Պատմության օժանդակ գիտությունները

խմբագրել

Աղբյուրագիտությունը որպես պատմության օժանդակ գիտություն

խմբագրել

Աղբյուրագիտությունը հանդիսանում է պատմության օժանդակ առարկաներից մեկը և մշակում է պատմական աղբյուրների ուսումնասիրության և օգտագործման եղանակները։ Աղբյուրագիտությունը տալիս է պատմական սկզբնաղբյուրների ծագումը, դասակարգումը, քննադատական վերլուծությունը,արժանահավատությունն ու պատմագիտական արժեքը։[1] Աղբյուրագիտությունը ամենից շատ է օգտագործում պատմագիտության մյուս ճյուղերի տվյալները և ամենից շատ է հենվում նրանց վրա: Այն սերտորեն կապված  հնագրության /պալեոգրաֆիա/, արձանագրագիտության /սֆրագիստիկա/, զինանշանագիտության /հերալդիկա/, չափագիտության /մետրոլոգիա/, տոմարագիտության /խրոնոլոգիա/, դիվանագիտության /դիպլոմատիկա/, ազգագրության /էթնոգրաֆիա/, հնագիտության /արխեոլոգիա/ և պատմական աշխարհագրության հետ: Պատմագիտական նշված ճյուղերը ուսումնասիրում են տոհմատիրական, ստրկատիրական, ֆեոդալիզմի ժամանակաշրջանները և սահմանափակվում են հին և միջին դարերով: Նոր ժամանակների պատմության մշակումը պահանջում է նաև իրենց  տեսակով նոր աղբյուրների ուսումնասիրություն:

Պատմական աղբյուրները բաժանվում են 5 հիմնական խմբի. Նյութական, ազգագրական, լեզվական, բանավոր և գրավոր"

Նյութական աղբյուրների մեջ հիմնական տեղը գրավում են հնագիտական բնույթի նյութերն ու առարկաները, որոնց հանգամանալից ուսումնասիրությունը երբեմն հետազոտողին հնարավորություն է տալիս կատարելու գիտական շատ կարևոր ընդհանրացումներ ու եզրակացություններ: Հնագիտական նյութերը մեծապես լրացնում են նաև դասակարգային հասարակությունների ժամանակաշրջանի պատմության վերաբերյալ գրավոր աղբյուրների պակասը:

Ազգագրական բնույթի նյութերը նույնպես կարևոր նշանակութուն ունեն մարդկային հասարակության պատմության ուսումնասիրության համար: Յուրաքանչյուր ժողովրդի ազգային սովորությունները պահպանվում են շատ երկար, և նրանց վերապրուկները երբեմն հասնում են մինչև օրերը:

Իբրև պատմագիտական աղբյուր կարևոր նշանակություն ունեն նաև լեզվագիտական նյութերը: Մենք այսօր մեծ չափով միայն լեզվագիտության տվյալներով ենք կարողանում բացատրել հնագույն աշխարհի պետական կազմավորումների և աշխարհագրական միավորների անունների մի մասը:

Պատմական հնագույն դեպքերի և իրադարձությունների մասին մեզ տեղեկություն է տալիս սերնդե-սերունդ պատմվող բանավոր խոսքը` դյուցազներգության, հեքիաթների, առասպելների, գուսանական ու ժողովրդական երգերի, հանելուկների և այլ կարգի պատումների ձևով: Ժողովրդական բանավոր խոսքի մեջ թեև պատմական իրադրության իրական պատկերը, բնականաբար, աղավաղվում է, նրա մանրամասնությունները կորչում, անհետանում են, բայց խոսքը ընդհանրապես իր պատմական արժեքը չի կորցնում:

  1. Մելիք- Բախշյան, Ստեփան (1979). Հայոց պատմության աղբյուրագիտություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 5–6.