Մասնակից:Զարուհի Կիրակոսյան/Ավազարկղ

Հայոց Ցեղասպանության դասավանդման հիմնախնդիրը դպրոցում

Ցեղասպանությունը մարդկային պատմության ամենադաժան և ամոթալի երևույթներից է, այս բառի արտաբերումն իսկ առաջացնում է  ցասում և ուղեկցվում է բարոյական գնահատականներով։Ցեղասպանությունը ոչ միայն պատմական երևույթ է, կամ գիտական աբստրակցիա, այլ նաև մեր օրերի դաժան իրականություն, ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ, որի կանխարգելումը կարող է փրկել հազարավոր կյանքեր։Ամեն մի գիտական աշխատություն , որում քննության առարկա կդառնա այս թեման, կարող է նպաստել ավելի գործուն միջոցների ընտրությանը  և կիրառմանը։

  <<Ցեղասպանություն>>  եզրույթը 1944 թվականին գիտական շրջանառության մեջ է դրել քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինը։Լեմկինի ընտանիքը հոլոքոստի զոհերից էր, և այս եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների ու բռնությունների նացիստական քաղաքականությունը՝ նկատի ունենալով նաև 1915թ․ Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի կոտորածները։

   1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց <<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու  մասին>> կոնվեցիան, որի համաձայն՝ <<ցեղասպանությունը>> սահմանվում է, որպես միջազգային հանցագործություն, և այն ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին։

  Կոնվենցիայի համաձայն՝ <<ցեղասպանություն>> է համարվում   ցանկացած գործողություն , որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով ։

  Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի ընդգրկուն սահմանումներ։Մասնավորապես, 1959թ․ իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը՝ որպես <<մարդկանց՝ որևէ խմբի պատկանելության համար կյանքից կանխամտածված զրկելը>>։

Ցեղասպանության՝ որպես կոնկրետ պատմական երևույթի, տեսությունը, որն ընդունելի  լիներ մասնագետների մեծ մասի համար, դեռևս ձևակերպված չէ, չկա նաև վերջնական իրավագիտական ձևակերպումը։

   Մինչդեռ, մեր աչքերի առջև աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող խաղաղ բնակչության կոտորածները շարունակվում են։Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային համակարգերը անկարող են պաշտպանվելու ոչ միայն անհատի իրավունքների, այլև մարդկային հոծ խմբերի կյանքի իրավունքը։ Մոտավոր հաշվարկները վկայում են, որ 1945-1987թթ․ պետությունների կողմից իրականացված զանգվածային կոտորածների թիվը մոտ 1․05-ից մինչև 2․5 անգամ գերազացում է 1945-1980թթ․ տեղի ունեցած բոլոր պատերազմների զոհերի թիվը։

Օսմանյան կայսրությունում և նրա հարակից շրջաններում 1915-1923թթ տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածները ու բռնի կրոնափոխումն անվանում ենք Հայոց ցեղասպանություն։Ցեղասպանության ևս մեկ օրինակ է Խորհրդային Ադրբեջանի կողմից 1988թ․-ից սկսված և տևական ժամանակ շարունակվող  ադրբեջանահայության կոտորածները՝ Դաշքեսանում, Կիրովաբադում, Սումգաիթում, Բաքվում և այլուր։ 2020թ․-ի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից հովանավորվող  մերօրյա Արցախյան պատերազմում ևս մեկ անգամ արցախահայերի գլխին կախվեց ցեղասպանության վտանգը, փորձ արվեց Արցախի էթնիկ ժողովրդին տեղահանել և հայրենազրկել, կոնկրետ վտանգ էր սպառնում նրանց ֆիզիկական գոյությանը։

  Մեր օրերում առավել քան արդիական է հայոց ցեղասպանության դասավանդումը դպրոցում, քանզի պատմությունը կրկնվելու հատկություն ունի, մենք պետք է կանխատեսենք և կանխենք մեր գլխին սրի պես ճոճվող  վտանգը, բացի այդ տարիներ շարունակ մեր ազգի մոտ ձևավորվել է զոհի հոգեբանությունը, մենք ապրել ենք, որպես ցեղասպանված ազգ, ինչը խոչնդոտ է հանդիսացել ազգի առաջընթացի և զարգացման համար։ ՈՒստի ժամանակն է վերանայելու ցեղասպանության դասավանդման նյութերը և  մեթոդները , երեխաների մոտ պետք է ոչ թե ձևավորել ցեղասպանվածի, մորթված ազգի կերպարը, այլ հակառակը պետք է ձևավորել պահանջատեր քաղաքացի, որը ունակ է ճանաչելու պատմության այս դառնաշունչ էջերը և պահանջատեր լինի դրա դատապարտումը իրականացնելու  ուղղությամբ։

  Հայոց ցեղասպանության թեման դպրոցում չի դասավանդվում, որպես առանձին թեմա, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, որի դասավանդման նպատակը և խնդիրները պետք է լինի՝

•         Նպաստել ազգային հիմնախնդիրների հիմնավոր յուրացմանը ,

•         Խորացնել Հայոց ցեղասպանության մասին սովորողների  պատկերացումներն ու գիտելիքները,

•          Օգնել գոյություն ունեցող բացասական կարծրատիպերի հաղթահարմանը,

•         Հայաստանում և Սփյուռքում ձևավորել Մեծ եղեռնի վերաբերյալ ընդհանրական պատկերացում և պայքարի միասնական մոտեցում,

•          դաստիարակել ավելի բանիմաց, լայնախոհ , պետության հանդեպ պատասխանատու քաղաքացիներ,

•          ձևավորել պատմական արդարության վերականգման, հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում, անվտանգ ապրելու և զարգանալու իրավունքի համար պայքարելու գիտակցությունը։

      Կարևոր է, որ հանրակրթական դպրոցների սովորողները՝ ՀՀ ապագա չափահաս քաղաքացիները, ձեռք բերեն նաև որոշ կարողություններ թուրքական պետության ժխտողականության և կեղծարարության քաղաքականությանը հակադարձելու համար։ Բոլոր ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումը ոչ միայն հայության, այլև համայն  մարդկության  առջև ծառացած խնդիր է, որովհետև առանց դրա չենք կարող հասնել համամարդկային համերաշխության և միջազգային խաղաղության։