Հատկացուցիչ խմբագրել

Սա գոյականական անդամի այն լրացումն է, որ ցույց է տալիս լրացյալի պատկանելությունը, վերաբերությունը, սերումը, ծագումը։ Պատասխանում է ո՞ւմ կամ ինչի՞ հարցին։

Հատկացուցիչն արտահայտվում է՝ • գոյականի, գոյականին հարաբերակից դերանվան կամ գոյականաբար գործածված որևէ բառի սեռական-տրական հոլովի անորոշ առումով. Շենքի ճակատը զարդարված է գունավոր պաստառներով։ Սա ո՞ւմ գիրքն է։ 'Ոչ մեկի' պատասխանն ինձ չգոհացրեց։ Բոլոր ելույթ ունեցողների խոսքում հուզմունք կար։ Տասնհինգի դիմումն ընդունվեց, մյուսների խնդրանքը մերժվեց։ Գնանք նայենք համալսարան ընդունվածների ցուցակը։ • անձնական դերանվան սեռական հոլովով. Քո խոստումը չմոռանաս։ Օգտվի՛ր իմ գրքից։

Հատկացյալը երբեմն զեղչվում է, իսկ նրա վերջավորությունները փոխանվանաբար իր վրա է վերցնում հատկացուցիչը. Արամի ասածը ճիշտ էր, Գոռինը (= Գոռի ասածը)՝ սխալ։ Իմ պատասխանից ուսուցիչը գոհ էր, քոնից (= քո պատասխանից)՝ նույնպես։

Հատկացուցիչի լրացյալը կոչվում է հատկացյալ։ Հատկացուցիչը հատկացյալին կապակցվում է խնդրառությամբ։

Հիշենք, որ հատկացյալն արտահայտվում Է՝ • գոյականով. Հիվանդի դեմքը ջերմությունից կարմրել էր։ Զանգիր իմ հեռախոսով։ • գոյականին հարաբերակից դերանունով. Խաչիկի ի՞նչն ես դու։ • գոյականաբար գործածված ածականով, թվականով, դերբայով. Աշոտն է դասարանի ամենալավ սովորողը։ Իմ մեծը սովորում է համալսարանում։ ժամանակիս մեկ երրորդը կորցրի՝ քեզ սպասելով։

Հատկացուցիչը հատկացյալի նկատմամբ սովորաբար լինում Է նախադաս, բայց շրջուն շարադասությամբ կարող Է լինել նաև հետադաս. Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր... Հատկացուցիչը կարող Է պարտադրված շրջուն շարադասություն ունենալ, եթե ունի որոշիչ ստորադաս նախադասություն՝ առանց հարաբերյալի։ Օրինակ՝ Ազնոն դուստրն էր իմ վաղեմի ծանոթի, որի տանը գիշերելու էինք ես և իմ ձին։

Անորոշ դերբայով արտահայտված հետադաս հատկացուցիչը և նրա հատկացյալը կարող են ընդմիջված լինել ստորոգյալով. Մեր մարզիկները շատ մեծ հնարավորություն ունեն այս մրցամարտում հաղթելու։

Եթե հատկացուցիչի և հատկացյալի միջև լինում է գոյականով կամ գոյականաբար գործածված որևէ բառով արտահայտված այլ անդամ, որը կարող է սխալմամբ ընկալվել իբրև հատկացյալ, ապա իմաստային հնարավոր շփոթը կանխելու համար հատկացուցիչի վրա բութ է դրվում. Կարինեի՝ սուր քթով կոշիկը մաշվել է։ Նույն նպատակով բութ է դրվում նաև այն դեպքում, երբ հատկացուցիչի և հատկացյալի միջև լինում է ներգործական սեռի բայի հարակատար դերբայով արտահայտված անդամ, որը կարող է հատկացուցիչի հետ միասին ընկալվել իբրև դերբայական դարձված. Կարոտել եմ մեր դաշտերի՝ նոր հնձած խոտի բույրը, աղբյուրների սառը ջուրը։