Մասնակից:Սերգեյ Զալինյան/Ավազարկղ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՄԱՆՆԵՐԸ խմբագրել

Մարզի ընդհանուր բնութագիրը խմբագրել

Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Ջավախքի ու Հալաբի լեռնաշղթաների գրկում, Դեբեդի ու նրա վտակների հովիտներում, Աչքասարի, Թեժ լեռան ու Մայմեխի գագաթներից մինչև Դեբեդի ստորին հոսանքները տարածվել է Լոռին, որը հանրապետության ամենաշատ քաղաքային բնակավայրեր ունեցող մարզն է, որի մարզկենտրոնը Վանաձորն է:

Հյուսիսային Հայաստանում է գտնվում ամենաընդարձակ բնապատմական շրջանը՝ Լոռի-Փամբակը, որի սահմանները շրջապատված են  հյուսիսից` Վիրահայոց լեռներով, արևմուտքից՝ Ջավախքի լեռնավահանով, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով և արևելքից՝ Գուգարաց լեռներով: Դրանց միջև տարածված է Դեբեդ գետի ավազանը` երկու հիմնական ենթաշրջանով՝ (Լոռու և Փամբակի գոգահովիտները), որոնք միմյանցից բաժանված են Բազումի լեռնաշղթայով:

Լոռի-Փամբակի ամբողջ շրջանը գտնվում է ծովի մակերևույթից 490 - 3196 մ բարձրության վրա և աչքի է ընկնում լանդշաֆտային գոտիների բազմազանությամբ: Հիմնականում առանձնացվում են Ջավախքի լեռնա-մարգագետնային, Լոռու տափաստանային և մարգագետնա-տափաստանային, Վիրահայոց լեռների տափաստանային և անտառա-մարգագետնային, Փամբակ-Դեբեդի հովտա-սարահարթային, անտառա-տափաստանային, Բազում-Փամբակի լեռնա-հովտային,  տափաստանա-մարգագետնային գոտիները:

Լոռու մարզը Հայաստանի Հանրապետության կլիմայական և ջրագրական ինքնատիպ պայմաններ ունեցող տարածաշրջաններից մեկն է: Այն բնապատմական և պատմաաշխարհագրական ուրույն շրջան է ՀՀ հյուսիսում: Լոռու մարզն իր մեծությամբ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից հետո երրորդն է 3789 կմ2 տարածքով (Հայստանի տարածքի 12,7%), իսկ բնակչության թվով առաջինն է` 390 հազ. մարդ: Լոռու մարզը տարածվում է հյուսիսային լայնության 400 40' (Փամբակի լեռնաշղթայի Մարգահովտի լեռնանցքից 4կմ դեպի հարավ-արևելք) - 410 15' (Մեծավան գյուղից 6կմ դեպի հյուսիս-արևելք) և արևելյան երկայնության 430 55' (Չիչխան գետի վերին հոսանքը) - 440 57' -ն (Գուգարաց լեռնաշղթայի ջրբաժան հատվածը, Շնող գետի վերին հոսանքը): Տարածքի առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք 84կմ է, իսկ հյուսիսից հարավ` 72կմ: Լոռու մարզի ամենացածր կետը գտնվում է Դեբեդ գետի ստորին հոսանքի ձախափնյա մասում` Քարկոփ գյուղի մերձակա տեղամասում և կազմում է 490մ, իսկ ամենաբարձրը` Ջավախքի լեռնավահանի Աչքասար գագաթն է` 3196մ բարձրությամբ: Մարզի գրեթե ամբողջ տարածքը պատկանում է Դեբեդ գետի ջրհավաք ավազանին և միայն հարավ-արևելքում այն իր մեջ ներառում է նաև Աղստև գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանը:

Մարզի լեռնաշղթաների արտաքին լեռնալանջերը աչքի են ընկնում բնական պայմանների առավել մեծ բազմազանությամբ և բուսածածկույթի հարստությամբ: Մարզի տարածքի մոտ 26,3%-ը անտառապատ է:

Մարզի ժամանակակից ռելիեֆը կազմավորվել է ծալքավորման, բեկորացման, հրաբխային գործընթացների ներգործության հետևանքով: Նրա հյուսիսում ձգվում են Վիրահայոց լեռները, հարավում և հարավարևելյան սահմանում` Փամբակի լեռնաշղթան (մինչև Մարգահովտի լեռնագիծը): Արևմուտքից Լոռու մարզին սահմանակից է Ախուրյան, Ձորագետ և Փամբակ գետերի ջրբաժան հանդիսացող Ջավախքի լեռնավահանը, իսկ արևելքում բնական սահման է Գուգարաց լեռնաշղթան:

Լեռնագրական գործընթացների արդյունքում Լոռու մարզում ձևավորվել է բարձրությունների մեծ տատանումներով բնութագրվող ռելիեֆ: Առավելագույն բարձրությունը գրանցված է Ջավախքի լեռների Աչքասար գագաթում` 3196մ: Ուստի բարձրությունների առավելագույն տատանումները բավականին մեծ են` 2700մ, իսկ միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1600-1800մ:

Ըստ լեռնագրության Լոռու տարածքը մտնում է Հայաստանի հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների, ինչպես նաև հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզերի մեջ :

Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը համընկնում է Փոքր Կովկասի կենտրոնական հատվածին: Այն բաժանվում է արտաքին (Վիրահայոց լեռներ և Գուգարաց լեռների արևմտյան հատվածը) և ներքին (Բազումի լեռնաշղթա և Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը) սարերի:

Գուգարաց լեռները ձգվում են Փամբակ-Դեբեդի, արևելքում` Աղստև գետահովիտների միջև: Սկսվում են Հալաբի լեռնաշղթայից և լեռնաշղթաներով ու լեռնաբազուկներով ձգվում դեպի հյուսիս և ապա հյուսիս-արևելք, մինչև Պապաքարի լեռնաշղթան: Հյուսիսում ջրբաժան են Շնող, Կողբ և Ոսկեպար գետերը: Հալաբի լեռնաշղթայի հետ միասին ջրբաժան գծի երկարությունը մոտ 100կմ է: Առավելագույն բարձրությունը 2244մ է (Չալթի լեռ), կազմված է հրաբխածին և նստվածքահրաբխային ապարներից, խիստ մասնատված, բնորոշվում է էրոզիոն հովիտների խիտ ցանցով, ժայռոտ լեռնակատարներով, զառիթափ լանջերով և կտրտված հեղեղատներով: Ճյուղավորություններն են Սևորդյաց` 15կմ երկարությամբ, ժայռոտ, զառիթափ, անտառածածկ, դեպի Դեբեդ գետն իջնող լանջերով լեռնաշղթայից, Շնող և Կողբ գետերի միջև գտնվող 21կմ երկարությամբ մեղմ մասնատվածությամբ ու ոչ սիմետրիկ անտառածածկ լանջերով ցածրադիր (1500-1600մ), Կոտմանի Փամբակ ու Աղստև գետերի ջրբաժան, Բազումի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը կազմող, խիստ մասնատված էրոզիոն-կառուցվածքային ռելիեֆով Հալաբի (Բովաքարի) լեռնաշղթաները: Հալաբի լեռնաշղթայի առավելագույն բարձրությունը 3016մ է (Հալաբի լեռ)` կազմված հրաբխածին նստվածքային ապարներից, հյուսիսային լանջերն անտառապատ են և իջնում են Լոռու իջվածքը, մասնատված են Ալարեքս, Մարցի գետ և Հաղպատ գետերի հովիտներով: Հարավային լանջերը զառիթափ են, անտառազուրկ, ժայռոտ` մասնատված սելավաբեր հովիտներով, ձորակներով և ջրահավաք ձագարներով, որոնք իջնում են դեպի Տաձուտ և Աղստև գետերը:

Լոռու մարզն աչքի է ընկնում նաև իր արդյունաբերական շուրջ 98 խոշոր և միջին ձեռնարկություններով, որոնցից 84-ը մասնավոր են: Արդյունաբերության առավել զարգացած ճյուղերն են՝ հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերություները:

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը: Մարզում շուտով շահագործման կհանձնվի Թեղուտի հանքարդյունաբերական գործարանը։

Մարզն ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող ։

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղական համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են Գուգարքի, Ստեփանավանի, Սպիտակի և Թումանյանի շրջաններում:

Բնակլիմայական պայմաններ խմբագրել

Լոռու մարզի կլիմայական պայմանների և ջրային ռեսուրսների ձևավորման գործում կարևոր դեր ունի մակերևույթը, որը երկակի ազդեցություն է թողնում` տարածքի լեռնագրության և ռելիեֆի ձևաչափության միջոցով:

Օդային զանգվածների տեղաշարժի վրա որոշակիորեն ազդում է լեռնագրությունը` զգալիորեն փոխելով դրանց շրջանառության բնույթը մարզի տարածքում: Կլիմայական պայմանների ձևավորման գործում որոշակի ազդեցություն ունի նաև ռելիեֆի ձևաչափությունը, հատկապես ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը, լանջերի թեքությունները և կողմնադրությունները:

Չնայած փոքր տարածքին, Լոռու մարզն աչքի է ընկնում կլիմայական պայմանների մեծ բազմազանությամբ, որը կլիմայաստեղծ գործոնների բարդ փոխազդեցության արդյունք է: Մարզի կլիմայի ձևավորման գործում առավել կարևոր դեր ունեն աշխարհագրական լայնությունները, մթնոլորտի ընդհանուր շրջանառության հետևանքով ձևավորվող օդային զանգվածների շարժի բնույթը, արեգակնային ճառագայթման ռեժիմը, ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, ռելիեֆի գործունյա մակերևույթի բնույթը, հարակից ծովերի ազդեցությունը և այլն:

Մարզի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային եզրում, սակայն մակերևույթի լեռնային բնույթը, բարձրությունների մեծ տարբերությունները, ինչպես նաև տեղական տարբեր գործոնները ձևավորում են կլիմայական պայմանների խայտաբղետ պատկեր:

Կլիմայի ձևավորման գլխավոր գործոններից է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը: Մարզի տարածքում օդային զանգվածների շրջանառությունը պայմանավորված է նույն գործընթացներով, որոնք տեղի են ունենում ամբողջ հանրապետության և Հայկական լեռնաշխարհի տարածքի զգալի մասում:

Լոռու մարզի կլիմայի ձևավորման գործում միաժամանակ մասնակցում են նաև արևադարձային և արկտիկական օդային զանգվածները: Ձմռանը ներթափանցում նաև արկտիկական օդային զանգվածները, որոնք զգալի ազդեցություն են թողնում մթնոլորտի ընդհանուր շրջանառության պրոցեսի վրա:

Լոռու մարզում ձմռան բնույթը պայմանավորված է երկու օդային հոսանքների փոխհարաբերությամբ` մի կողմից` արևմտյան ցիկլոնների խոնավ օդային զանգվածներով, իսկ մյուս կողմից կենտրոնաասիական անտիցիկլոնի չոր օդով:

Լոռում (Վանաձորում) ամենակարճ ցերեկը դիտվում է դեկտեմբերի 22-ին և տևում է 9 ժամ 16 րոպե: Ամենաերկար ցերեկը հունիսի 22-ին՝ 15 ժամ 04 րոպե:

Լոռու մարզում արեգակնային էներգիայի մեծ մասն ընդհանուր առմամբ ծախսվում է գոլորշիացման վրա, որը զգալիորեն նվազեցնում է օդի ջերմաստիճանը: Ձմռանը արեգակնային ճառագայթման նվազման և ձնածածկույթի բարձր անդրադարձման պատճառով կտրուկ աճում է նաև ճառագայթային հաշվեկշռի ելքի բաժինը:

Մարզի տարածքում ամպամած օրերի թիվը խիստ փոփոխական է: Լոռու մարզում տարվա ցուրտ սեզոնին ամպամածության ձևավորման գործում առաջատար դերը պատկանում է մթնոլորտի շրջանառության գործընթացներին, իսկ տաք սեզոնին գլխավոր գործոնը ռելիեֆն է:

Լոռու մարզի մի շարք ֆիզիկաաշխարհագրական գործոնների ազդեցության տակ, հատկապես ձմռան ընթացքում, տեղական գործոնների գերակայության շնորհիվ օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և չի համապատասխանում տեղի աշխարհագրական լայնության միջին ջերմաստիճանին (աղյուսակ 1):

Պատկեր:Աղյուսակ 1.jpg
Աղյուսակ

Աղյուսակի տվյալներից երևում է, որ օդի տարվա միջին ջերմաստիճանը 2009թ. տատանվում է -60C - +210C, 2010թ.՝ +20C - +230C, 2011թ.՝ +10C - +230C-ի սահմաններում, տեղումների քանակը ըստ տարեթվերի եղել է 579, 577, 531 մմ: Օդի միջին հարաբերական խոնավությունը տատանվել է՝ 2009թ.՝ 65 – 75, 2010թ.՝ 65 – 78, 2011թ.՝ 65 – 76%-ի սահմաններում:

Տարվա ընթացքում մարզում տեղումների առավելագույն քանակը նկատվում է գարնան վերջին, ամռան սկզբին (ապրիլ-հուլիս), որոշ վայրերում` ապրիլ-հոկտեմբերին, տեղումների տարեկան քանակը հասնում է 400 – 900մմ: Կլիմայի բազմազանությունը պայմանավորված է ծովի մակերևույթից ունեցած բարձրությամբ:

Կլիման շատ խիստ չէ, ձմեռը` մեղմ, ամառը` ոչ շատ տաք, տեղումները համեմատաբար պակաս են, երաշտները` հազվադեպ: Ամենատաք և ամենացուրտ ամիսների օդի ջերմաստիճանի տարբերությունը չի գերազանցում 240-ը:

Բուսական աշխարհը խմբագրել

Կլիմայի և ռելիեֆի բազմազանության, բնապատմական զարգացման և ուրույն աշխարհագրական դիրքի շնորհիվ բազմազան է նաև Լոռու մարզի բուսականությունը: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Լոռու մարզը գտնվում է տարբեր բուսաաշխարհագրական մարզերի շփման վայրում: Ըստ Ա. Լ. Թախտաջյանի` ՀՀ տարածքի հյուսիսային հատվածն ընկած է Կովկասյան բուսաաշխարհագրական մարզի տարածքում, որտեղ բնորոշ են բուսականության մեզոֆիլ (խոնավասեր) տեսակները:

Բնական պայմանների նման բազմազանության պատճառով այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվել լեռնատափաստանային, լեռնաանտառային և մերձալպյան, մասամբ նաև ալպյան բուսականության աճման և զարգացման համար:

Լեռնատափաստանային բուսականություն, որը ձևավորվում է բարեխառն չորային խոնավ կլիմայի պայմաններում. այն զբաղեցնում է ընդարձակ մակերես` տարածվելով մարզի ցածրադիր շրջաններից մինչև 2200-2300մ բարձրությունները:

Մարզի տափաստաններում տիրապետող բուսատեսակներից են` փետրախոտը (Stipa pennata L.), սեզ սողացող (Elytridia repens L.), դաշտավլուկ մարգագետնային (Poa pratensis L.), շյուղախոտ մարգագետնային (Festuca pratensis Huds.), կծմախոտ (Bothriochloa ischaemum L.), իսկ խոնավ տեղերում` երիցուկ (Tanacetum): Չոր լեռնատափաստանների համար ավելի տիպիկ են փշոտ բույսերը, այդ թվում` գազ ասեղնային (Astragalus picnophyllus Stev.)  և զանազան թփերը, մացառները:

Տափաստանային բուսականության առանձին տիպ են կազմում հացազգի բույսերը: Բավականաչափ տարածված են փշոտ գազաթփերը, որոնցից տեղ-տեղ ձևավորվում են տափաստանները: Դրանք բնորոշ են հատկապես Փամբակի լեռներին:

 
Լոռվա բնություն

Լոռու մարզում ֆիզիկաաշխարհագրական պայմանների բազմազանության շնորհիվ առանձնացվում են տափաստանների հետևյալ ենթաշրջանները` Լոռու, Ջավախքի, Վիրահայոց լեռների, Փամբակ-Դեբեդի, հովտասարավանդային և Բազում-Փամբակի:

Լեռնաանտառային բուսականությունը հիմնականում տարածված է մարզի լեռնաշղթաների (Վիրահայոց, Բազումի, Փամբակի և Գուգարաց) զառիթափ լանջերին, 600մ-ից մինչև 2000-2100մ բարձրություններում, ուր սովորաբար տարածված են լվացված, հումուսով աղքատ հողերը: Լոռու մարզի անտառները հարուստ են ծառատեսակներով (մոտ 60 տեսակի ծառ, 90 տեսակից ավելի թուփ): Անտառի հիմնական ծառատեսակը հաճարենի արևելյանն (Fagus orientalis Lipsky) է, որը խոնավության և հողի նկատմամբ բավական պահանջկոտ ծառատեսակ է: Այն չի սիրում օդի ոչ շատ բարձր ջերմաստիճանները և ոչ էլ շատ խիստ ցրտի պայմանները: Հաճարենու հետ աճում են կաղնի արևելյան (Quercus macranthers Fisch. et C. A. Mey.), կաղնի վրացական (Q. iberica Stev.), թխկի վրացական (Acer ibericum M. Bieb.), լորենի կովկասյան (Tilia caucasica), բոխի սովորական (Carpinus betulus L.) և այլն: Կաղնին երբեմն կազմում է ինքնուրույն անտառ: Այստեղ տարածված է կաղնու երկու տեսակ` լեռնային կամ արևելյան և վրացական: Կաղնին համեմատաբար ցրտադիմացկուն և չորադիմացկուն է, ունի ամուր բնափայտ, երկարակյաց է, տալիս է բարձր որակի բնափայտ:

Ալպյան և մերձալպյան մարգագետնատափաստանային բուսականությունն իր սննդարար ու հարուստ խոտածածկույթով կարևոր նշանակություն ունի մարզի անասնապահության զարգացման համար: Սակայն մարդու տնտեսական գործունեության շնորհիվ մարզի բուսածածկույթը զգալիորեն տուժել է:

Կենդանական աշխարհը խմբագրել

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի և բնության տարրերի բազմազանության, Լոռին առանձնանում է նաև իր կենդանական աշխարհի բազմազանությամբ: Աշխարհագրական դիրքի առումով մարզն ընկած է Կովկասյան և փոքրասիական կենդանաաշխարհագրական մարզերի միջև: Արևելքից մասամբ մարզին հարում է նաև Իրանական (ընդգրկում է Կուր-Արաքսյան դաշտավայրերին կից նախալեռները) կենդանաաշխարհագրական մարզը: Սակայն ամենամեծ ազդեցություն ունի Կովկասյան մարզը: Լոռու կենդանական աշխարհի շատ տեսակներ ընդհանուր են այլ մարզերի համար: Սակայն հանդիպում են նաև կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և Լոռու մարզին:

Լեռնատափաստանային գոտու կենդանական աշխարհը բնորոշ է հատկապես կրծողներով, որոնցից լան տարածում ունեն` դաշտամուկը (Arvicolinae), ճագարամուկը (Dipodidae), կույր մուկը (Mus caecus), համստերը (Cricetinae): Տարածված են նաև կզաքիսը (Saltus martes), գետնասկյուռը (Spermophilus citellus), գորշ գայլը (Canis lupus), աղվեսը (Vulpes): Թռչուններից տարածված են` բադը (Anatidae), գորշ կաքավը (Perdix cinerea), շիկահավը (Erithacus rubecula), ճնճղուկը (Passeridae), լորը (Coturnix), կաքավը (Perdix), արտույտ անտառային (Lullula arborea), ծիծեռնակը (Hirundinidae), կաչաղակը (Pica), արծիվը (Aquila), բազեն (Falco) և այլն: Այստեղ սողունները քիչ են:

 
Լոռվա բնություն

Մերձալպյան և ալպյան գոտին ունի աղքատ կենդանական աշխարհ, որի պատճառը բնակլիմայական աննպաստ պայմաններն են: Այստեղ հանդիպում են լեռնային տափաստաններին բնորոշ կենդանիներ` աղվես, գայլ, նապաստակ (Leporidae), աքիս (Mustella nivalis), դաշտամուկ սովորական (Arvicolinae peculiaris), քարաբնակ կզաքիս (saltus martes): Անասնապահության զարգացման հետևանքով այստեղ շատ են թափանցում գայլերը, որոնք վտանգավոր են անասունների համար:

Մարզի կենդանական աշխարհը բավական աղքատացել է մարդու տնտեսական գործունեության պատճառով: Կան կենդանիների տեսակներ, որոնք անհետացել են կամ էլ գտնվում են անհետացման եզրին:

Հողային ծածկույթը խմբագրել

Հողային ծածկույթը բնութագրվում է տիպիկ անտառային, գորշ, շագանակա-մոխրագույն կամ մոխրագույն, թույլ պոդզոլացված հողերով: Այս տիպի հողերը հիմնականում առաջացել են յուրայի կամ մասամբ կավճային շրջանների ամուր ապարների` պլագիոպորֆիրիտների, կվարցոպորֆիրիտների, ավազակավերի, կրաքարերի, կոնգլոմերատների, տուֆոբրեկչաների հողմնահարման արդյունքում: Մարզում լեռնաապարային գորշ հողերը կենսակլիմայական տիպ են և առաջացել են չափավոր խոնավ կլիմայի պայմաններում աճող սաղարթավոր անտառների տակ: Այստեղ հողերը կազմավորվել են հաճարկուտների, բոխուտների, կաղնուտների, ինչպես նաև  սաղարթավոր խառն անտառների տակ: Այս հանգամանքը մեծ դեր է խաղացել Վանաձորի տարածքի հողերի ուժեղ պոդզոլացման պրոցեսը կանխելու համար: Այդ կապակցությամբ վաղուց արդեն հայտնի է, որ պոդզոլացման պրոցեսին արգելակում է հողի կլանող կոմպլեքսի բնույթը, որն իր հերթին սերտորեն կապված է հաճարկուտների և սաղարթավոր խառն անտառների բուսականության բնույթի հետ:

Գորշ լեռնանտառային հողերը բնութագրվում են հատիկավոր ստրուկտուրայով, վերին հորիզոնում թեթև և միջին ավազա-կավային, միջին և ստորին հորիզոններում` ծանր ավազա-կավային և կավային մեխանիկական կազմով: Այդ հողերը հարուստ են հումուսով: Այդ հողերը ստորաբաժանվում են երկու ենթատիպերի՝ գորշ թույլ չհագեցած (չպոդզոլացված տիպիկ) և գորշ ուժեղ չհագեցած (պոդզոլացված):

Ըստ Գ. Պ. Թաթևոսյանի` առաջին ենթատիպը զբաղեցնում է անտառային գոտու միջին և մասամբ` վերին մասը, ընկած է հաճարկուտների, կաղնուտների և սաղարթավոր խառն անտառների տակ, հանդիպում է ծովի մակերևույթից 1300-1800 մ բարձրության վրա` տարբեր թեքության և դիրքադրության լանջերում, կարբոնատային և ոչ կարբոնատային հողառաջացնող ապարների վրա:

Գորշ ուժեղ չհագեցած ենթատիպը հանդիպում է հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան դիրքադրության լանջերում, ծովի մակերևույթից 1700-2100 մ բարձրություններում, թթվային ապարների վրա:

Գորշ թույլ չհագեցած ենթատիպի հողերում փոխանակային կատիոնների գումարը 24,5-58,5 մգ - էկվիվալենտ է, աղային մզվածքի pH-ը` 4,5-7,0; այն ժամանակ, երբ ուժեղ չհագեցած ենթատիպի մոտ այդ թվերը համապատասխանաբար կազմում են 6,6-46,4 մգ - էկվիվալենտ և 3,7-6,8:

Անտառի վերին գոտուն հաջորդում է ենթալպյան գոտին, որտեղ տարածված են լեռնամարգագետնային հողեր: Սրանք կազմավորվել են ավելի ցուրտ կլիմայական և միջավայրի ավելի թթվային ռեակցիայի պայմաններում:

Ենթալպյան գոտու ստորին տարածքներում լեռնամարգագետնային հողերը թույլ ճմակալած են, ունեն խիտ և փարթամ խոտածածկ, հարուստ են օրգանական նյութերով, հումուսի պարունակությունը հասնում է մինչև 19%, համախառն ազոտինը` 1,17%: Ենթալպյան գոտու  վերին մասում տարածված են լեռնամարգագետնային ճմակալած հողերը, որոնք ևս հարուստ են հումուսով (7,8 – 15,9%), 0,52 - 0,88% ընդհանուր ազոտի պարունակությամբ :