Վանուշ Հովհաննեսի Չիլինգարյանը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղում, 1929 թվականի հոկտեմբերի 14-ին: Նախնական կրթությունը ստացել է տեղի յոթամյա դպրոցում և հետո ուսումը շարունակել Շնող գյուղի միջնակարգ դպրոցում: 1948 - ին գերազանց գնահատականներով ավարտել է Վանաձորի գյուղատնտեսական տեխնիկումը: 1950-1953 թվականներին ծառայել է սովետական բանակում: 1953թ. օգօստոսի 13 – ին հրատապ տագնապով զորամասը տեղափոխվում է Լեհաստան, որտեղ մարտական գործողությունների ընթացքում ծանր վիրավորվում է, ինչի արդյունքում հեռացվում է ձախ ոտքը: Այդտեղից տեղափոխվում է տարածաշրջանային (օկրուգային) հոսպիտալ: Մի քանի ամիս անց ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումով զորացրվում է: Այդ նույն տարում էլ ընդունվում է Վանաձորի բժշկական ուսումնարանի բուժական բաժինը, որը 1956թ. ավարտում է գերազանց դիպլոմով, որը և համազոր էր միջնակարգ դպրոցի ոսկե մեդալին: Մեկ տարի որպես բուժակ աշխատել է Վանաձորի թիվ 1 մանկական կոնսուլտացիայում: 1957թ. Ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և այն ավարտել 1963 թվականին, ստացել վիրաբույժ վնասվածքաբանի որակավորում: 1962 – 1968 թթ-ին, ուսանողական տարիներին, աշխատել է Երևանի պրոթեզավորման գործարանում` որպես բժիշկ – պրոթեզավորող, 1968 – 1995թթ.` 14 – րդ պոլիկլինիկայում որպես գլխավոր մասնագետ, 1972 – 1995թթ. Բժշկական ինստիտուտի ցիկլային հանձնաժողովի նախագահ, համատեղության կարգով` առաջին և երկրորդ բժշկական ուսումնարաններում` որպես դասախոս: 1988թ. ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 1988թ. դեկտեմբերին մեկնել է Լենինական և աշխատել երկրաշարժի գոտում` Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր Եվդուշենկոյի գլխավորությամբ: 1990 – 1992 թվականներին, երբ տարիքն արդեն 60-ն անց էր, կամավոր մեկնել է Արցախ` Շահումյան և Ասկերանի շրջանններ, Ստեփանակերտ, կատարել է շուրջ 300 վիրահատություն, վիրավորվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: 1995թ. աշխատել է Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժական - գիտական կենտրոնում` որպես փոխտնօրեն: 2001թ. հրավիրվել է Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն` նոր կադրեր պատրաստելու համար: Զուգահեռ աշխատել է Ավանդական բժշկական ինստիտուտում` որպես պրոռեկտոր: Մահացել է 2015 թվականի մարտի 6-ին, թաղված է հայրենի Արճիս գյուղում