Արցախ (նաև՝ Փոքր Սյունիք), Մեծ Հայքի տասներորդ նահանգը:

Այն հիշատակվում է դեռևս ուրարտական աղբյուրներում:

Արցախը գտնվում է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում: Հյուսիսից և արևելքից այն սահմանակից է Մեծ Հայքի Ուտիք նահանգին, արևմուտքից՝ Սյունիք նահանգին, հարավում՝ Արաքս գետով սահմանակցում է Վասպուրական և Փայտակարան նահագներին:

Արցախում սկիզբ առնող գետերը հոսում են դեպի Արաքս և Կուր: Տարածքի մեծ մասն անտառապատ է: Հարուստ է օգտակար հանածոներով:

Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հացահատիկի մշակումը, այգեգործությունը, անասնապահությունը և շերամապահությունը:

Արցախի տարածքում և Սևանի ափին գտնված սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 764-735 թվականներին Սարդուրի Բ արքան նվաճել և Վանի թագավորությանն է միացրել Արցախի տարածքը: Գտնված երկու արձանագրություններում էլ հիշատակվում է Ուրդեխինի-Արդուխանի անվանումները: Այդ անվանումները գիտությանը հայտնի «Արցախ» անվան հայտնի վկայությունն է: Պատմական այն ժամանակից սկսած Ուրդեխինի-Արդուխանի-Արցախը գտնվել է Հայոց պետության կազմում:

Դասական աղբյուրները միշտ էլ ներկայացնում են, որ Սևանի արևելյան ափից մինչև Մուղանի դաշտը և Արցախի լեռնաշղթայով մինչև Արաքս գետը տարածված Արցախն եղել է Հայաստանի սահմանների մեջ: Այսպիսով, մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհում առաջացած Երվանդունիների թագավորության կազմի մեջ մտնում էին Կոմմագեննեն, Ծոփքը, Աղձնիքը, Մոկքը, Վասպուրականի զգալի մասը և Տուրուբերանը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը ։

Հույն աշխարհագետ Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար) Արցախը դասել է Մեծ Հայքի հզոր նահանգների շարքը և տեղեկացնում է, որ պատերազմների ժամանակ նա հանում էր մեծաքանակ այրուձի: Նա վկայում է, որ Մեծ Հայքի սահմանների մեջ գտնվող Արցախ-Օրխիստինայում բնակչությունը եղել է միալեզու, խոսել են մեկ լեզվով՝ հայերենով:

Տիգրան Մեծի գահակալության շրջանում բացի մայրաքաղաք Տիգրանակերտից, նույն անունով քաղաքներ են հիմնվում նաև Արցախում և Ուտիքում, իսկ Տիգրանավան՝ Գողթնում։ Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակում է Ասինիոս Քվադրատոսը (160-230) իր «Պարթևականք» աշխատության մեջ, որի պատառիկները մեծ են հասել Ստեփան Բյուզանդացու միջոցով։ Պատառիկներից մեկում ասված ․ «Այդ ժամանակ հայոց թագավոր Պակորը (Բակուրը) գտնվում էր Հայաստնում՝ Արտաշատի մոտ և Ուտիքում»։ Խոսքը վերաբերվում է այն պահին, երբ նոր գահակալած Բակուրը գտնվում էր հիմնական ձմեռանոցում՝ Ուտիքում (այժմյան Դաշտային Ղարաբաղը), «Մյուս Տիգրանակերտ» կոչվող վայրում, Արցախ նահանգին սահմանակից։ Այս դեպքը տեղի է ունեցել մինչև Արտաշատի գրավումը Պրիսկոսի կողմից՝ 163 թվականին։

Մովսես Խորենացին Հայքի հյուսիսային և արևելյան սահմանը համարելով Կուր գետը, հայտնում է, որ Մեծ Հայքը սահմանափակվել է Հայոց լեզվի տարածման եզրով՝ «զեզերք հայկական խօսիցս» («Պատմություն Հայոց», Տփղիս, 1913, էջ 113):

Արցախ նահանգն ունեցել է 12 գավառ՝ Մյուս Հաբանդ (Սիսական), Բերդաձոր (Բերձոր), Վայկունիք (Քարվաճառ), Բուստի (Տավուշ), Մեծ Առանք (Մարտակերտ), Մեծ Կվենք, Հարճլանք (Վարանդա), Մուխանք (Մարտունի), Պարզկանք (Ասկերան), Պրանք (Ակնա), Փառնես (Գետաբեկ), Կողթ (Շահումյան):

Ըստ ավանդության Արցախի նախարարական տոհմը սերված է Հայկ նահապետի ժառանգ Սիսակից: Նախարարական տան նախահայրն է եղել Առանը, իշխանանիստը՝ Ծավդեք (Սոթք) ավանը:

4-րդ դարի սկզբին Արցախւ հենակետ է եղել քրիստենությունն Աղվանքում տարածելու համար: Այդ գործում մեծ է Արցախի, Ուտիքի և Աղվանքի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի դերը (Գրիգոր Լուսավորչի թոռը): Հենց այդ դերի համար էլ նա զոհվեց Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով:

4-րդ դարի մեր թարգմանիչներին հայտնի էր, որ Արցախ աշխարհի հայությունն ունեցել է իր բարբառը: Այս հանգամանքը հիմնավորված է Ստեփանոս Սյունեցու (7-րդ դար) քերականական աշխատության մեջ: 5-րդ դարի սկզբին հայկական գրերն Արցախում տարածել է Մեսրոպ Մաշտոցը, հիմնել Արցախի առաջին հայկական դպրոցը Ամարասում:

428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության վերացումով Սասանյան Պարսկաստանը բաժանում է այն և ստեղծում մարզպանություններ: Այդ տարիներին հյուսիս-արևելյան նահանգները՝ Արցախն ու Ուտիքն անդրկուրյան Աղվանքի հետ միավորվեց «Աղվանք» կամ «Առան» կոչվող մարզպանության մեջ, որի կենտրոնը սկզբում Դերբենտն էր, իսկ 5-րդ դարի երկրորդ կեսին՝ նորակառույց Պարտավը:

451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտում Արցախի այրուձին ղեկավարել է Արցախի Բակ իշխանը, որը հետագայում պաշտպանել է Արցախը պարսիկների ոտնձգություններից: Ավարայրի ճակատամարտից հետո, 480-ական թվականների Վահանանց պատերազմը ստիպեց Պարսից արքունիքին քաղաքական զիջումներ անել մարզպանություններին և Աղվանքի մարզպանության հայկական մասը, Արցախի նախարարական տոհմի գլխավորությամբ, ստեղծեց իր ինքնուրույն թագավորությունը, որի գահակալը դարձավ Արցախի տեր Վաչագան Բարեպաշտը (485-523): Այդ տարիներին Արցախն իր մեջ է ներառում Ուտիքն ու անդրկուրյան Կամբեճան (Շաքի) գավառը և այդ տարածքը կոչվում էր «Հայոց արևելից կողմանք»:

7-րդ դարի սկզբին Արցախ են ներխուժում խազարները, իսկ մինչև 9-րդ դարի վերջը այն գտնվում էր արաբների տիրապետության տակ: Վերջիններիս տիրապետության տարիներին այստեղ գործել են Արցախի նախարարական տոհմի երկու ճյուղերը՝ Խաչենցիները՝ Սահլ Սմբատյանի և Դիզակցիները՝ Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ: Այս երկու իշխանական ճյուղերը հետագայում ընդունելով Բագրատունյաց թագավորության գերիշխանությունը, Խաչենում և Դիզակում ստեղծեցին իրենց փոքրիկ թագավորությունները:

10-րդ դարի սկզբին Արցախում ստեղծվեցին չորս նոր իշխանություններ՝ Վերին Խաչեն (Սոթք, Ծար, Հաթերք), Ներքին Խաչեն (Գանձասար), Մեծ Առանք (Մարտակերտի և Մարտունու շրջաններ) և Փառիսոս (Շամքոր, Փառնես, Գարդմանք, Ձորագետ և Կամբեճան): Վերջինս 10-րդ դարի կեսերին կտրվեց հայկական միջավայրից և հարեց քաղկեդոնականությանը (դրան նպաստեղ վրաց իշխան Գուրգենի քույր Դինարը, որն իշխանորդու մայրն էր): Փառիսոսի թագավորությունը գոյատևեց 150 տարի և վերացավ Գանձակի էմիրության հարձակումների հետևանքով:

12-րդ դարի կեսերին Արշախ-Խաչենի իշխան Հասան-Ջալալը մոնղոլներից պաշտպանվելու համար ապաստանում է Խոխանաբերդում: Հայրենի երկիրը և հողը փրկելու համար իշխանի դուստր գեղեցկուհի Ռուզաքանը համաձայնում է զոհել իրեն և դառնալ մոնղոլ զորապետ Բորա Նոյինի կինը: Հենս Հասան-Ջալալն էր, որ միջնորդ դառնալով մոնղոլների և Կիլիկիայի թագավոր Հեթումի միջև, փրկեց Հայոց թագավորությունը կործանումից: Իր հերթին, Հեթում թագավորը Արցախից սերված Հեթումյանների տոհմից էր: Սակայն հետագայում արաբները չներեցին Կիլիկիայի հայերին մոնղոլների հետ դաշինք կնքելու համար և կործանեցին խաչակիրների կողմից կեղեքված ու թալանված Հայոց Կիլիկիան:

15-րդ դարից սկսած Արցախը կորցնում է իր վարչա-քաղաքական նշանակությունը և դառնում է աշխարհագրական հասկացողություն: Արցախ անվանումը փոխարինվում է «Ղարաբաղ» անվանումով: Արցախի նախարարական տոհմերից գլխավորը՝ Հասան-Ջալալյանները մեծ վերելքով շարունակում է գոյատևել միայն Խաչենում, որտեղ էլ կառուցվում են միջնադարյան Արցախի նշանավոր հոգևոր կենտրոնները՝ Գանձասարի վանքը, Դադիվանքը (Խաթրավանք), Գտչավանքը, Գետամիջի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ վանքերը, ուր ծաղկում է հոգևոր և մշակութային կյանքը, ստեղծվում են բազմաթիվ ձեռագրեր:

15-16-րդ դարերում Արցախ ներխուժած թուրքմենական ցեղերը մեծ վնաս հասցրին Արցախի տնտեսությանը, խաթարվեց մշակութային կյանքը: Սակայն Խաչենում շարունակվեցին պահպանվել հայկական պետականության վերջին բեկորները, որոնց հիմքի վրա 16-17-րդ դարերում ստեղծվեցին Ղարաբաղի և Սյունյաց մելիքությունները: Վերջիններս էլ դարձան պարսկական և օսմանյան բռնակալությունների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի դրոշակակիրները:

Այդ տարիներին քաղաքական կյանքի կենտրոնը դարձավ Գանձասարի վանքը: Շարժման ղեկավարն էր Գանձասարի կաթողիկոս, պատմիչ Եսայի Հասան-Ջալալյանը: Վերջինս, Իսրայել Օրու հետ, հիմք դրեց հայ ժողովրդի ռուսական կողմնորոշմանը:

18-րդ դարի կեսերին, օգտվելով Ղարաբաղի մելիքների ներքին երկպառակտություններից, նահանգի վրա իր տիրապետությունն է հաստատում քոչվոր Սարջալ ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալի խանը: Ստանալով Վարանդայի մելիք Շահնազար Բ-ի օժանդակությունը, նա տիրեց Շոշ գյուղի բերդին և իրեն հռչակեց Ղարաբաղի խան: Վերջինիս օժանդակում և քաջալերում էր Պարսից արքունիքը:

Տասնամյակներ տևած մաքառումներն ի վերջո բերեցին այն բանին, որ 1805 թվականին Ղարաբաղն ինքնակամ ընդունեց Ռուսաստանի տիրապետությունը, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով այն ձևակերպվեց իրավաբանորեն: Դրանով Ղարաբաղի ժողովուրդը փրկվեց թուրքերի ու պարսիկների վայրագություններից:

1822 թվականին վերացվեց Շուշիի խանությունը, իսկ 1868 թվականին Ղարաբաղը մտավ Ռուսական կայսրության մեջ ստեղծված Ելիզավետպոլի նահանգի մեջ: ԱՅդ նահանգի մեջ մտան նաև Շուշին, Ջաբրայիլը, Ջիվանշիրը և Զանգեզուրը:

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ղարաբաղի իշխանությունը գտնվում էր Հայոց Ազգային խորհրդի ձեռքին, բայց 1918-1920 թվականներին թուրքերին հաջողվեց հրդեհել Շուշին, որին զոհ գնաց քաղաքի հայ բնակչության շուրջ 20%-ը:

1918 թվականի Սարդարապատի հերոսամարտին իրենց մասնակցությունն ունեցան նաև արցախցիները, իսկ ճակատամարտի գլխավոր հրամանատարը Արցախի Նախիջևանիկ գյուղում ծնված Դանիել-բեկ Փիրումյանն էր:

1920 թվականի ապրիլի 27-ին Արցախում հաստատվեց խորհրդային իշխանություն, իսկ 1923 թվականին, ոտնահարելով տեղի հայ ժողովրդի ողջ իրավունքները, Արցախ աշխարհի լեռնային և նախալեռնային մասը՝ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիակով, մտցվեց նորահայտ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Ռուսների հետ բարեկամություն խաղացող թուրքերին և սրանց ցեղակից ադրբեջանցի հորջորջվող կովկասյան թաթարներին հաջողվեց իր պատմական հայրենիքից կտրել Արցախ աշխարհը: Մարզի կենտրոն հռչակվեց Ստեփանակերտը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր զավակներ խիզախորեն մարտնչեցին ընդհանուր թշնամու դեմ: Նրանցից 20-ին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչվում: Շատ զորամիավորումներ ղեկավարում էին գեներալի կոչման արժանացած հրամանատարները:

1988 թվականի փետրվարի 20-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած աննախադեպ հզոր հանրահավաքը ցնցեց ողջ Խորհրային Միությունը: Այդ նույն օրը Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց պատմական որոշում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Մայր Հայրենիքին միանալու մասին: Սակայն խաղաղ ճանապարհով առաջ քաշված այս հարցը չստացավ իր արժանի գնահատականը ոչ ադրբեջանական իշխանությունների և ոչ էլ խորհրդային ղեկավարության շրջանակներում: Ընդհակառակը, սկսվեց և տարածվեց բռնությունների նոր ալիք: Մեկ շաբաթ անց իրագործվեց Սումգայիթում ապրող հայերի ցեղասպանությունը: Խորհրդային բանակից ստացած օգնության շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ն ձեռնամուխ եղավ իրագործելու դաժան հաշվեհարդար ոչ միայն Արցախի, այլև ողջ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ:

Արցախի ժողովուրդը ստիպված եղավ դիմել զենքի և զենքի ուժով նվաճելու իր անկախությունը: Թշնամու դեմ կռվի ելան բոլորը՝ մեծ ու փոքր, կանայք ու երեխաները: Այդ անհավասար կռվում արցախցիների կողքին կանգնեցին Մայր Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ: Սկսվեց Արցախյան ազատամարտը, որն այս անգամ պսակվեց հաղթանակով: Դուրս գալով ԽՍՀՄ-ի և հետևաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին փաստացի ստեղծվեց անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ Հայկական երկրորդ պետական կազմավորումը: Մեկ տարի անց ազատագրվեց Շուշին:

Արցախի անկախության հռչակագրով հանրապետության մեջ մտան Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Շուշիի և Քաշաթաղի շրջաններն ու Գետաշենի ենթաշրջանը: Հետագայում նրանց միացվեց Վայկունքի (Քարվաճառ) շրջանը: Ազատագրվեցին պատմական Արցախի Կովսականի (Զանգելան), Քաշունիքի (Ղուբաթլու), Ջաբրայիլի (Ջրական) շրջանները, Վարանդայի (Ֆիզուլի) և Ակնայի (Աղդամ) շրջանների մի մասը:

Պատերազմի դաշտում ահեղ թշնամին պարտվեց: Կնքվեց հրադադար: Սակայն դիվանագիտական պատերազմը շարունակվեց: Թշնամու հսկողության տակ էին մնացել Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը: