http://yhm.am/archives/9031

Այսպես, նախ անդրադարձ կատարենք համաշխարհային լուսանկարչական արվեստի պատմությանը: Լուսանկարչության բացահայտումը ինքնին 19-րդ դարի մեծագույն հայտնագործություններից է, որը քիմիայի և ֆիզիկայի բնագավառում արված մի շարք ձեռբերումների արդյունք էր: Լուսանկարչության հայտնագործման պատմության սկիզբը կապված է երեք անունների հետ՝ Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպս (1765-1833թթ.), Ժակ Լուի Մանդե Դագեր (1787-1851թթ.) և Վիլյամ Հենրի Ֆոքս Թալբոթ (1800-1877թթ.): Անձինք, որոնք ի սկզբանե պատկերացում անգամ չունենալով պատկերային արվեստի նոր տեսակ ստեղծելու մասին՝ ակամայից դարձան արվեստի այդ նոր ճյուղի հիմնադիրները։

Լուսանկարչության պատմությունը սկսվում է դեռ 1826-1827 թվականներից, երբ Նյեպսը գրանցեց իր առաջին հաջողությունները՝ ստեղծելով View from the Window at Le Gras («Տեսարան պատուհանից Լե Գրասում») լուսանկարը՝ կամերա-օբսկուրայի (1) մեջ տեսապակու միջոցով լուսային ճառագայթի օգնությամբ կարողանալով ստանալ փորագրության վերարտադրությունը (2):



Ինչ վերաբերում է բուն Երևանում գործունեություն ծավալած լուսանկարիչներին, ապա կարող ենք ասել, որ նրանց առաջին սերունդը իր գործունեությունը սկսել է դեռ նախախորհրդային շրջանում։ Առաջիններից էին Թարիվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Քյուրքչյանցը, Դոնկովը, Մելիք-Աղամալյանը, Տեր-Արիստակեսյանը(20), ովքեր արդի հայ լուսանկարչության հիմնադիրները դարձան (21): Ցավոք շատ կցկտուր են մեզ հասած տեղեկությունները նրանց կենսագրության և ծավալած գործունեության մասին։ Սակայն ելնելով վերջիններիս հեղինակած լուսանկարներից, որոնցից շատերն այսօր պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում, կարող ենք փաստել, որ դրանք հանդիսանում են Երևան քաղաքի հին դեմքը, կոլորիտը, կենցաղն արտացոլող, հնաբնակ երևանցիների վարքն ու բարքը վերամարմնավորող եզակի նմուշներ:

Համաձայն մեզ հասած աղբյուրների՝ Երևանում ֆոտոտաղավար ունեցող առաջին լուսանկարիչներից մեկը եղել է Գեղամ Թարիվերդյանցը (1860թ. Երևան-1942թ. Երևան)՝ այն քչերից մեկը, ով արժանացել է կրկնակի ոսկե մեդալի: Լուսանկարչատունը, որը մի փայտե տնակ էր, գտնվել է Աստաֆյան 11 հասցեում (Աբովյան փողոց)՝ այժմյան Հանրապետության Հրապարակի շրջակայքում՝ ներկայիս Արարատ ռեստորանի կամարի տեղում, որի բակում նա ապրել է իր ընտանիքով: Համաձայն պահպանված կնիքի և տեղեկության՝ իր հետ միասին լուսանկարչատանն աշխատել են նաև կինը՝ Եղիսաբեթ Անանյանը և որդիները (22):

Ի դեպ՝ անվանի լուսանկարիչների այդ կնիքները, որոնց մենք հանդիպում ենք լուսանկարների հակառակ երեսին, շատ ուշագրավ են նրանով, որ հետաքրքիր տեղեկություներ են պարունակում լուսանկարչատների հասցեների, մատուցվող ծառայությունների, ստացած մրցանակների և պարգևների մասին: Այսպես, միջազգային ցուցահանդեսներին մասնակցած Գեղամ Թարիվերդյանցի լուսանկարչական շտամպ-կնիքի վրա դրոշմված են 1909թ. Ռոտերդամի և 1910թ. Հռոմի ցուցահանդեսներում նրա շահած երկու ոսկե մեդալների պատկերները (23):

Նրա հեղինակած լուսանկարներում կարող ենք տեսնել ժամանակաշրջանին բնորոշ ոգին․կերպարներն արտացոլում են հիմնականում հայ ազնվական դասի ներկայացուցիչներին, նրանց հագ ու կապը, արդուզարդը։ Դրանցից յուրաքանչյուրն այսօր պատմական արժեք է ներկայացնում:

Լուսանկարչական գործի կենտրոնացման և զարգացման նպատակով արդեն խորհրդային ժամանակաշրջանում Երևանում աստիճանաբար սկսեցին ձևավորվել, այսպես կոչված, «լուսանկարչական գործը կազմակերպող պետական կազմավորումներ»: Պահպանված արխիվային փաստաթղթերի համաձայն՝ առաջիններից Էր «Հայֆոտո»-ն: Սա լուսանկարչական տրեստ էր, որը կազմակերպվել էր որպես ՀՍԽՀ Ժողկոմխորհի գործերի կառավարությանը կից լուսանկարչական միավոր Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1934թ. հուլիսի 19-ի որոշմամբ՝ լուծարքի ենթարկելով «Հայկինոյի» լուսանկարչական բաժինը (24): Առաջին տնօրենը Ս. Պետրոսյանն էր։ «Հայֆոտո»-ն կոչված է եղել ընդունելու և իրականացնելու բոլոր տեսակի լուսանկարչական աշխատանքներ ու հատուկ պատվերներ: Արտադրանքը պետք է լիներ բարձրորակ, գները՝ մատչելի:

Ազգաբնակչությանը սպասարկելու համար տրեստն ուներ լուսանկարչական պավիլիոններ (տաղավարներ) ինչպես Երևանում՝ պետ. բանկի նոր շենքի դիմաց՝ քաղաքային այգում, այնպես էլ՝ Լենինականում (Գյումրիում) և Ղարաքիլիսայում (Վանաձորում): Տրեստի ժամանակավոր գրասենյակը Տերյան փողոցում էր՝ հ.2 տանը՝ Հայկինոյի շենքում(25): Արխիվային փաստաթղթերում տրեստի գործունեության մասին նյութեր պահպանվել են մինչև 1937թ. ներառյալ: Տրեստն ունեցել է հաստիքագրված մի շարք լուսանկարիչներ, որոնցից առաջիններից էր Սեդրակ Վարդանյանը (Սեթոն) (26): Նրա լուսանկարներից շատերը, որոնք մակագրված են Սեթո մականվամբ, ներկայումս պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Դրանք մեծամասամբ պատկերում են հին Երևանի կենտրոնական փողոցները, ժամանակի հայտնի շինությունները, պատմամշակութային հուշարձանները:

Հետագայում լուսանկարչական տաղավարները համախմբվեցին կենցաղ-սպասարկման ֆոտո կոմբինատի հովանու ներքո, ուր գործում էր ժամանակաշրջանին հատուկ պլանային համակարգ: Այդ տարիներին ևս շատ լուսանկարիչ-վարպետներ Երևանում ծավալեցին իրենց գործունեությունը: Դրանց թվում էին նաև Սփյուռքից հայրենիք վերադարձած շատ լուսանկարիչներ, որոնք իրենց հետ բերեցին և հայաստանյան լուսանկարչություն ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները: Իրենց գործի փայլուն վարպետները դարձան Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Թորգոմ Բոյաջյանը, Ք. Սևանցյանցը, Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Անդրանիկ Քոչարը և շատ ուրիշներ (27):

Երևանի այս ժամանակաշրջանի լուսանկարչատներից պահպանվել են մեծամասամբ «Խանոյան»-ի լուսանկարչատանը վերաբերող տեղեկություններ: Գաբրիել Խանոյանը (1898թ. Վան – 1982թ. Երևան) վանեցի էր, հայտնի «Մեծ վանեցի» մականունով, իսկական ազգանունը Ալեքսանյան էր, սակայն թուրքերը «խան» են ասել, քանի որ եղել է առևտրական, մեծահարուստ և որից էլ ծագում է Խանոյան ազգանունը (28): Ծնվել է Վանի Այգեստան փողոցում։ Լուսանկարել սովորել է Կիսլավոդսկում, հրեա լուսանկարիչ Պրովոդի մոտ։ Տասնվեց տարեկանում մասնակցել է Վանի հերոսամարտին (29), իսկ 1934թ. եկել է Երևան և 1937թ. Աստաֆյան 22 (այժմ՝ Աբովյան 12) հասցեում՝ նախկին Սպայի տանը, հիմնել լուսանկարչատուն(30)։ Այս հաստատությունը շուտով ձեռք է բերում լայն ճանաչում հատկապես արվեստի գործիչների դիմանկարների շնորհիվ, որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Այս պատկերաշարի մեջ ներառվել են 1930-70-ական թթ․ Խորհրդային Հայաստանում գործող գրեթե բոլոր ականավոր մշակութային դեմքերը՝ Ավետիք Իսահակյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ և այլք (31)։ Գ. Խանոյանը երկար տարիներ՝ ավելի քան 25 տարի, եղել է նաև Սունդուկյանի թատրոնի լուսանկարիչը՝ հավերժացնելով Վ. Փափազյանի և թատրոնի անվանի այլ աստղերի բեմական կյանքը (32)։ Այդ տարիների աշխատանքները եզակի արժեք են ներկայացնում, քանի որ ներառում են և՛ բեմարվեստի վարպետների և՛ ներկայացումները վավերագրող լուսանկարներ։ Թատրոնի այդ տարիների երկարամյա գործունեությունը իր խոր հետքն է թողել Խանոյանի արվեստի վրա։ Դա արտահայտված է հատկապես նրա դիմանկարներում, որոնց բնորոշ է ակնհայտ թատերայնությունը, լուսանկարվող անհատներին «պերսոնաժային» կերպարանք հաղորդելու միտումը(33)։ Թատրոնին և իր ֆոտո-տաղավարին զուգահեռ նա աշխատել է նաև որպես վավերագրական լուսանկարիչ։ Նրա ուշադրությունից չեն վրիպել քաղաքի բոլոր հիշարժան իրադարձությունները և նշանավոր մարդկանց այցելությունները: Մարդիկ գնում էին Խանոյանի լուսանկարչատուն վերջին իրադարձություններին իրազեկվելու կամ քաղաքական նշանավոր գործիչների լուսանկարները տեսնելու համար (34)։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այսօր էլ մեր քաղաքում առկա բազմաթիվ այլ լուսանկարչատների կողքին շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Խանոյան լուսանկարչատունը, որի աշխատանքները 1950-ականներից սկսած ստանձնել է Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օնիկ (Հովհաննես) Խանոյանը, որի տաղավարը գտնվում է Պուշկինի փողոցում՝ նորակառույց շենքի առաջին հարկում(35)։

20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարչության անբաժան մասնիկն էր նաև «Խանդիկյան» լուսանկարչատունը։ Սամվել Խանդիկյանը ծնվել է 1914թ.Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1915թ. մայրը երեք երեխաների հետ, կոտորածներից մազապուրծ լինելով, հասել է Անթիլիաս, որտեղի որբանոցում զավակները ստացել են նախնական կրթություն։ 1921թ. տեղափոխվել են Բեյրութ, ուր և անց են կացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը(36)։ Բեյրութում Խանդիկյանն աշակերտել է քաղաքի գլխավոր ճարտարապետ, նկարիչ Մարտիրոս Ալթունյանին(37): Իսկ լուսանկարչական առաջին հմտությունները յուրացրել է Լևոն Թուֆենքչյանի մոտ՝ ծառայության անցնելով տեղի հայտնի «Ֆոտո Լեոն» լուսանկարչատանը՝ հեղինակելով իր առաջին լուսանկարները(38)։ Արդեն 1946թ. հայրենադարձների առաջին քարավանով Խանդիկյանն իր ընտանիքով՝ կնոջ, դստեր՝ Աստղիկի, որդիների՝ Տիգրանի, Արայի և Արմենի հետ գալիս է հայրենիք, հաստատվում Երևանում և որպես լուսանկարիչ շարունակում իր գործը։ Սկզբնական շրջանում նա լուսանկարչական տաղավար-արվեստանոց է բացում «Ինտուրիստ» («Երևան») հյուրանոցի առաջին հարկում, ճաշարանի հարևանությամբ։ Հյուրանոցի ամառային ռեստորանի այցելուները (հիմնականում արտիստներ, գրողներ, նկարիչներ, առհասարակ, արվեստի աշխարհի մարդիկ) նախ հատուկենտ զգուշավորությամբ, ապա հաճախակի սկսեցին մտնել Խանդիկյանի արվեստանոց՝ ոչ միայն լուսանկարվելու, թեև դա պարտադիր էին համարում։ Այսպիսով, այն աստիճանաբար վերածվեց Երևանի արտիստական լավագույն դեմքերի հավաքատեղիի և արվեստի շուրջը աշխույժ մտքերի փոխանակության վայրի։ Մինչև 1958թ, մոտ 12 տարի, Խանդիկյանի լուսանկարչական տաղավար-արվեստանոցը մնաց նույն տեղում (հետագայում այստեղ կառուցվեց Նկարիչների միության ներկայիս շենքը)(39)։ Ավելի ուշ նրա արվեստանոցը տեղակայվեց Պուշկին փողոցում (Աբովյան փողոցի անկյունի մոտ)(40), իսկ վերջինը՝ ամենաընդարձակը, գործեց Նալբանդյան 102 հասցեում(41)։ Ինչպես նշեցինք Խանդիկյանը սկսել է գեղանկարչությունից և հետո միայն, դեպքերի բերումով, անցել լուսանկարչության՝ իր մեջ պահպանելով ճշմարիտ արվեստագետին։ Հանդես է եկել Սամո-Խանտիկ ծածկանվամբ(42)։ Իր գործունեության ընթացքում ստեղծել է անվանի մարդկանց դիմանկարների մի ամբողջ շարք՝ Հարություն Կալենց, Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, Վիյլամ Սարոյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Շարլ Անզնավուր և այլք, որոնք բոլորը կոնտրաստից դուրս, մեղմ լուսավորված բնական դեմքեր են՝ կեցվածքից զերծ բնական վիճակներում։ Դրանցում չկա ոչ մի էֆեկտ՝ ո՛չ լուսային, ո՛չ էլ լուսանկարչական տեխնիկայի այլ միջոցներով։ Հենց այս հատկանիշներն են, որ տարբերակում և արժևորում են նրան՝ որպես հմուտ լուսանկարչի, ով Անդրկովկասի մի շարք ցուցահանդեսների դիպլոմատ էր, վարպետի կոչում կրող (43)։

Ներկայացնելով լուսանկարչական արվեստը՝ չենք կարող չանդրադառնալ նաև լուսանկարչության մեկ այլ ճյուղի՝ ֆոտոլրագրությանը, որը հիմնվել է դեռ 1920-ական թվականներին։ Այս ոլորտում կարևոր դերակատարում է ունեցել «Արմենպրես» գործակալությունը, որի ֆոտոխրոնիկայի բաժանմունքի խնդիրն էր արձագանքել Հայաստանում կատարվող անցուդարձին, բոլոր բնագավառների նվաճումներին։ Ֆոտոխրոնիկայի առաջին տնօրենն էր Վոլոդյա Ամալյանը, ով իր շուրջ հավաքեց ֆոտոլրագրության լավագույն մասնագետներին (44)։ Այս ասպարեզում նահապետներ են Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Վիլյամ Փիչխուլյանը և այլք։

Երևանում ՝ որպես ֆոտոլրագրության հիմնադիր, մեծ է մասնավորապես Նեմրութ Բաղդասարյանի ներդրումը ոլորտի կայացման և զարգացման գործում։ Նա առաջիններից էր, ով հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ, որոնք փոխարինելու եկան մինչ այդ ձեռքով արված նկարներին։ Նեմրութ Բաղդասարյանը (1907-1988թթ.) ծնվել է Վանում։ Ընտանիքը Արևելյան Հայաստան է տեղափոխվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1922-1924 թվականներին սկզբում աշակերտել է կոշկակարի, ապա՝ կաշեգործի մոտ, միաժամանակ ուսանել բանֆակում։ Սովորել է լուսանկարչական դպրոցում և այդ տարիներին հենց ծանոթացել լուսանկարչությանը(45)։

Լուսանկարչի գործունեությունը սկսել է Արհմիությունների տնից՝ աշխատելով որպես սովորական լուսանկարիչ, ով նկարում էր գումար վաստակելու համար։ Սակայն դա չբավարարեց նրան։ Երբ առաջին անգամ՝ 1929թ., դարձավ «Պիոներ կանչի» ֆոտոթղթակից, հասկացավ՝ ամեն ինչ չէ, որ պետք է նկարել, նկարների մեջ պետք է տեսնել ամենաէականը՝ մարդուն։ «Ես սիրում եմ ամեն օր լինել բնության գրկում, մարդկանց հետ, տարվել նրանց խոհերով ու ապրումներով,- ասում էր Նեմրութը,- ես ցանկանում եմ, որ թերթերի ընթերցողները լավ ճանաչեն մեր կյանքը, տեղյակ լինեն այն հսկա տեղաշարժին, որ երբեմն սովորական աչքերով չես նկատում…»(46): Այս խոսքերի լավագույն ապացույցը, թերևս, նրա աշխատանքներն են, որոնցից ակնհայտորեն երևում է, որ սիրված թեմաները եղել են ոչ միայն Հայաստանի գեղատեսիլ բնությունը, նրա պատմական կոթողները, այլև հսկա գործարաններն ու մարդիկ։ Սակայն մեզ համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրա վավերագրական լուսանկարների շարքը՝ նվիրված Երևան քաղաքի հուշարձաններին, որոնք ներկայանում են իրենց ողջ շքեղությամբ։ Լուսանկարիչը Երևանը պատկերող իր առաջին լուսանկարները սկսել է լուսանկարել դեռ 1920-ական թվականներից: Դրանք արվել են ներկայիս Շահումյանի արձանի տեղում գտնվող ռուսական Ս․Նիկոլաևյան (Սբ. Աննայի) տաճարի մոտակայքում(47): Իր կենսագործունեության ընթացքում վարպետն օգտագործել է տարբեր ֆոտոապարատներ՝ GOMZ, Фохтландер, Linhof, Nikon, Mamiya: Եղել է այն լուսանկարիչներից, ով լուսանկարելուց հետո աշխատել է լուսանկարի վրա, այսինքն՝ լուսանկարի քիմիական մշակման ժամանակ տվել է համապատասխան կարգավորումներ. նա ձեռքի օգնությամբ փակելով լույսի աղբյուրը՝ կարողացել է լուսանկարներին տալ իրեն ցանկալի էֆեկտները: Սա բավականին բարդ գործընթաց է, որը խոսում է լուսանկարչի հմտության մասին: Երբեմն իր լուսանկարները վերջնական տեսքի բերելու ընթացքում, կիրառել է նաև չափերի փոփոխում՝ լուսանկարը չափագրելով, ապա՝ կտրելով (48):

Իսկապես մեծ է լուսանկարչի վաստակն այս ասպարեզում. նա միակն էր, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նեմրութն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է միաժամանակ աշխատելով տարբեր թերթերի խմբագրություններում(49), որից ավելի քան 20 տարին՝ Արմենպրեսի ֆոտոխրոնիկայում(50)։ Բացի հայկական լրագրերից, նրա լուսանկարները տպագրվել են «Պրավդայում», «Իզվեստիայում», Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի և ՍՍՀՄ-ի այլ քաղաքներում տպագրվող գրեթե բոլոր թերթերում, ինչպես նաև՝ արտասահմանյան հայատառ պարբերական մամուլում(51)։ Նա մշտապես գտնվել է իրադարձությունների կենտրոնում՝ արվեստագետի աչքով նկարելով հանրապետության և նրա մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձությունների բոլոր նրբերանգները։ Այսօր արդեն լուսանկարչի գործը շարունակում են որդիները՝ Հերբերտ, Գագիկ և Մելիք Բաղդասարյանները, ու թոռները` Հայկ և Վահրամ Բաղդասարյանները:

Ինչ վերաբերում է գեղարվեստական լուսանկարչության վերջնական կայացմանն ու որպես արվեստ ընկալմանը, ապա չենք կարող չփաստել, որ հայաստանյան մասնավորապես երևանյան իրականության մեջ վերջինս կապված է Անդրանիկ Քոչարի (Քոչարյան, 1919-1984թթ.) անվան հետ, ով արմատներով Արևմտյան Հայաստանից էր, որտեղից ծնողները գաղթել և հաստատվել են Եգիպտոսում։ Ծնվել է Ալեքսանդրիայում, կրթություն ստացել տեղի Պողոսյան ազգային վարժարանում(52), ապա Պերպերյան քոլեջում՝ հայտնի մանկավարժ և գեղագետ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք(53)։ Ուսանելու տարիներից արդեն նրան գրավել էր լուսանկարչությունը և ավարտելուն պես նա՝ իբրև օպերատորի օգնական, աշխատանքի է ընդունվում իտալական կինոստուդիայում՝ «Ստուդիա Ալվիզում», որը Ալքեսանդրիայի միակ կինոստուդիան էր։ Իսկ որոշ ժամանակ անց դառնում է ստուդիայի գլխավոր լուսանկարիչը։ 1937թ. ստուդիան փակվում է և Քոչարը 1945թ․, իր ուժերով բացում է մի փոքրիկ լուսանկարչատուն, որը գործում է մինչև հայրենիքում նրա հաստատվելը։ Այդ վայրը լուսանկարչատնից բացի դարձել էր նաև մի փոքրիկ հավաքատեղի մայր հողից հեռու գտնվող երիտասարդների համար, որտեղ նրանք հավաքվում էին, խոսում հայրենիքից, նրա նվաճումներից։ Այսպես էլ ստեղծվեց «Ալեքսանդրիայի ուսանողական միությունը», որի հիմնադիրներից մեկը, ապա՝ նախագահն էր Անդրանիկ Քոչարը(54)։

1947թ․-ին շատերի պես նա ևս բռնեց հայրենիք տանող ճամփան։ Հայրենադարձության քարավանները տուն բերող «Պոբեդա» նավը ճակատագրական դեր ունեցավ նրա անձնական կյանքում. Քոչարը նավում ծանոթացավ և ապա ամուսնացավ Եգիպտոսից հայրենադարձվող Հասմիկ Զաքարյանի հետ։ Ունեցել են երկու զավակ՝ Վահան և Զվարթ։ Հաստատվելով հայրենիքում՝ նա աշխատանքի է անցնում «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր(55), այնուհետ՝ լուսանկարչական բաժնի վարիչ(56)։ Արդեն 1948թ․ Երևանում՝ արվեստի աշխատողների տան դահլիճում, բացում է գեղարվեստական լուսանկարչության՝ հանրապետությունում անդրանիկ իր ցուցահանդեսը։ Սա երևույթ էր հայկական ֆոտոարվեստի պատմության մեջ, քանի որ, ինչպես նշվել է, լուսանկարչությունը՝ որպես արվեստ, այդ ժամանակ հասարակական հասկացողության մեջ դեռ ձևավորված չէր։ Այնուհանդերձ, ներկայացված աշխատանքներն արժանացան ուշադրության և գնահատանքի՝ դնելով նոր աշխարհայացքի հիմնաքարը։ Շարունակելով ստեղծագործ լուսանկարչի իր բեղուն գործունեությունը՝ 1962թ․ Քոչարը հիմնադրեց «Երևան» լուսանկարչական ֆոտոակումբը, որը տաս տարի անընդմեջ ղեկավարել է ինքը։ Մոտ մեկ տարի այս ակումբի նախնական հավաքատեղին եղել է նրա բնակարանը, այնուհետև այն հանգրվանել է ճարտարապետների, ապա՝ գիտության և տեխնիկայի տանը։ Անդամները եղել են ոչ միայն մասնագետ լուսանկարիչները, այլև մեծ թվով սիրողներ։ Հանդիսանալով ժամանակի ֆոտոսիրողների հավաքատեղին՝ այստեղ փոխանակվել են լուսանկարչական «գաղտնիքներ», քննարկվել բոլոր կարգի լուսանկարչական նորություններ։ Ակումբի անդամների աշխատանքների հավաքածուները ցուցադրվել են հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների (57):

Անդրադառնալով վարպետի ստեղծագործական ժառանգությանը, որն ընդգրկում է շուրջ երեք հազար նեգատիվ, նշենք, որ այն չի սահմանափակվել միայն դիմանկարային ժանրով(58). նրան հետաքրքրել են և՛ բնանկարը, և՛ նատյուրմորտը։ Նրա լուսանկարներում բնությունը կենդանանում է, շարժվում, շնչում։ Ստեղծագործությունների մեջ պարզ գծագրված են հայրենի երկրում կատարվող պատմական փոփոխությունները, խորհրդային հայրենիքի հսկայական շինարարությունն իմաստավորելու միտումները (59)։ Նատյուրմորտներն էլ հորինվածքային առումով զերծ են ծանրաբեռնվածությունից, ավելորդ մանրամասներից, կարևորված է բուն տեսարանի արտահայտչականությունը(60)։

Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաճախ է հանդիպել Մարտիրոս Սարյանին և լուսանկարել է նրա կտավները։ Վերջինս նրան այսպես է բնորոշել. «Անդրանիկ Քոչարը բացառիկ էներգիայի և ճաշակի տեր մարդ է, լուսանկարչական ապարատը նրա ձեռքում հրաշքներ է գործում։ Նրա լուսանկարները միշտ հետաքրքիր են, գեղարվեստական տեսակետից՝ ինքնատիպ և իրենց ուժով անմիջականորեն ազդում են մարդու վրա։ Անդրանիկ Քոչարը արվեստագետ է, որն իր կամքն ու ճաշակն է թելադրում լուսանկարչական ապարատին»։ Եվ իսկապես, Քոչարի մոտ առկա լուսանկարչի նուրբ աչքը, արվեստագետի մտածողությունն ու գործնական հմտությունը ստեղծում են այնպիսի որակ, որի մասին սովորաբար ասում են. «Կան լուսանկարներ, որ արվեստի ստեղծագործություններ են և՝ հակառակը»(61):

Ստեղծագործական ժառանգության վարպետության գագաթնակետն են հատկապես նրա դիմանկարները, որոնք մեզ են ներկայացնում հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետների լուսանկարների՝ մեկը մյուսին չկրկնող մի ամբողջ բույլ։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր մարդու դիմախաղն ու շարժումներն անկրկնելի են, և դիմանկարի նպատակն է այդ անկրկնելին պատկերելը։ Նրա կարծիքով չկա ոչ լուսանկարելի դեմք, հարկավոր է միայն գտնել այդ դիտակետը, այդ պահը։ Հենց այստեղ էլ թաքնված է լուսանկարչի վարպետությունը(62)։ Տեխնիկայի հարցում նա աչքի չէր ընկնում արդիական լուծումներով, բայց նրան հաջողվել է ներթափանցել մարդու ներաշխարհը։ Գրեթե յուրաքանչյուր դիմանկարում տեսնում ենք ձեռքեր, որոնք ոչ թե զուտ հորինվածային առանձին տարրն են, այլ միահյուսվում են լուսանկարչական դիմանկարի ընդհանուր հյուսվածքին՝ ամբողջացնելով այն, ստեղծելով պատկերվողի հոգու ու մարմնի միասնություն։ Երբ նայում ես այդ աշխատանքները, հանկարծ ինքդ քեզ համար բացահայտում ես Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Վիլյամ Սարոյանին, Ավետիք Իսահակյանին (63), Արամ Խաչատրյանին և այլ նշանավոր հայորդիների(64)։ Այսպիսով, փորձելով ներկայացնել վարպետի ստեղծագործական բնութագիրը, կարող ենք ասել, որ նա գեղարվեստական լուսանկարչություն է ներմուծել մոնումենտալ արտահայտչականությունը, շեշտել սևի ու սպիտակի, լույսի ու ստվերի երանգավորման հակադրությունը։ Նրա համար լույսը ինքնանպատակ չէր, այլ ծառայում էր որպես միջոց՝ բացահայտելու կերպարի ներքին էությունը, ընդգծելու ամենաբնորոշը(65)։ Նրա և նրա լուսանկարիչ ընկերների՝ մեզ ժառանգած ստեղծագործությունները Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումներից են, որոնք մինչ օրս էլ չեն կորցրել իրենց գեղարվեստական արժեքն ու նշանակությունը։

Ամփոփելով մեր աշխատանքը՝ արձանագրենք, որ իսկապես անգնահատելի է հայ, մասնավորապես երևանյան լուսանկարիչների ներդրումն ինչպես լուսանկարչական արվեստի զարգացման և տարածման, այնպես էլ վերջինիս շնորհիվ մեր պատմական հիշողությունների ամրագրման և հավերժացման գործում: Նրանց թողած հսկա ստեղծագործական ժառանգությունն է, որ այսօր մեզ հնարավորություն է տալիս պատկերավոր կերպով ներկայացնել մեր քաղաքամայր Երևանն իր ողջ հմայքով՝ հին ծուռումուռ փողոցներից մինչև մայրաքաղաքի ներկայիս լայնահուն մայրուղիները, կավածեփ տնակներից մինչև մերօրյա բարձրաբերձ բնակելի շենքերը, նավթ վաճառողից մինչև ատոմային էներգետիկայի ժամանակակից հսկա կառույցները և ի վերջո՝ Երևանն իր մեծանուն գիտնականներով, գրական ու արվեստի գործիչներով, իր հնաբնակ երևանցիներով: