Մասնակից:Արման Անդրիկյան/Ավազարկղ

ՊԱՐՍԿԱՀԱՅ ԹԵՄԵՐԸ XIV-XV ԴԱՐԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հայերեն ձեռագրերի հիշատակարաններն անգնահատելի պատմական սկզբնաղբյուր են հանդիսանում միջնադարյան Հայաստանի և հայկական գաղթօջախների պատմության ուսումնասիրության համար: Ի տարբերություն պատմողական կամ տարեգրային բնույթի սկզբնաղբյուրների, հիշատակարանների հեղինակները դեպքերին ականատես և ականջալուր հոգևոր և աշխարհիկ անձինք են և «նրանց հաղորդած տեղեկությունները վստահելի են. ժամանակագրական ու պատմական անճշտություններ ու սխալներ գրեթե իսպառ բացակայում են հիշատակարաններից: XIV-XV դարերով թվագրվող շուրջ 120 հայերեն ձեռագրերի հիշատակարաններում ականատես հեղինակների արժանահավատ տեղեկություններ են պահպանված Պարսկահայ թեմերը կամ եպիսկոպոսական վիճկներն ընդգրկող նահանգների, գավառների, հայաշատ քաղաքների, վանքերի, եկեղեցիներ և գրչության կենտրոնների մասին: Դրանցում հիշատակվում են նաև հիշյալ թեմերի բազմաթիվ առաջնորդներ, հոգևոր տարբեր աստիճան ունեցող գործիչներ, գրիչներ, ծաղկողներ, ինչպես նաև ժամանակի նշանավոր աշխարհականներ, որոնց «հալալ արդեամբ» ընդօրինակվել են այդ անգին ձեռագիր հուշարձանները: Հիշատակարաններից երևում է, որ բավականին լայն է ընդօրինակած կամ հեղինակած մատյանների թեմատիկան՝ Աստվածաշունչ, Ավետարան, Առաքյալների թղթեր, Ճառընտիր, Մեկնություններ, Դավանաբանական թղթեր, Ժողովածուներ, Տոնապատճառ, Յասմաւուրք, Սուրբ Գրոց Լուծումք, գրական ստեղծագործություններ՝ օրինակ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը և այլն: Մեզ հետաքրքրող ժամանակահատվածը հայոց պատմության ամենադժնդակ հարյուրամյակներից էր, երբ քոչվորական ցեղերը՝ մոնղոլներ, ուզբեկներ, կարակոյունլուներ ու ակկոյունլուներ, մեկը մյուսին փոխարինելով թալանում, ավերում էին Հայաստանը: Մոնղոլական էլղանության հարկային քաղաքականության անմարդկային բեռը և մոնղոլ-թաթարական խաշնարած տարազան ցեղերի կողմից Հայաստանը համատարած արոտավայրի վերածելը, քայքայեցին երկրի տնտեսությունը, խաթարեցին առևտրա-տնտեսական կապերը արտաքին աշխարհի հետ: Երբեմնի ծաղկուն և առևտրաշատ բազմաթիվ քաղաքների բնակիչներ կամովին կամ հարկադրաբար բռնեցին գաղթի ճանապարհը և արդեն գոյություն ունեցող հայկական գաղթօջախների շարքը համալրեցին նորերը, որոնց թվում էր նաև մեզ հետաքրքրող Օրդուբազարի կամ Սուլթանիեի գաղութը:Համարյա ողջ XV դ. ընթացքում Պարսկաստանը դարձել էր թուրքմեն կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի արյունալի բախումների թատերաբեմ: Քոչվոր նվաճողների բերած զրկանքներին գումարվում էին նաև մերթընդմերթ սաստկացող կրոնական հալածանքները քրիստոնյաների հանդեպ: Հայոց եկեղեցին ստիպված էր իր հոգևոր հոտը պաշտպանել ոչ միայն մահմեդական մոլեռանդների հարձակումներից, այլև այս ժամանակաշրջանում Պարսկաստանում հաստատված կաթոլիկ հոգեորս-միսիոներների քայքայիչ ու պառակտիչ գործունեությունից:


[1] ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (1301-1400թթ.),, կազմեց Լ.Ս.Խաչիկյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1950, էջ VII:

[1] ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց՝ Լ.Ս.Խաչիկյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1950: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս I, (1401-1450թթ.), կազմեց Լ.Ս.Խաչիկյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1955: ԺԵ դարի ձեռագրերի հիշատակարաններ, մաս II, (1451-1480թթ.), կազմեց Լ.Ս.Խաչիկյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ, Երևան, 1958: