Մասնակից:Արմանուշ/Ավազարկղ

Բացահայտենք Հայաստանը. բժշկող Ծաղկեվանքը կամ կույս Վառվառայի վանքը.

Հասցե՝ Աշտարակից Ապարան տանող ճանապարհ, Արագածոտնի մարզ, Արա լեռան լանջ: Քարքարոտ, տեղ-տեղ կիսաքանդ, առանց ցուցանակների և ուղենիշերի ճանապարհ: Միակ ուղեցույցը հեռվից՝ դեպի մատուռը գնացող մեքենաներն են:

Բնական քարանձավի մեջ գտնվող մատուռ՝  «Ծաղկեվանք»։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև «կույս Վառվառայի մահարձան» է կոչում։ Վերջերս տեղացիները այն նորոգել են և կառուցել են դեպի մատուռ տանող աստիճան:

Ավանդազրույցը պատմում է. Բնական քարանձավում գտնվող այս մատուռի ստեղծման մի քանի ավանդազրույց կա:

Ավանդազրույց 1. Քրիստոնյա Վառվառա կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվել է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդել է աղջկան, գտել և սպանել նրան: Նահատակվելուց առաջ Վառվառեն  Աստծուց խնդրել է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Ըստ հավատալիքի՝ Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վառվառայի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Հայ առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:

Ավանդազրույց 2. Բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։ Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, որը նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Եվ այդ պահին էլ մատնիչ հովիվն իր ոչխարներով քարացել է։ Իսկ Ծաղիկը, կորցնելով իշխանից ազատվելու հույսը, բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։ Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց դարձած քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։

Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։ Իսկ մարդիկ այստեղ գալիս են քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։ (Ըստ սեզոնի ջուրը ավելի հորդարատ է, ամռանը այն հասնեւմ է նույնիսկ կաթիլների):

Այստեղ ջուրը հավաքելու հարմարանքներ էլ կան: Ասում են՝ այս ջրում առկա ցինկն օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները այն «Սուրբ ջուր» են անվանում։