Մասնակից:MERY HAKOBYAN/ավազարկղ

Դավիթ Բեկ

խմբագրել

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 1724 թ-ի սեպտեմբերի 26-ին` Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.: Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

Եղանակ

խմբագրել

Եղանակը մթնոլորտի վիճակն է տվյալ վայրում և տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում (օր, ամիս): Այն կախված է ծովերի ու ցամաքի վրա մթնոլորտային ճնշումների տարբերությունից, օդի ջերմաստիճանից, խոնավությունից, ամպամածությունից, մթնոլորտային տեղումների քանակից, քամիներից: Դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը հանգեցնում է մյուս տարրերի, հետևապես և ամբողջ եղանակի փոփոխության: Եղանակի փոփոխման հիմնական պատճառը Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումն է, որից կախված՝ տարբեր են լինում օդի խոնավությունն ու ճնշումը: Օրինակ՝ հասարակածային շրջաններում և օվկիանոսների տաք ջրերի վրա օդը տաք է, խոնավ, իսկ ճնշումը՝ ցածր: Դրան հակառակ՝ բևեռային շրջաններում՝ ձյան և սառույցի թագավորությունում, օդը սառն է, չոր, իսկ ճնշումը՝ բարձր: Այսպիսով, տարբեր վայրերում ճնշման տարբերությունների պատճառով առաջանում են տարբեր օդային զանգվածներ: Ձևավորման վայրից կախված՝ լինում են հասարակածային, արևադարձային, բարեխառն և արկտիկական (անտարկտիկական) օդային զանգվածներ: Տեղափոխվելով մի տարածաշրջանից մյուսը՝ իրենց ճանապարհին փոխում են եղանակը: Օրինակ՝ արկտիկական օդը, շարժվելով դեպի բարեխառն շրջաններ, առաջացնում է ցուրտ և չոր եղանակ, իսկ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված օդային զանգվածն առաջացնում է մեղմ, զով ու առատ տեղումներով եղանակ: Եղանակը նույնիսկ միևնույն վայրում խիստ փոփոխական է և մեկ օրվա ընթացքում կարող է փոխվել մի քանի անգամ: Օրինակ՝ առավոտյան կարող է լինել պարզ, կեսօրին՝ ամպամած, երեկոյան՝ անձրևային և այլն: Եղանակը կարելի է կանխատեսել ոչ միայն 1–2 օր, այլև շաբաթներ ու, նույնիսկ, ամիսներ առաջ: Դրանով զբաղվում են եղանակի ծառայության կազմակերպությունները՝ օդերևութաբանական բազմաթիվ կայանների լայն ցանցի միջոցով կանոնավոր կերպով կատարվող երկարատև դիտարկումների հիման վրա: Օդերևութաբանները հետևում են, թե ինչպես են տեղաշարժվում բարձր ու ցածր մթնոլորտային ճնշումների կենտրոնները: Այդ գործում նրանց օգնում են եղանակի ծառայության օդանավերն ու նավերը: Առանձնակի նշանակություն ունեն Երկրի օդերևութաբանական արբանյակները, որոնք մշտապես հետևում են եղանակի վիճակին ու փոփոխություններին: Եղանակի կանխորոշումն անհրաժեշտ է թե՜ նավապետներին ու օդաչուներին, թե՜ վարորդներին ու երկաթուղայիններին, թե՜ շինարարներին ու գյուղատնտեսության աշխատողներին: Եղանակից է կախված ցանքի, բերքահավաքի, խոտհնձի ժամանակը, հաճախ՝ նաև մարդկանց առողջական վիճակը, ինքնազգացողությունը:Եղանակի կանխատեսման մեթոդների կատարելագործման նպատակով այսօր համագործակցում են աշխարհի տարբեր երկրների գիտնականները, և դրա շնորհիվ եղանակի կանխատեսման բնագավառում հասել են որոշակի հաջողությունների: Այդ աշխատանքները ղեկավարում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որի կազմում գործում է Եղանակի համաշխարհային ծառայությունը՝ Մելբուռն, Վաշինգտոն և Մոսկվա ջրաօդերևութաբանական կենտրոններով: Նշված կենտրոններն օրական մի քանի անգամ աշխարհի տարբեր տարածաշրջաններից կոդավորված թվային հեռագրերով տեղեկություններ են ստանում մթնոլորտի վիճակի վերաբերյալ, դրանց հիման վրա կազմում են եղանակի քարտեզներ և հեռահաղորդում տարբեր երկրներ: Տեղերում այդ քարտեզների օգնությամբ կանխատեսում են սպասվելիք եղանակը և ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, օրաթերթերով հաղորդում բնակչությանը: Մարդիկ, իմանալով, թե ինչպիսի եղանակ է լինելու վաղը կամ առաջիկա օրերին, ըստ այդմ որոշում են իրենց անելիքը: Տես նաև Կլիմա, Մթնոլորտ, Մթնոլորտային տեղումներ, Ջերմոցային էֆեկտ, Քամի:

Գոշավանք

խմբագրել

Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր: Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է: 1191–96 թթ-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով: Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են, թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203 թթ-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231/41 թ-ին), որի գմբեթը չի պահպանվել: Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–41 թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է: Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը: Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը 1291 թ-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին մասը): Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան: Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (կառուցվել է 1254 թ-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և այլն: 1937 թ-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ-ին՝ Սբ Գրիգոր եկեղեցին, 1957–66 թթ-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ-ին բարեկարգվել է վանքի տարածքը:

  Գոշավանքում կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:

Քաղցը սննդի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր կենդանիներին ու մարդուն: Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգում: Էլեկտրական հոսանքով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել: Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, ճնշման, նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի (քաղցի ցավ) զգացումով, երբեմն` սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով: Քաղցած ժամանակ մեծանում է ստամոքսի և աղիների մկանների լարվածությունը (տոնուս), առաջանում է քաղցի գալարակծկանք, արյան մեջ սննդանյութերի պարունակությունը նվազում է («քաղցած արյուն»): Քաղցի զգացման բավարարումը տեղի է ունենում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսողական համակարգի առաջնային բաժնի վրա և գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն: Սննդի ընդունումից 1,5–2 ժամ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ: Քաղցի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք հարմարվողական մեխանիզմներով մարդուն ու կենդանիներին պաշտպանում են հյուծումից և ստիպում սնունդ որոնել սեփական պահեստների դատարկվելուց շատ առաջ: Քաղցի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման, որոնք կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ և ժամանակին կազմակերպված հանգստով: Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքերում պետք է դիմել բժշկի: Քաղցածությունը կամ սովը, որպես ֆիզիոլոգիական երևույթ, բնության մեջ հաճախ հանդիպում է որոշ կենդանիների (արջ, գետնասկյուռ, ոզնի և այլն) ձմեռային քնի ընթացքում, նաև ցրտի հետևանքով քնափության դեպքում (գորտեր, ձկներ, միջատներ): Դա կապված է օրգանիզմի նյութափոխանակության կտրուկ նվազման հետ, ինչը կենդանիներին հնարավորություն է տալիս տարվա անբարենպաստ շրջաններում երկար ժամանակ կյանքը պահպանել էներգիայի չնչին ծախսի պայմաններում: Այսօր մեծ խնդիր է սովի հիմնահարցը. աշխարհի բնակչության 13 %-ը մշտական թերսնվածության մեջ է, տարեկան 8–10 մլն մարդ մահանում է սովից: Ախտաբանական քաղցածությունն առաջանում է սննդի բացակայության, անբավարարության կամ անլիարժեքության դեպքերում: Երբեմն քաղցածությունն առաջանում է բնական աղետների, պատերազմների ժամանակ (սով) և այլն: Հատկապես աղետալի են քաղցածության հետևանքները երեխաների համար. նման դեպքերում դանդաղում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացումը: Քաղցածությունը լինում է լրիվ (երբ օրգանիզմը սնունդ չի ստանում), բացարձակ (առանց սննդի ու ջրի) և ոչ լրիվ (թերսնում), այսինքն՝ անլիարժեք կամ միատեսակ սնուցում: Լրիվ և բացարձակ քաղցածության դեպքերում օրգանիզմի կենսունակությունը պահպանվում է եղած պաշարների (հիմնականում՝ ճարպի), այնուհետև՝ օրգանիզմի մյուս հյուսվածքների ծախսման հաշվին: Էներգիա ստեղծելու հատկությունն աստիճանաբար նվազում է մարմնի քաշի անկմանը զուգընթաց, իսկ ընդհանուր նյութափոխանակության վիճակը մնում է բնականոնի սահմաններում: Այդ պատճառով քաղցածության ժամանակ նյութափոխանակությունը խթանող գործոնները (ֆիզիկական աշխատանք, շրջապատի ջերմաստիճանի նվազում, օրգանիզմի գերտաքացում, տարբեր հիվանդություններ) մեծացնում են սննդանյութերի կորուստը և արագացնում օրգանիզմի մահը: Լրիվ քաղցածության հանդեպ տարբեր տեսակի կենդանիների դիմացկունությունը տարբեր է: Օրինակ՝ մանր թռչունները կարող են դիմանալ 2 օր, հավերը՝ 14–20 օր, շները՝ 40–60 օր, ձիերը՝ մինչև 80 օր, հասուն մարդիկ՝ 65–70 օր: Աճող երիտասարդ օրգանիզմները մահանում են շատ ավելի շուտ, քան հասունը և ծերը: Դա կապված է ծեր օրգանիզմում նյութափոխանակության ավելի ցածր մակարդակի հետ: Կանայք ավելի հեշտ են դիմանում քաղցին, քան տղամարդիկ: Ոչ լրիվ քաղցածության՝ սննդի անբավարար ընդունման դեպքում օրգանիզմը կարող է ավելի երկար գոյատևել: Պարզվել է, որ քաղցածությունը կարելի է օգտագործել նաև բուժիչ նպատակներով: Ռուս գիտնական Ա. Բակուլևը քաղցաբուժությունն օգտագործել է ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների սուր բորբոքումների, խոցային հիվանդությունների, ճարպակալման բուժման համար: Քաղցաբուժության ժամանակ կիրառվում է նաև սահմանափակող սննդակարգ (դիետա), բեռնաթափող օրաբաժին: Քաղցաբուժության ընթացակարգի ավարտից հետո պետք է օգտագործել կաթնային, բուսական, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ՝ բժշկի նշանակմամբ:

Բժիշկը հետազոտում է հիվանդին և որոշում, թե ինչպես կարելի է կանխել ու բուժել հիվանդությունները: Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ 2 կամ 3 տարի ուսումնասիրում են ընդհանուր բժշկագիտություն, այնուհետև գիտելիքները խորացնում են ևս 3 տարի, ապա ևս 2-3 տարի մասնագիտանում են որևէ նեղ բնագավառում՝ արդեն կլինիկական օրդինատուրայում: Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն): Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում): Քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի հետ, ուստի, խոր գիտելիքներից բացի, նրանից պահանջվում են նաև բազմաթիվ հատկանիշներ, և մշակված են բժշկի վարվելակերպի հատուկ կանոններ: Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի: Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «Հիպոկրատի երդում» և պարտադիր է բոլոր բժիշկների համար: Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին: Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ: ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր:

Տանձենի

խմբագրել

Տանձենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է: Հայտնի է 60 տեսակ, մշակության մեջ՝ 5000 սորտ: ՀՀ-ում հանդիպում է 16 (20) տեսակ՝ կովկասյան, սուր սղոցանման, Թախտաջյանի, ուռատերև, սիրիական և այլ տանձենիներ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ (Զանգեզուրի, խոնարհված, բարձր) տեսակները՝ հիմնականում Սյունիքի մարզում: ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է սովորական տանձենին, որն Արարատյան նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում առաջացնում է ինքնուրույն համակեցություններ՝ տանձուտներ: Բոլոր սորտերն ըստ հասունացման և օգտագործման ժամկետների բաժանվում են 3 խմբի՝ ամառային, աշնանային և ձմեռային: Ցողունը (բարձրությունը՝ 2–20 մ) ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը սեղմված բրգաձև է՝ խիտ ճյուղավորվող: Տերևները ձվաձև են, երկարավուն, եզրերը՝ մանր ատամնավոր: Ծաղկաբույլը վահանիկ է, ծաղիկները երկսեռ են, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն՝ հավաքված ծաղկաբույլերում (5–15-ական): Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, հաճելի համով: Սերմերը մանր են, սևավուն: Երկարակյաց է, ապրում է մինչև 200, ՀՀ-ում՝ 100–150 տարի: Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30–300 (երբեմն՝ 1000) կգ է: Պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, A, B, C վիտամիններ: Օգտագործվում են թարմ և վերամշակված: Մշակվում են Մալաչա, Սինի, Կարմրենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագում ունեցող՝ Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվիե դը Մեր, Նելիս ձմեռային և այլ սորտեր:

Ռեհանը (արքայիկ, ասպրամ) խուլեղինջազգիների ընտանիքի խոտաբույս է կամ կիսաթուփ: Հայտնի է 50 տեսակ: Վայրի տեսակները տարածված են մերձարևադարձային և արևադարձային երկրներում: Մշակովի ռեհանի հայրենիքը Հնդկաստանը և Շրի Լանկան են: Այն տարածված է նաև ՀՀ բոլոր մարզերում: Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20–80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանման է: Օգտագործվում է որպես համեմունք` թարմ և չորացրած` թթուների, պահածոների և կերակուրների մեջ: Ծաղիկները պարունակում են 0,03–1%, ցողունները՝ մինչև 0,02% եթերայուղ: Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում: Հայտնի է նաև էվգենոլային ռեհանը, որը կիսաթուփ է՝ 70–100 սմ բարձրությամբ: Մշակվում է կանաչ զանգվածից (որի բաղադրության 70%-ն էվգենոլ եթերայուղն է) եթերայուղ ստանալու համար: Եթերայուղն օգտագործվում է օծանելիքի և սննդի արդյունաբերությունում՝ որպես հոտավետ նյութ և վանիլինի ստացման հումք: Էվգենոլը կիրառվում է նաև բժշկության մեջ: