաղթականության խնդիրները, նախահաշիվ կազմում դրանց լուծման համար և կառավարությանը տեղյակ պահում առկա խնդրիների մասին, որոնք նիստերում քննարկվում և համապատասխան լուծումներ էին ստանում:

Տարբեր երկրներում հաստատված հայ գաղթականության աջակցության գործի կազմակերպումը մինչև 1918 թ. նոյեմբերի սկիզբը իրականացնում էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը, իսկ 1918 թ. նոյեմբերի սկզբին ստեղծվում է խնամատարության նախարարություն, որին վերապահվում է փախստականների խնամատարության, լքված հողերի վրա տեղավորելու գործը[15]:

Ինչ վերաբերում է ՀՀ պարենավորման նախարարությանը, այն զբաղվում էր թե´ արտաքին և, թե´ ներքին պարենային հարցերի կարգավորմամբ: ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս գտնվող հայությանը մատակարարում էր ալյուր, հացահատիկ, սերմացու և այլն[16]: Այսինքն, Պարենավորման մինիստրությունը իր հերթին ուսումնասիրում էր գաղութօջախներում առկա խնդիրները և ներկայացնում կառավարությանը:

Այսպիսով, Հայաստանի Առաջին Հանրապետության կապերը գաղութների ու գաղթականության հետ, չնայած առկա մեծ դժվարություններին, զգալիորեն խորացան: Գաղութների ու գաղթականության հետ հարաբերվելու նշված կառուցակարգերի առկայությունը խոսում է այն մասին, որ երկրի իշխանությունները եղած հնարավորության պայմաններում ամեն ինչ արել են գաղթօջախներում առկա խնդիրներին ծանոթանալու, փոխադարձ օգնության կազմակերպման, հարաբերությունների խորացման առումով: Սա էին փաստում բազմաթիվ այն զեկուցումները, որ ներկայացնում էին սպասարկու կառույցները կառավարության նիստերում՝ կատարելով համապատասխան ուսումնասիրություններ տիրող իրավիճակը ներկայացնելու համար, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին միջոցներ ձեռնարկեր և կայացներ համապատասխան որոշումներ:

2. ՀՀ քաղաքականության սկզբունքները գաղութների ու գաղթականության նկատմամբ: ՀՀ կառավարությունը ջանք չէր խնայում դրսում գտնվող հայրենակիցներին օգնելու համար՝ դա համարելով իր պարտականությունը և հոգսը: Նույնիսկ, երբ Հայաստանի խորհրդի (պառլամենտի) նիստերից մեկում հարց է բարձրանում` արդյո՞ք ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի ամբողջ հայ գաղթականության, թե՞ միայն Հայաստանի սահմաններում գտնված գաղթականների գործով, Ռ. Տեր-Մինասյանն իր խոսքում ամբողջացնում է պատգամավորների տեսակետները. «Պետական բյուջեն և առանց այն էլ քայքայված տնտեսությունը թույլ չեն տալիս այդքան մեծ հիմունքների վրա դնել նպաստի գործը: Մյուս կարծիքն այն է, որ ինչ էլ որ լինի, միջոցների պետք է դիմել՝ ամբողջ գաղթականությանը շուտափույթ օգնություն հասցնելու համար»[17]: Ստացվում է, որ այս հարցում կարծիքները չէին համընկնում, չնայած, ի վերջո, հաղթեց երկրորդը:

ՀՀ իշխանություններն իրենց առջև խնդիր էին դրել ամեն կերպ օգնել գաղթականությանը և դրա իրականացման համար սկզբունքներ էին մշակում:

Առաջին և կարևոր սկզբունքը գաղթականության խնդիրներին խորությամբ ծանոթանալն էր: Դրա համար մարդիկ էին ուղարկում գաղթօջախներ, որպեսզի հավաստի տեղեկություններ հավաքեն, նախահաշիվ կազմեն և դրանց լուծման արդյունավետ ծրագրեր մշակեն: Օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ՀՀ կառավարության 1918 թ. նոյեմբերի 29-ի նիստում հանձնարարվել էր կազմել քննիչ մարմին՝ Անդրկովկասում հայ ազգի կրած զոհերի և վնասների մասին փաստեր հավաքելու համար: Այդ նպատակով կառավարությունը 20.000 ռուբլի Է հատկացրել Թիֆլիսում գործող հայրենակցական միությունների խորհրդին՝ հիշյալ նյութերը հավաքելու համար[18]:

Երկրորդ կարևոր սկզբունքը գաղթականությանը նպաստներ տրամադրելն ու պարենով ապահովելն էր: ՀՀ կառավարության կազմած միջոցներից գաղթականությանը օգնելու համար տրամադրվող նպաստները և պարենը միտված էր առաջին հերթին թեթևացնելու գաղթականության հոգսը: Դրա մասին վկայող օրինակները ՀՀ կառավարության և պառլամենտի որոշումներում բազմաթիվ են: Oրինակ` պառլամենտի 1918թ. հոկտեմբերի 23-ի նիստում ընդունվում է Վիրահայ ազգային խորհրդին 5 միլիոն նպաստ տալու օրինագիծը՝ գաղթականներին օգնության համար[19]:

Ինչպես նշեցինք, կառավարությանը մտահոգում էր նաև գաղթականության պարենային հարցի կարգավորումը` ալյուր տրամադրելով: Այդ խնդրի լուծման մասին ՀՀ կառավարության 1919 թ. հունիսի 20-ին նիստում զեկուցեց ՀՀ պարենավորման նախարարը[20]:

Այսպիսով, ՀՀ իշխանությունները սկզբունքային մոտեցում էր ցուցաբերում գաղթական հայության խնդիրների կարգավորման համար` հատկացնելով զգալի նյութական և ֆինանսական միջոցներ:

Մյուս կարևոր սկզբունքը գաղթականությանը հնարավորության դեպքում ՀՀ տեղափոխելն էր: Ստեղծված ծանր պայմաններում Հայաստանի իշխանությունները որոշում են գաղթականության ներգաղթ կազմակերպել՝ տարածաշրջանում կուտակված գաղթականությանը հանրապետություն բերելու և նրանց պատշաճ օգնություն ցույց տալու համար: Այդ նպատակով նրանք կոչ են հղում աշխարհասփյուռ հայությանը՝ հռչակելով, որ «Հայաստանը ողջ հայության հայրենիքն է»[21]:

Հայաստանի կառավարությունը ներգաղթը կազմակերպելու որորշումը կայացրել է 1919 թ. հունիսի 10-ին[22]:

Կառավարության ուշադրության կենտրոնում էր նաև երկրից դուրս գտնվող որբերի խնդիրը, որով զբաղվում էր խնամատարության մինիստրությունը: Այդպես, ՀՀ կառավարության 1919 թ. մարտի 10-ի նիստում որոշում են, որ Վրաստանում և Ադրբեջանում գտնվող հայ որբերի խնամատարությամբ, որոնք այդ պետությունների հպատակ չեն, պիտի հոգա ՀՀ կառավարությունը՝ հանձինս ՀՀ խնամատարության մինիստրության[23]: Որոշում են խնամատարության համար վարկ բանալ, որպեսզի հիմունքներ մշակի այնտեղի որբերի խնամքով զբաղվելու համար[24]:

ՀՀ կառավարությունը փորձում էր խնդրո առարկա հարցերով իր առջև ծառացած խնդիրները հաճախ լուծել դաշնակիցների աջակցությամբ, մասնավորապես, հայ գաղթականությանը հացահատիկ ու ալյուր տրամադրելու հարցում[25]:

Հայաստանի կառավարությունը գիտակցելով, որ, հայեցի դաստիրակությունը հայապահպանման հզոր կռվանն է հանդիսանում, զարկ տվեց նաև արտերկրի հայկական կրթական հաստատություններին աջակցելու գործընթացին: 1919 թ. ապրիլի 25-ի նիստում կառավարությունը որոշում է 15000 ռուբլի նպաստ տրամադրել Թիֆլիսում գտնվող Ալեքսանդրապոլի գիմնազիային և 3000 ռուբլի` նույն քաղաքում գտնվող Կարսի իգական գիմնազիային[26]: Իսկ դեկտեմբերի 19-ի նիստում կառավարությունը քննարկում է և հաստատում որոշում` Բաքվի և Նուխու հայկական դպրոցներին 400.000 ռուբլու դրամական աջակցություն ցույց տալու մասին[27]: Քննարկումներում որոշում են նաև Հայաստանից դուրս գտնվող հայկական կրթական հաստատություններին նպաստելու համար 1.500.000 ռուբլու վարկ բանալ[28]:

Այսպիսով, ուսումնասիրելով Հայաստանի Առաջին Հանրապետության` գաղութների ու գաղթականության նկատմամբ քաղաքականության կառուցակարգերն ու սկզբունքները, գալիս ենք այն եզրահանգմանը, որ քաղաքական ու սոցիալ-տնտեսական խիստ դժվարին պայմաններում Հայաստանի առաջին Հանրապետության իշխանությունները գտան համապատասխան ներուժը` հայ գաղթօջախների հետ աշխատանքներ կազմակերպելու, գաղթականությանն օժանդակելու և հայապահպանության խնդիրներով զբաղվելու համար:


[1] Տե´ս Հ. Մելիքսեթյան, Հայրենիք-Սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Ե., 1985, էջ 4:

[2] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», Ե., 2014, էջ 142; «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», Ե., 2010, էջ 68; «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918–1920 թթ.» (փաստաթղթերի ժողովածու), Ե., 2003, էջ 203, 256 և այլն:

[3] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 19:

[4] Տե´ս Ալ. Խատիսեան, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, էջ 112-124:

[5] Տե´ս նույն տեղում, էջ 118-121:

[6] Տե´ս նույն տեղում, էջ 120:

[7] Տե´ս «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 228-229:

[8] Տե´ս Ալ. Խատիսեան, նշվ աշխ, էջ 120:

[9] «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 546:

[10] Տե´ս նույն տեղում, էջ 265:

[11] Տե´ս նույն տեղում:

[12] Տե´ս Ալ. Խատիսեան, նշվ աշխ, էջ 121-123:

[13] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 142:

[14] Տե´ս նույն տեղում, էջ 184:

[15] Տե´ս Կ. Հակոբյան, Գաղթականության խնդիրը ՀՀ-ում 1918-1920 թթ., (պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն), Ե., 2006, էջ 79:

[16] Տե´ս Ալ. Խատիսեան, նշվ աշխ, էջ 115-116:

[17] «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 32:

[18] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 59

[19] Տե´ս «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 68

[20] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 225

[21] Ա.Ստեփանյան, 20-րդ դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում, Ե., 2010, էջ 31:

[22] Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 199, ցուցակ 1, գործ 32, թուղթ 349:

[23] Տե´ս «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.», էջ 127:

[24] Տե´ս նույն տեղում, էջ 139:

[25] Նույն տեղում, էջ 414:

[26] Տե´ս նույն տեղում, էջ 163-164:

[27] Նույն տեղում, էջ 361:

[28] Նույն տեղում, էջ 363: