Վերին ծնոտ (լատ maxilla) զույգ, բարդ կառուցվածքով ոսկր է, որը պայմանավորված է նրա բազմազան ֆունկցիաներով: Վերին ծնոտը մի կողմից մասնակցում է քթի խոռոչի և ակնակապիճի կազմությանը, մյուս կողմից կազմում է բերանի և քթի խոռոչների միջնապատը, մասնակցում է ծամիչ ապարատի ֆունկցիային:

Կառուցվածք խմբագրել

Վերին ծնոտը բաղկացած է մարմնից և չորս ելուստներից՝ ճակատային, ատամնաբնային, քմային և այտային:

Մարմնի կառուցվածք խմբագրել

Ա. Մարմինն (corpus) իր մեջ պարունակում է մեծածավալ ծնոտային կամ հայմորյան ծոցը (sinus maxillaris s antrum Highmori), որն իր լայն ծնոտային բացվածքով(hiatus maxillaris) բացվում է քթի խոռոչի մեջ: Մարմինն ունի 4 մակերես՝ դիմային, ստորքունքային, քթային և ակնակապճային:

Առաջային երեսը (facies anterior) գոգավոր է, դեպի վար դառնում է ատամնաբնային ելունի արտաքին երես, որի վրա նկատվում են մի շարք ատամնաբնային բարձրություններ, որոնք համապատասխանում են ատամնաշարի արմատներին:

Վերին ծնոտի առաջային երեսը դեպի վեր ակնակապճից բաժանվում է ստորակնակապճային եզրով(margo infroorbitalis): Նրանից անմիջապես ցած տեսնում ենք ստորակնակապճային անցքը(foramen infraorbitale): Անցքի միջով ակնակապճից դուրս են գալիս համանուն զարկերակն ու նյարդը: Առաջային երեսի միջային սահմանը քթային կտրուճն է (incisura nasalis), որի եզրը դուրս է ցցվում դեպի առաջ կազմելով spina nasalis anterior:

Ստորքունքային երեսը (facies infratemporalis) առաջային երեսից բաժանված է այտային ելունով: Այս երեսը կոր է, դարձած է դեպի ստորքունքային և թևաքմային փոսերը, նրա վրա կան մի քանի մանր անցքեր՝ վերին ծնոտի մեծ սեղանատամները գնացող նյարդերի և անոթների համար: Ստորին-հետին, ավելի ցցված մասը կոչվում է ծնոտային թումբ(tuber maxillae):

Քթային երես (facies nasalais) դարձած է դեպի քթի խոռոչը և վարում դառնում է քմային ելունի վերին երես: Քթային խեցիների համար նրա վրա նկատելի են 2 կատարներ՝ միջին (crista ethmoidalis) և ստորին (crista conchalis):

Ճակատային ելունից հետ նկատվում է արցունքային ակոսը (sulcus lacrimalis) , որը հպվելով արցունքոսկրին և ստորին խեցուն, դառնում է արցունքաքթային խողովակ (canalis nasolacrimalis): Այս խողովակը հաղորդակցություն է սահմանում ակնակապճի և քթի ստորին անցուղու միջև: Է՛լ ավելի հետ կա մի մեծ անցք՝ վերին ծնոտի բացվածքը (hiatus maxillaris), որը տանում է դեպի ծնոտային ծոցը: Ամբողջական գանգի վրա այս բացվածքը որոշ չափով փոքրանում է, որովհետև այն ծածկվում է արցունքոսկրի, մաղոսկրի, քմոսկրի և ստորին խեցու մասերով:

Ակնակապճային հարթ և տափակ երեսը (facies orbitalis) եռանկյունաձև է: Նրա միջային եզրին, ճակատային ելունից հետ գտնվում է արցունքային կտրուճը (incisura lacrimalis) , որի մեջ է մտնում արցունքոսկրը: Արցունքային կտրուճից հետ ակնակապճային մակերեսի եզրը կարանվում է մաղոսկրի ակնակապճային թիթեղի հետ: Հետին հարթ եզրն ազատ է և սահմանում է ստորին ակնակապճային ճեղքը: Ստորակնակապճային խողովակից դուրս են գալիս ատամնաբնային խողովակները (canales alveolares) այն անոթների և նյարդերի համար, որոնք ծնոտի առաջային պատի հաստության միջով գնում են դեպի առջևի ատամները:

Ելուններ խմբագրել

Բ. Ելուններ:

  1. Ճակատային ելունը (processus frontalis) բարձրանում է վեր և քթաճակատային ատամնաձև կարանի միջոցով միանում է ճակատոսկրի pars nasalis-ին: Նրա դրսային երեսը առաջային արցունքային կատարով (crista lacrimalis anterior), որը դեպի վար դառնում է margo infraorbitalis, բաժանվում է երկու մասի: Իր հետին եզրով ճակատային ելունը միանում է արցունքոսկրին և նրա հետ միասին կազմում արցունքապարկի փոսը (fossa sacci lacrimalis):
  2. Ատամնաբնային ելուն (processus alveolaris) , աղեղնաձև է, իր ստորին եզրի վրա կրում է վերին ութը ատամների ատամնաբները: Ատամնաբներն իրարից բաժանված են խտրոցներով:
  3. Քմային ելունը (processus palatium) միջին կարանով միանում է մյուս կողմի ելունին և կազմում կարծր քիմի՝ մեծ մասը: Միջին կարանի երկայնքով, դեպի քիթը դարձած երեսով անցնում է քթային կատարը (crista nasalis): Քթային կատարի առաջային ծայրի մոտ ելունի վերին երեսին նկատվում է մի անցք, որը տանում է դեպի կտրիչային խողովակը (canalis incisivus): Քմային ելուստի վերին երեսը հարթ է, իսկ ստորինը, որ դարձած է դեպի բերանի խոռոչը, անհարթ է և կրում է երկայնական ակոսներ, նյարդերի ու անոթների համար: Նրա առջևի մասում հաճախ նկատվում է կտրիչային կարանը, որը կտրիչային անցքից գնում է մտնում շնատամի ու հարևան կտրիչի արանքը: Կենդանիների կտրիչային ոսկրը առանձին է, իսկ մարդը հազվադեպ է ունենում այն:
  4. Այտային ելունը (processus zygomaticus) եռանկյունաձև է: Նրա վերին դրսային անհարթ մակերեսը միանում է այտոսկրին: Ելունի ստորին եզրը շարունակվում է վերին ծնոտի մարմնի կողմնային երեսի վրա, դեպի առանձին մեծ աղորիքը և ծառայում է իբրև նեցուկ, որի միջոցով ծամելիս ճնշումը փոխադրվում է այտոսկրին: