Գ․ Կուրբանյանի տունը 19-րդ դարի կեսերին, Փավստոս Բուզանդի փողոց 28։ Միհարկ, նկուղով, փոքր ծավալի շինություն է, փողոց ուղղված կարճ ճակատով։ Մուտքը բակից է։ Պատերը շարված են աղյուսից։ Փողոց նայող հարավ-արևմտյան ճակատի գեղարվեստական կերպարը բնորոշվում է երեք լուսամուտներով։ Դրանք կիսակոր կամարներով ավարտվող, շրջանակներով և ատամնաշար զարդաքիվերով ուղղանկյուն բացվածքներ են։

Ե․ Սահակյանի տունը, 1894 թվականին, Փավստոս Բուզանդի փողոց, 30։ Միրհակ, նկուղով կառույց է, բաղկացած գլխավոր մասնաշենքից և բակի առանձնատներից։ Գլխավոր մասնաշենքում սենյակները (29 ք․մ և այլ) դասավորված են երկշարք կարգով, բակում՝ միաշարք։ Բնակարանի մուտքը բակից է, որ փողոցից տանում է երթանց։ Վերջինիս մեջ է թաղակապ նկուղի դուռը։ Փայտյա բաց պատշգամբը ձգվում է բակահայաց ճակատով և բոլոր սենյակները կապում միմյանց։ Սև տուֆով շարված գլխավոր ճակատը ճարտարապետական զուսպ լուծում ունի։ Լուսամուտները երեսակալներով և աղեղնաձև բարավորներով են։ Դրանցից վերև քանդակված են քառատերև վարդակներ։ Ճակատի աջ կողմում աչքի են ընկնում երթանացի մուտքն ու մեծ լուսամուտը։ Այս մասում նկուղն ունի փոքր, ուղղանկյուն, հիմնաշարի մեջ բացված լուսամուտ։ Ճակատն ավարտվում է պարզ քիվով։