Մասնակից:Դավիթ1999/Ավազարկղ

Պլուտոնը, Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և մենք նրա մասին քիչ բան գիտենք: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Նույնիսկ հզոր աստղադիտակով դիտելիս Պլուտոնը երևում է չափազանց թույլ, առկայծող աստղի նման: Մինչև օրս ոչ մի տիեզերական զոնդ չի հասել այդ մոլորակին: Աստղագետները պարզել են, որ Պլուտոնը խիստ սառած, քարաբեկորներից ու սառույցից կազմված գունդ է: Հավանաբար այն պատված է սառած մեթանի «ձյունով»: Պլուտոնը 1930 թվականին հայտնաբերել է ամերիկացի աստղագետ Փերսիվալ Լոուելի (1855–1916 թթ.)՝ այդ մոլորակի որոնման նպատակով կառուցած աստղադիտարանի աշխատակից Քլայդ Թոմբոն: Պլուտոնն ունի 3 արբանյակ՝ Քարոն, Հիդրա և Նեկտա: Ամենամեծը Քարոնն է, որի տրամագիծը ընդամենը 2 անգամ է փոքր մոլորակից, այդ պատճառով գիտնականները երկար ժամանակ Պլուտոնը համարում էին կրկնակի մոլորակ: Արեգակնային համակարգի ոչ մի արբանյակի և մոլորակի համեմատական չափերն այդպիսին չեն: Իսկ 2006 թվականին Միջազգային աստղագիտական միության գլխավոր նստաշրջանի որոշմամբ Պլուտոնը համարվել է թզուկ մոլորակ: Պլուտոնի՝ իր առանցքի, և Քարոնի՝ Պլուտոնի շուրջը պտտման պարբերություններն իրար հավասար են: Այդ համաժամանակյա շարժման հետևանքով Պլուտոնը դեպի իր արբանյակն է ուղղված միշտ նույն կողմով, և Քարոնը երևում է Պլուտոնի միայն այդ կողմից: Քանի որ Պլուտոնից մինչև Քարոն 20 000 կմ է (20 անգամ փոքր է Երկրից մինչև Լուսին եղած հեռավորությունից), այդ արբանյակը Պլուտոնի մակերևույթից զգալիորեն ավելի խոշոր կերևա, քան Երկրից երևացող Լուսինը: