Մասնակից:Վիկտորյա Հարությունյան/Ավազարկղ

                                     Տիգրան Բ-ի Գահակալումը
  Մ.Թ.Ա. I դարի առաջին տասնամյակները Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Հայաստանը բռնեց արտաքին նվաճումների ուղին և ստեղծեց մի աշխարհակալ տերություն, մեկն այն տերություններից, որոնք պարբերաբար առաջանում ու տրոհվում էին Առաջավոր Ասիայում Հին-արևելյան և Հելլենիստական դարաշրջանում: Հայկական պետության տերիտորիան ընդլայնվեց ի հաշիվ շրջակա մոտ ու հեռու երկրների, և Հայաստանը դարձավ ժամանակի հզորագույն քաղաքական ուժերից մեկը:
   Այս է պատճառը, որ պատմագրության հայացքը միշտ էլ գամված է եղել հայ ժողովրդի պատմության այդ դրվագի ու ժամանակի ամենակարկառուն հայ գործչին`Տիգրան Բ-ին: Հնում արդեն նա դարձել էր անտիկ /հունա-հռոմեական/ պատմագրության սևեռուն ուշադրության առարկա և նրա ժամանակաշրջանի մասին այնտեղ գտնում ենք անհամեմատ շատ տեղեկություններ, քան հայ ժողովրդի պատմության որևէ այլ փուլի վերաբերյալ: Չնայած դրան, Տիգրան Բ-ի ժամանակաշրջանի ճշմարտացի լուսաբանությունը դժվարին խնդիր է, և դժվարությունն այս անգամ գալիս է ոչ թե աղբյուրների սակավությունից, որ սովորական երևույթ է հին պատմության համար, այլ առկա ոչ սակավաթիվ աղբյուրների մեջ պատմական դեպքերը միակողմանի, անբարյացակամ, հաճախ էլ թշնամական դիրքերից արտացոլված լինելու փաստից: Հայաստանի և Հռոմի միջև մղված պայքարի խնդրում անտիկ հեղինակների գերակշռող մասը հանդես է գալիս որպես հռոմեական նվածողների ջատագով:
   Սկզբնաղբյուրների այդ եվրոպակենտրոն գաղափարախոսությունը և հռոմեասրիական շահագրգռությունները ժառանգել է նաև Արևմուտքի բուրժուական պատմագրությունը ի դեմս իր մի շարք մեծանուն ներկայացուցիչների`Թ.Մոմզենի, Թ. Ռեյնաքի և ուրիշների: Սրանց աշխատություններում Հայաստանի պատմության այս դրվագը մեկուսացվում է հայ ժողովրդի պատմության ընդհանուր ֆոնից և դիտվում որպես պատահական հաջողությունների մի շրջան, իսկ Տիգրանի գործունեությունը`անջատվում նրան համակած հելլենիստական ավանդություններից և ներկայացվում որպես մի <<բարբարոսի>> քմահաճ ցանկությունների իրականացում: Նույն այդ միտումները հստակորեն դրսևորվում են նաև արդի բուրժուական պատմագրության մեջ և հատկապես ուժեղ են թուրքական ժամանակակից պատմագրության էջերում:
   Սրանց կողքին, սակայն, հանդիպում ենք և ֆրանսիացի խոշոր պատմաբան Ռընե Գրուսեի`պատմական գործչի գերագույն գնահատական հանդիսացող հետևյալ խոսքերին. <<...Տիգրանը, թերագնահատված այդ մեծ տիրակալը...անշուշտ շատ ավելի է արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանանք նկատել, որ Միհրադատը փայլուն կերպով <<ինքնասպանության հասցրեց իր երկիրը>>, մինչդեռ Տիգրանը ապահովեց իր ժողովրդի հավերժական հարատևություն>>: 
   Մ.Թ.Ա. 95 թվականին հայոց գահը թափուր էր: Վախճանվել էր Տիգրան Ա թագավորը`Արտաշես Ա-ի կրտսեր որդին: Թագաժառանգ Տիգրանը`Տիգրան Ա թագավորի որդին ու Արտաշես Ա-ի թոռը, որպես պատանդ պարթևների արքունիքում էր գտնվում վերջին հայ-պարթևական պատերազմի ժամանակից: Տիգրանը ծնվել է մ.թ.ա մոտավորապես 140 թվականին և 95 թվականին պետք է արդեն 45 տարեկան հասուն մարդ լիներ: Նրա կյանքի շուրջ մի տասնամյակ անցել էր պարթևների արքունիքում և սրանք Տիգրանին պետք է իրենց մտերիմն ու, հետևաբար, հայկական գահի ցանկալի թեկնածու համարեին: Այս է հավանական պատճառը, որ Միհրդատ Բ-ը արձակեց նրան ու նաև օժանդակեց նրա գահակալմանը, պահանջելով և ստանալով միայն որպես փրկագին <<Յոթանասուն հովիտներ>> կոչված տեղանքը, որը գտնվում էր Հայաստանի հարավ-արևելյան մասում`մարական սահմանի մոտ: Ապպիանոսի ասելով, Տիգրանը թագադրվեց այն տեղում, որտեղ նա հետագայում հիմնեց Տիգրանակերտ քաղաքը:
  Տիգրան Բ-ի գահակալության սկզբում Հայաստանի քաղաքական սահմանները համեմատած Արտաշես Ա-ի ժամանակաշրջանի հետ, ըստ երևույթին, էական փոփոխություն չէին կրել, վերջին 50-60 տարիներն էլ համեմատաբար հանգիստ էին անցել: Սակայն այդ արտաքին անշարժության տակ թաքնված էին երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման բազմաթիվ տեղաշարժեր, որոնք ստրկատիրական Հայաստանի համար շուտով պետք է հնարավորություն ստեղծեին դուրս գալու միջազգային լայն ասպարեզ և վարելու ներգործում արտաքին քաղաքականություն: Դրանք էին դեռևս IV-III դարերում ծայր առած և II դարում մեծ թափ ստացան հողի մասնավոր սեփականության աճը, սրա հետ կապված մասնատիրական տնտեսությունների բազմացումը, դասակարգային շերտավորման խորացումը, արքայական իշխանության անմիջական նեցուկը կազմող ռազմա-ստրկատիրական ավագանու հզորացումը, քաղաքային կյանքի վերելքը, տեղական և տարանցիկ առևտրի աշխուժացումը և ընդհանրապես երկրի ստրկատիրական տնտեսության զարգացման պրոցեսները: Ինչպես տնտեսական վերելք ապրող ամեն մի ստրկատիրական երկրի, այնպես էլ Հայաստանի իշխող դասակարգը ձգտում էր արտաքին ծավալման, նորանոր հողերի ու մարդկային զանգվածների նվաճման:
 Արտաքին հանգամանքները ևս բարենպաստ էին այդ ձգտումների իրականացման համար: Հարավից` Սելևկյաններից եկող հիմնական ու դարավոր վտանգը չեզոքացված էր`պարթևներից կրած պարտությունների, ապա նաև իրենց իսկ ներդինաստիական պայքարի և կռիվների պատճառով: Հյուսիսում գոյություն չուներ այնպիսի ուժ, որ կարողանար արգելք հանդիսանալ Հայաստանի ծավալմանը: Ամենավտանգավոր ուժը, որի հետ հաշվի պետք է նստեր Հայաստանը, պարթևներն էին`իրենց աշխարհակալական ձգտումներով, սակայն այդ ձգտումների մեջ այժմ, Միհրդատ Բ-ի կառավարման վերջին շրջանում, որոշ տեղատվություն էր նկատվում: Անշուշտ Տիգրանը սերտ կապեր պիտի ունեցած լիներ այդ թագավորի հետ, որոնք ծայր էին առել պարթևական արքունիքում: Այդ մասին է վկայում, միանգամայն որոշակիորեն, այն հանգամանքը, որ Տիգրանի դուստր Ավտոման ամուսնացած էր Միհրդատ Բ-ի հետ: Հնարավոր է, որ այդ ամուսնությունը տեղի է ունեցել Տիգրանի գահակալման ժամանակ և հենց այդ կապակցությամբ`երկու պետությունների հարաբերությունները կայուն դարձնելու նպատակով: Ինչևիցե, Տիգրանը պարթևների նկատմամբ սկզբնապես զգուշավոր քաղաքականություն էր վարում և ամբողջ 7-8 տարի մինչև Միհրդատ Բ-ի մահը, ոչ մի քայլ չարեց նրանց դեմ: 
 Ինչ վերաբերվում է Հայաստանի արևմտյան սահմաններին, ապա առայժմ, դարասկզբին, Հռոմը հեռու էր Հայաստանի սահմաններից, և նրա կողմից սպառնացող վտանգը որոշակիորեն չէր գծագրվում:
 Այդ շրջանում, թերևս, պետք է որ ավանդաբար շարունակվեր այն բարենպաստ մթնոլորտը, որը ստեղծվել էր մեկ դար առաջ Սելևկյաններից, Հռոմի այդ թշնամիներից, Հայաստանի անջատվելու ու նրանց դեմ պայքարելու կապակցությամբ: Բուռն աճ էր ապրում Պոնտոսի թագավորությունը, որը հաջողությամբ իրականացնում էր ամբողջ Փոքր Ասիայի, ինչպես նաև սևծովյան առափնյա մյուս երկրներին, հատկապես Բոսպորի թագավորությանը տիրանալու իր ձգտումները: Սակայն ապագան ցույց տվեց, որ Հայաստանի և Պոնտոսի շահերը չպետք է բախվեին, որ նրանք պետք է հանդես գային որպես դաշնակիցներ և ոչ մրցակիցներ, պետք է միավորեին իրենց ջանգերը ժամանակի հզորագույն ուժին`հռոմեական ագրեսիային դիմագրավելու համար: