Լոռու մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
ՏեղադրությունՎանաձոր, Լոռու մարզ
ՀասցեՎարդանանց 25
Այլ տվյալներ
Կայքlmg.am

Լոռու մարզային գրադարան, Լոռու մարզի ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանը: Հիմնադրվել է 1915 թվականին։ Գտնվում է Վանաձորի Արցախ պուրակի հարևանությամբ՝ Վարդանանց 25 հասցեում։

Պատմություն խմբագրել

Լոռու մարզային գրադարանի պատմության սկիզբը 1915 թվականն է. հիմքում եղել է Վերգինե Մխիթարյանի տնային գրադարանը: Վ.Մխիթարյանը Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակի հերոսուհու՝ Վիկտորյայի նախատիպն է[1]: Հենց նրա գրադարանի բազայի հիման վրա 1927 թվականին ստեղծվել է քաղաքային գրադարան: Խորեն ավագ քահանա Խանզադյանը իր հուշերում նշել է, որ դեռևս 1870-ական թվականնների վերջերից հանգանակությունների շնորհիվ Ղարաքիլիսայում բացվել է գրադարան[2]: Այս հուշագրության հիման վրա որոշ մտավորականներ Լոռու մարզային գրադարանի պատմության սկիզբը համարում են 19-րդ դարավերջը՝ 1870-ական թվականները:

1932 թվականին պետթատրոնում Մաքսիմ Գորկու ծննդյան 40-ամյակի հանդիսավոր նիստին որոշում է կայացվել քաղաքային գրադարանը Մ.Գորկու անվամբ կոչելու մասին:

1975 թվականին ստեղծվել է գրադարանների կենտրոնացված համակարգ: Նույն թվականին շահագործման է հանձնվել գրադարանի նորակառույց շենքը, որտեղ տեղավորվում է համակարգի Կենտրոնական գրադարանը:

1985 թվականին Կենտրոնական գրադարանը Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է նրա անունով:

1998 թվականին Կենտրոնական գրադարանը անջատվեց համակարգից և դարձավ Լոռու մարզի հանրապետական, ապա՝ 2003 թվականին, Լոռու մարզային գրադարան:

Այժմ Լոռու մարզային գրադարանի ֆոնդում առկա է շուրջ 400000 կտոր գրականություն:

Վարիչներ (տնօրեններ) խմբագրել

1. Հովհաննես Միքայելյան,

2. Ամալյա Խաչատրյան,

3. Արտաշես Մխիթարյան,

4. Էդիկ Ղազարյան,

5. Ալբերտ Լոռեցյան,

6. Լաերտ Մկրտչյան,

7. Անահիտ Քոչարյան,

8. Կարինե Հակոբյան[3]:

Բաժիններ խմբագրել

Սպասարկման բաժին

  • Աբոնեմենտ,
  • Մամուլի ընթերցասրահ,
  • Ընդհանուր ընթերցասրահ:

Սպասարկման բաժինը մեծ աշխատանք է իրականացնում ընթերցողների սպասարկման և ներգրավման գործում:

Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին

Պատասխանատու է նոր ստացված գրականության մշակման, գրացուցակների կազմության, տեղադրման, գրքերի բաշխման համար:

Մանկական բաժին

Գտնվում է առանձին մասնաշենքում (Վանաձոր, Տիգրան Մեծի 24 հասցեում), իրականացնում է աշակերտների, նաև ուսանողների սպասարկումը: Մանկական բաժինը մասսայական միջոցառումների հարուստ ավանդույթներ ունի: Հաճախակի է կազմակերպում գրադարանի ակտիվ եւ շնորհալի ընթերցողների «ֆորմուլյարի պաշտպանություն» միջոցառումը, որը մեծ ոգեւորություն է առաջացնում հատկապես բարձր տարիքի ընթերցողների շրջանում:

Մատենագիտական տեղեկատվության բաժին

Կատարում է տեղեկատու-մատենագիտական աշխատանքը և գրադարանի վիճակագրությունը:

Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

Այստեղ գործում է նաև ընթերցասրահ, կիրառվում է միջգրադարանային աբոնեմենտի գործառույթ:

Արվեստի բաժին

Ֆոնդի մեջ մտնում են գրքեր, ձայնապնակներ, դիաֆիլմեր եւ դիապոզիտիվներ: Արվեստի գրքային ֆոնդը արտացոլված է կարգային գրացուցակում, իսկ տեսալսողական ֆոնդը ներկայացված է ինչպես կարգային, այնպես էլ այբբենական գրացուցակներում:

Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության բաժին

2002 թվականին «Եվրասիա» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվեց ինֆորմացիոն-տեղեկատվական կենտրոն, որը վերակազմավորվեց Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի: Ժամանակակից տեխնիկայով հագեցած բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Էլեկտրոնային գրացուցակի ստեղծում ԿՈՀԱ, WINISIS ծրագրերով,
  • Ազգային գրադարանի թվայնացված թերթերի մշակման աշխատանքների կազմակերպում,
  • Վեբ կայքի, սոց. էջերի, ինտերնետ կապի սպասարկում,
  • Գրադարանի աշխատակազմի համակարգչային գիտելիքների ուսուցում, վերապատրաստում,
  • Համակարգիչների տեխնիկական սպասարկում:

Այլ խմբերի հետ աշխատանքի և սպասարկման բաժին

Կազմակերպում է հաշմանդամների, տարեցների տուն-գրադարանային սպասարկումը, համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ[3]:

Վանաձորի Ամերիկյան անկյուն

2007 թվականից Լոռու մարզային գրադարանում գործում է Վանաձորի Ամերիկյան անկյունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում անգլերեն լեզվով գրականության սպասարկման գործում, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ:

Գրադարանում ընթերցողների սպասարկման բարձր մակարդակն ապահովվում է «Ընտանեկան գրադարանավար», «Արեւ», «Իրտեկ», «Winisis», EBSCO եւ այլ ծրագրերի օգտագործումով: Գրադարանը մասնակցել է զանազան դրամաշնորհային ծրագրերի մրցույթների՝ «Գրադարանների ֆոնդերի նպատակային համալրում տեղեկատու-մասնագիտական գրականությամբ» (Բաց հասարակության ինստիտուտ), «Գրադարաններն իբրեւ հանրային հաղորդակցության կենտրոններ» (Եվրասիա), «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» (Սիվիլիթաս), «Առողջապահական կամուրջ» (EIFL) եւ այլն: Լոռու մարզային գրադարանը համագործակցում է գրադարանի զարգացմանն աջակցող գիտակրթական հաստատությունների, հիմնարկների, տեղական կառավարման մարմինների, այլ գրադարանների եւ զանազան հասարակական կազմակերպությունների հետ: Գրադարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները (Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանային երեկո, մասսայական միջոցառումներ եւ այլն) ուղեկցվում են գրքային հարուստ ցուցահանդեսներով:

Աղբյուրները. խմբագրել

Գագիկ Աղաբաբյան «Մուսաների ծառաները», Վանաձոր, 2013 [1]

Խորեն ավագ քահանա Խանզադյան «Հուշեր և տպավորություններ», Երևան, 1998 «Վանաձոր», Երևան, 2012 [2]

Ֆրոսյա Ջանջուղազյան «Լոռու մարզային գրադարանի պատմությունը», Վանաձոր, 2010[3]

Ժամանակագրություն. խմբագրել

1915 թվական - ստեղծվել է Վերգինե Մխիթարյանի տնային գրադարանը,

1927 թվական - հիմնադրվել է քաղաքային գրադարանը,

1932 թվական - քաղաքային գրադարանը անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով,

1975 թվական - ստեղծվել է Գրադարանների կենտրոնացված համակարգը,

1985 թվական - Կենտրոնական գրադարանը անվանակոչվել է Վահան Տերյանի անունով,

1998 թվական - Կենտրոնական գրադարանը անջատվեց Գրադարանների կենտրոնացված համակարգից և դարձավ Լոռու մարզի հանրապետական գրադարան

2003 թվական - անվանափոխվել է Լոռու մարզային գրադարան:

2007 թվական - սկսել է գործել Վանաձորի ամերիկյան անկյունը:

2017 թվական - սկսել է գործել «Անհաղթ աքլոր» մշակութային կենտրոնը:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աղաբաբյան, Գագիկ (2013). «Մուսաների ծառաները». Վանաձոր.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Խանզադյան, Խորեն ավագ քահանա (1998). «Հուշեր և տպավորություններ». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 Ջանջուղազյան, Ֆրոսյա (2010). «Լոռու մարզային գրադարանի պատմությունը». Վանաձոր.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)