Բիտումատին պլաստիկներ (լատին․՝ bituminosus – ձյութով հարուստ ), բիտումային նյութերից և լցանյութերից կազմված պլաստմասաներ։ Որպես բիտումային նյութեր կիրառվում են բնական կամ արհեստական նավթային բիտումները, քարածխային պեկերը կամ դրանց համաձուլվածքները, որպես լցանյութեր՝ բամբակի քոլքը (տեքստիլ արդյունաբերության թափոններ) և դիատոմիտը (փխրուն, թեթև, ծակոտկեն ապար)՝ 25-ից մինչև 60% քանակությամբ։ Բիտումատին պլաստիկներ պատրաստելու համար բաղադրամասերը խառնում են 150–160°C ջերմաստիճանում, ապա այդ զանգվածից սառը գրտնակման միջոցով ստանում 10–15 մմ հաստությամբ թերթաձև նախապատրաստուկներ։ Առարկաները կաղապարում են նախապես տաքացված (175°C) նախապատրաստուկները 125–200 կԳ/սմ2 ճնշման տակ մամլելով։ Կան նաև ասբապեկալիտային պլաստիկներ (ասբաթուղթ, ասբաստվարաթուղթ), որոնք պատրաստվում են պեկից, ասբեստից և դիատոմիտից։ Բիտումատին պլաստիկներ ջերմապլաստիկ նյութեր են․ մեկ տարի մթնոլորտային պայմաններում կամ թորած ջրում պահելուց հետո, ինչպես նաև 160 ժ ընթացքում մինչև 65°C ջերմաստիճանը տաքացնելիս չեն փոխում իրենց զանգվածը և ամրությունը։ Բիտումատին պլաստիկներից պատրաստում են, հիմնականում, ավտոմոբիլային կուտակիչների բաքեր, տանիքանյութեր, էլեկտրան ռադիոապարատների տարբեր տարրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

[[Կատեգորիա:]]