Վաղ թագավորության ավարտին Եգիպտոսում իշխանության եկավ 3-րդ հարստությունը, որով սկսվում է Հին թագավորության դարաշրջանը (Ք.ա. 28-23 դարեր): Առաջին փարավոն Ջոսերի գլխավոր նպատակներից էր Վերին և Ստորին Եգիպտոսների միավորումն ամրապնդելը: Նա իրականացրեց վարչաքաղաքական բարեփոխում՝ իշխանությունից հեռացնելով նոմերում ժառանգաբար իշխող տեղական ազնվականության ներկայացուցիչներին: Վերջիններս փոխարինվեցին նշանակովի պաշտոնյաներով, որոնք հնազանդ էին նրան (հունարեն՝ նոմարքոսներ): Ձևավորվեց կառավարման կուռ համակարգ: Փարավոնի իշխանությունը հայտարարվեց ասատվածատուր, իսկ փարավոնը՝ մարդ-աստված: Արքայական իշխանության առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով փարավոնների դամբարանները սկսեցին կառուցել ավելի մեծ ու ճոխ: Հին թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ 4-րդ հարստության օրոք: Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ՝ դեպի հարավ՝ Նուբիա, դեպի արևմուտք՝ Լիբիա, և հյուսիս-արևելք՝ Սինայի թերակղզի և Պաղեստին: 4-րդ հարստությանը հաջորդած նոր արքայատոհմը երկրին համակած ճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի մեծ զիջումներ էր անում նոմային ազնվականությանն ու քրմությանն: Արդյունքում արքայական իշխանությունը շարունակ հեղինակազրկվում էր և ի վերջո հասավ նվազագույնի: Երկրում փաստացի իշխանությունն անցավ նոմարքոսների ու բարձրաստիճան քրմության ձեռքը: Երկիրը տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն իշխանությունների:

Միջին թագավորությունԽմբագրել

Եգիպտոսի տրոհումը նոմերի իր հետ բերեց արյունալի պատերազմներ և ավերածություններ: Իրավիճակը որոշ կառավարողների ստիպեց վերականգնել միասնական պետությունը: Այդ շարժումը հյուսիսում գլխավորեց Հերակլեոպոլիս, իսկ հարավում՝ Թեբե քաղաքը: Պայքարում հաղթեց Թեբեն և Ք.ա. 2040 թվականի սահմաններում Թեբեի փարավոնը հիմնադրեց համաեգիպտական 11-րդ հարստությունը: Սկսվեց Եգիպտոսի քաղաքական տնտեսական և մշակույթային նոր վերելքը, որը տևեց մոտ 3 դար: Այս դարաշրջանը հայտնի է Միջին թագավորություն անվամբ: Միջին թագավորություն շրջանում վերականգնվեց երկրի տնտեսությունը, կառուցվեցին նոր ջրանցքներ և քաղաքներ: