Մասնակից:Էլգա Բաղդասարյան/Ավազարկղ 1

Առաջաձոր

Բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Խաչենագետի վերին հոսանքի ձախափնյա լեռնալանջին:

Ընդհանուր առմամբ Խաչենագետի վերին հոսանքի երկու հատվածներում գտնվող տարածքները բնաաշխարհագրական տեսանկյունից բավականաչափ հարմարավետ են, և պատահական չէ, որ դարեր շարունակ հայ մարդն անընդհատ ապրել է նշված գողտրիկ վայրերում: Այս վայրերում հաճախակի հանդիպում ենքք Ք. ա. 3-1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ: Մանավանդ քրիստոնեական դարաշրջանի հուշարձանները բավական բազմազան են ու շատ: Սկզբնական շրջանում բնակավայրերը պաշտպանական նկատառումներով տեղադրված են եղել բարձրադիր լեռնային հատվածներում: Առաջաձորի բնակիչների նախնիները բնակվել են Տակաթաղ և Փլուսանց շեն լեռնային գյուղերում:

10-րդ դարում այդ գյուղերի բնակիչները իջել և բնակություն են հաստատել ցածրադիր մասում, որի դիմաց ձգվում է մի անդնդախոր ձոր: Կարծիք կա, որ այստեղ էլ առաջացել է գյուղի անվանումը:

1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո երկրամասի բնակավայրերի զարգացման համար որոշակի պայմաններ ստեղծվեցին: Մասնավորապես դրան նպաստում էին խաղաղ պայմանները: Եթե 19-րդ դարի կեսերին Առաջաձորում կար 80 տնտեսություն, ապա 19-րդ դարի վերջերին՝ 197 տուն, 1501 բնակիչ:

1920 թվականի աշնանը Արցախում բռնկված հակախորհրդային ապստամբոությունը Թևան Ստեփանյանի գլխավորությամբ հաջողություններ արձանագրեց հատկապես Դիզակում և Վարանդայում:

1921 թվականին՝ Երևանում փետրվարյան ապստամբության հաղթանակից հետո, Արցախում արմատական բեկում կատարվեց: Մեկը մյուսի հետևից ազատագրվում էին գյուղերը: Նմանօրինակ իրավիճակ էր ստեղծված նաև Խաչենագետի ձորակում:

1921 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում այստեղ իշխանությունը գտնվում էր ապստամբների ձեռքում: Ապստամբության կենտրոնը համարվում էր Առաջաձոր գյուղը: Շարժման կազմակերպիչները սերտ կապեր ունեին Թևան Ստեփանյանի հետ:

1921 թվականի փետրվարի 12-ին կոմկուսի Ջևանշիրի գավառային կոմիտեն լիազորում է Թևանտրոս Միրզաբեկյանին՝ բանակցել ապստամբների հետ: Ժամանակ շահելու համար ապստամբության ղեկավարները բանակցությունները ձգձգեցին մինչև հուլիսի 12-ը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարանդայում և Դիզակում ապստամբությունը գնում էր դեպի մարում, այստեղ նույնպես որոշվեց համակերպվել  իրավիճակին:

Առաջաձորում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1929 թվականին, գյուղում կոլտնտեսություն է կազմակերպվում, 1977 թվականին այն վերակազմակերպվեց խորհտնտեսության : 1988 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո տնտեսությունը լուծարվեց:

Խորհրդաային տարիներին Առաջաձորը որոշակի զարգացում ունեցավ: Գյուղում կային երկհարկանի տներ, կար մշակույթի տուն. տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք, կար ու ձևի արհեստանոց, հացի փուռ, գրադարան, կենցաղսպասարկման կոմբինատ, շինվերանորոգման տեղամաս, կաթի ընդունման և նախնական վերամշակման կետ:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 450 առաջաձորցիներ, նրանցից 197-ը զոհվել են: