Գ. Հովսեփյանի տունը, 19-րդ դարի վերջ, Փավստս Բուզանդ փողոց, 32: 1920- ականներին այստեղ բնակվել է բժիշկ, պրոֆեսոր Վահան Արծրունին: Երկհարկանի է՝ հատակագծումուղղանկյուն գծագրությամբ: Ունի կիսանկուղային հարկ, ուր տեղավորված են տնտեսական և օժանդակ սենյակները: Փողոցակողմի մասը, որն ունի գլանաձև թաղային ծածկ և լուսամուտներ, հատկացված էր մառանին: Բնակելի հարկում հինգ սենյակներ են, որ խմբավորված են նախասենյակի շուրջը: Ընդհանուր սենյակը և կողային սենյակները նայում են փողոց՝ հարավ-արևմուտք, իսկ երկուսը՝ դեպի բակ, հյուսիս-արևելք: Տան մուտքը՝ թե՛ բնակելի և թե՛ տնտեսական մասի, բայց պատշգամբասրահից է, որը գրավում է բակահայաց ողջ ճակատը: Կողաճակատին կից քարե լայն աստիճանները տանում են պատշգամբասրահ: Շինված է տուֆ քարից և աղյուսակից: Ծածկը փայտից է: Ժամանակին ունեցել է հողե հարթ տանիք: Այժմ փոխարինված է երկթեք, շիֆերապատ տանիքով, ճակատի ստորին մասը սվաղված է կրաշաղախով: Գլխավոր ճակատն ունի համաչափ լուծում՝ եռամաս, ուղղահայաց բաժանումներով: Առանձնապես արտահայտիչ են բնակելի հարկ ուղղանկյուն լուսամուտները, որ շրջանակված են երեսակալներով, վերևում ունեն եռանկյուն զարդաքիվեր: Պարզ գծակերպ քիվը և ձգագոտին լրացնում են ճակատի դեկորատիվ հարդարանքը: Նկուղային հարկը օգտագործվում է որպես բնակելի տարածություն:


Լ. Աբրահամյանի տունը, 19-րդ դարի, Փավստոս Բուզանդի փողոց, 38: Մեկհարկ է, կիսանկուղով: Հատակագիծն ուղղանկյուն է, սենյակների միաշար դասավորությամբ: Տան մուտքը պատշգամբասրահից է, որը ձգվում է բակի կողմի ողջ ճակատով, և ուր տանում է քարե թաղով ծածկած երթանցը: Տուֆով երեսապատված գլխավոր ճակատը համաչափ է, հարդարված հարթությունը բաժանող ձգագոտիներով և որմնասյուներով, որոնք շարված են ռուստով շքահարկի բարձրության չափով: Կողային մուտքի մասը շեշտված է աղեղաձև բարավորով ավարտվող լայն բացվածքով: Գեղարվեստական տարրերը պարզ են՝ լուսամուտագոգերի տակ բաշխված կվադրեր, որոնք կրկնում են տանիքի եզրապատի վրայի սկավառներով զուգակցված ծոփերը փևավորող եղևնագիծ զարդաքանակը: