Երեւանից Գեղամ Թարվերդյանցին էր վիճակված երկակի ոսկե մրցանակներ կրելու պատիվը հայկական լուսանկարչության պատմության մեջ: Երեւանում ֆոտոտաղավար ունեցող առաջիններից մեկը, որի լուսանկարչատունը գտնվել է Աստաֆյան փողոցի թիվ 11 հասցեում, այժմյան Հանրապետության հրապարակի վրա, ներկայիս «Արարատ» ռեստորանի կամարի տեղում, որի բակում նա ապրել է իր ընտանիքով: Լուսանկարչությունը սովորել է Լայպցիգում: Ունեցել է իր ժամանակի համար հազվագյուտ 50x60 չափի լուսանկարչական ֆոտոխցիկ եւ լուսանկարչությանը վերաբերող մեծ գրադարան` գերմաներեն եւ ռուսերեն: Բնիկ երեւանցի Գեղամ Թարվերդյանցի 1909 -ին Ռոտերդամում, իսկ 1910 թվականինՙ Հռոմում կայացած ցուցահանդեսից ստացած ոսկե մեդալները պարզապես ապշեցնում են: Հիշելով այդ թվականների Երեւանը` անկախ քեզանից հարցնում ես, թե արդյոք ինչո՞վ է հայ վարպետի գործն առանձնացել ու գրավել ամեն ինչ տեսած խստապահանջ եվրոպական ժյուրիին` նրան արժանացնելու համար բարձրագույն ոսկե մրցանակների: Պահպանվել է կնիք, որը տեղեկացնում է, որ նա աշխատել է իր ընտանիքի հետ միասին:



Լոնդոնաբնակ մեր հայրենակցուհինՙ Իդա Քարը համարվել է իր ժամանակի լավագույն ֆոտոդիմանկարիչներից մեկը: Ծնվել է 1917-ին Տամբովում: Ուսանել է Ալեքսանդրիայի ֆրանսիական դպրոցում, Փարիզում հետեւել երաժշտության դասընթացի: 1940-ին Կահիրեում զբաղվել է լուսանկարչությամբ: Ունեցել է ցուցահանդեսներ Կահիրեի սյուրռեալիստների պատկերասրահում: 1944 -ին Լոնդոնում բացել է սեփական ֆոտոստուդիան: 1947-ին Լոնդոնի «Անգլո ֆրանսիական արվեստի կենտրոն»-ի ցուցադրությունը նրան մեծ հռչակ բերեց: Տարբեր երկրներում ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ:

1959-ին Երեւանում բացել է «Բրիտանական մշակույթի գործիչներ» խորագրով դիմանկարների ցուցահանդեսը: Բրիտանական խորհրդի երաշխավորությամբ այցելել է Մոսկվա եւ լուսանկարել մշակույթի եւ արվեստի անվանի գործիչներին: 1962-ին անգլիական գեղարվեստական «Ստուդիո» ամսագիրն իր համարներից մեկը նվիրել է Իդա Քարի լուսանկարչական ստեղծագործությանը: Այս նույն տարում Մոսկվայում բացվել է նրա գործերի մեծ ցուցահանդեսը:


Մեծ հայրենասեր Հովհաննես Քյուրքչյանցը ունենալով լուսանկարչի մասնագիտություն` 1870-ին տեղափոխվել է Կովկաս: 1877 - 78-ին Ռուս - թուրքական պատերազմի տարիներին ծառայել է ռուսական բանակում որպես լուսանկարիչ: Բանակի հետ մուտք է գործել Անի, լուսանկարել Բագրատունյաց մայրաքաղաքի ավերակ կոթողները: Ըստ էության, հայ իրականության մեջ պատմական հուշարձանների լուսագրման գործի հիմնադիրն ու սկզբնավորողն է: Պատերազմի ավարտից հետո ամռանը Քյուրքչյանը կրկին այցելել է Անի: Չորս հոգանոց սպասարկող խմբով հանգամանորեն վերարտադրել է Անիի համայնապատկերը: Շուրջ հինգ ամսվա աշխատանքի արդյունքը եղել են «Ավերք Հայաստանի. Անի» խորագիրը կրող 40 ստերեո լուսանկարներ (այդ ժամանակ տարածված է եղել լուսապատկերների այդ եղանակը): Երեւանում ունեցել է իր լուսանկարչական տաղավարը:


Նախախորհրդային Երեւանում գործող տաղավարային լուսանկարիչներից Թարվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Հովհաննես Քյուրքչյանցը, Դոնկովը, Տեր-Արիստակեսյանը, Մելիք-Աղամալյանը արդի հայ լուսանկարչության հիմնադիրները եղան: Հետագայում, խորհրդային շրջանում, տաղավարները համախմբեցին կենցաղ-սպասարկման ֆոտո կոմբինատի հովանու տակ, ուր գործում էր ժամանակաշրջանին հատուկ պլանային համակարգ: Այդ տարիներին շատ վարպետներ ծավալեցին իրենց գործունեությունը: Դրանց թվում էին սփյուռքից հայրենիք վերադարձած շատ լուսանկարիչներ, որոնք իրենց հետ ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները թե՛ տեխնիկայի եւ թե՛ նկարահանման գործառության առումներով: Իրենց գործի փայլուն վարպետներ էին Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Գուրգեն Եկարյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Մկրտիչ Ադամյանը, Թորգոմ Բոյաջյանը, որն ուներ Լայպցիգի լուսանկարչության բարձրագույն դպրոցի ավարտական վկայական եւ իր հետ հայրենիք էր բերել իր ժամանակի լավագույն տեխնիկան:

Բացի տաղավարային ուղղությունից հանրապետությունում մեծ թիվ էին կազմում մամուլում գործող լուսանկարիչներըՙ Նեմրութ Բաղդասարյանի, Պարգեւ Չոլակյանի, Արշավիր Պողոսյանի գլխավորությամբ: Իրենց գործունեությամբ աչքի ընկան Գուրոսը (Գուրգեն Պարոնյանը), Արշավիր Խերոբյանը, Հակոբ Հեքեքյանը, Վիլյամ Փիչխուլյանը, Վարազդատ Սեւոյանը, Գուրգեն Շաքարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռոբերտ Աղաջանյանը, Զավեն Բշտիկյանը, Ռաֆայել Համբարձումյանը, Պողոս Պողոսյանը, Հերբերտ Բաղդասարյանը, Մարտին Շահբազյանը, Գագիկ Հարությունյանը, Լեոնիդ Մայիլյանը, Վազգեն Ղասաբյանը, Ավետիք Բադալյանը, Ավետ Եսայանը, Զավեն Սարգսյանը եւ շատ ուրիշներ:

Լուսանկարչության նոր սերնդի շնորհալի ներկայացուցիցներն ենՙ Արվին Քոչարյանը, Ռուբեն Մանգասարյանը, Հակոբ Բերբերյանը, Զավեն Խաչիկյանը, Նազիկ Արմենակյանը, Մխիթար Խաչատրյանը, Գերման Ավագյանը, Անուշ Բաբաջանյանը, Տաթեւ Մնացականյանը եւ ուրիշներ:

Իսկ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությամբ եւ կազմակերպչական գործունեությամբ է պայմանավորված գեղարվեստական լուսանկարչության զարգացումը Հայաստանում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից ներգաղթելով 1947-ին` նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր: Քոչարի գեղարվեստական լուսանկարների անդրանիկ ցուցահանդեսը բացվել է Երեւանում, 1948-ին, Արվեստի աշխատողի տան դահլիճում: Սա երեւույթ էր հայկական կերպարվեստի պատմության մեջ, որովհետեւ լուսանկարչությունը որպես արվեստ` այդ ժամանակի հասարակության հասկացողության մեջ գոյություն չուներ: Այս բացառիկ ցուցահանդեսը դարձել է լուսանկարչական արվեստի հանդեպ նոր աշխարահայացքի ձեւավորման հիմնաքարը: Սովետական ռեժիմի օրոք էլ Քոչարն էր առաջինը, ով իր բարձրաճաշակ գեղարվեստական մտածելակերպով, բարձրարժեք գործերով կոտրեց գեղարվեստական լուսանկարչական արվեստի հանդեպ եղած սառույցը` ճանապարհ բացելով նրա հետագա զարգացման եւ առաջընթացի համար: Նա էր առաջինը, որ ցույց տվեց նոր մտածելակերպի քաղաքացիության իրավունքը: Քոչարը 1962 թվականին հիմնադրեց «Երեւան» ֆոտոակումբը եւ 15 տարի անընդմեջ եղավ նրա անփոփոխ ղեկավարը: Այդ ֆոտոակումբը գեղարվեստական լուսանկարչության եւ ընդհանրապես լուսանկարչական կյանքի մի մեծ դպրոց դարձավ այն ժամանակ այս ասպարեզ մուտք գործած երիտասարդության համար:

Անդրանիկ Քոչարի հավաքագրական աշխատանքըՙ «Հայ Լուսանկարիչներ» վերնագրովՙ 2007 թ. հրատարակվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ, դառնալով հանրության սեփականությունը: Այսօր մեր մայրաքաղաքում «Լուսանկարչության թանգարան» հիմնելով, աշխարհով մեկ ցրված արժեքները կմեկտեղենք, որպես հայազգի վարպետների լուսանկարչական ֆենոմենի վառ ապացույց: