Մասնակից:Աշոտ Ղուկասյան/ԱվազարկղՎասպուրական

Քաղաքական մասնատվածություն և հետևանքներ

խմբագրել

X դարի սկիզբը միաժամանակ Բագրատունյաց Հայաստանի ֆեոդալական զարգացման հետևանք հանդիսացող քաղաքական մասնատվածության սկիզբն էր: Ֆեոդալիզմի զարգացումը Հայաստանում, ինչպես և ամեն մի այլ երկրում, անխուսափելիորեն հանգեցնում էր նորաշունչ երևույթների, որոնք էապես փոփոխում էին երկրի տնտեսական ու քաղաքական կարգը: Հեղափոխիկ այս գործոններն է՛լ ավելի են խորացնում Հայաստանի ֆեոդալական միջավայրում եղած ապակենտրոն ձգտումները: Նախկին գավառատեր նախարարների համար առաջնային հանդիսացող քաղաքական շահերը (որը ևս տնտեսական համապատասխան զարգացման հետևանք էր) նրանց անխուսափելիորեն շփման մեջ էին դնում իրենց սյուզերենի հետ, Տնտեսական կյանքի ուրույն զարգացման հետևանքով առաջացած ֆեոդալական մասնատվածության հիմքի վրա, Հայաստանի գավառներում X դարի շեմին դրսևորվել են սկսում նաև քաղաքական ներքին տարաձայնություններ, որոնք իրապես հողային-կալվածային վեճերի բնույթ էին կրում և խորանալով հանգեցրին երկրի քաղաքական ներքին տարաձայնությունների և երկրի քաղաքական մասնատմանը։

Ներքին քաղաքականություն

խմբագրել

902 թվականին Սմբատ թագավորը Մանազկերտի տակ կայսիկների դեմ տարած հաղթության առթիվ Նախճավանը նվիրեց իր քեռորդուն՝ Վասպուրականի գահերեց Աշոտ Արծրունուն: Ըստ երևույթին, քանի որ Նախճավանը Աշոտ Արծրունուն տրվեց նրա կատարած ծառայությունների համար, հետևաբար այն դարձավ Վասպուրականի գահերեցի պայմանական և ոչ թե ժառանգական, անօտարելի սեփականությունը: Որպես այդպիսին, Նախճավանը, Աշոտ Արծրունու մահից որոշ ժամանակ հետո խլվեց Վասպուրականից և տրվեց Սյունիքին, քանի որ վերջինիս իշխանները խորապես դժգոհ էին մնացել հայոց թագավորից: Որ Նախճավանը Աշոտ Արծրունու մահից հետո Սմբատ առաջինի կողմից խլվել է Վասպուրականից և տրվել է Սյունիքին, երևում է այն հանգամանքից, որ երբ իրենց եղբոր մահից հետո Վասպուրականն իրար մեջ են բաժանում Գագիկ և Գուրգեն Արծրունիներն, ապա նրանցից ոչ մեկի բաժնում չի հիշատակվում այդ քաղաքը։ Այն պահից վեր, երբ Յուսուֆն իր ազդեցիկ միջնորդությամբ հաշտեցրեց Արծրունիներին և Ատրպատականի ցեղապետներին, Վասպուրականի տերերի ուշադրությունը պետք է որ հրավիրված լիներ նրանց տիրույթներից անջատած Նախճավանի վրա: Բայց Արծրունիները դեռևս չէին կամենա անջատվել Բագրատունյաց Հայաստանից, քանի որ Յուսուֆին չէին վստահում: Բացի այդ, Սմբատ թագավորը խելացի քաղաքականությամբ կարողանում էր շահել Արծրունիների սիրտը:  Հնավանդ հիշատակներով Վասպուրականի հետ կապված այդ քաղաքը Սյունիքին անցնելու հանգամանքը վիրավորում էր Արծրունի իշխանների ինքնասիրությունը: Ըստ երևույթին Սմբատ թագավորը 904 թվականին Վասպուրականից անջատելով Նախճավանը, անմիջապես այն չի տվել Սյունիքին, այլ հետագայում, ամենայն հավանականությամբ 908 թ. Սկզբներին, ընդառաջելով Սյունյաց իշխանների թախանձանքին, քաղաքն ընծայում է Սյունյաց գահերեցին: Բայց մինչ այդ էլ Վասպուրականի հետ Բագրատունյաց թագավորի հարաբերությունները լավ չէին: Սմբատ թագավորը։ ամենայն հավանականությամբ դժգոհելով Գագիկ Արծրունու և Յուսուֆի միջև նշմարվող մերձեցումից, կամենում է կրկին վատացնել Գագիկի և Ատրպատականի հարևան ցեղերի միջև եղած հարաբերությունները, Արծրունիներին իրենից ավելի մեծ կախման մեջ գցելու համար, բայց արդյունքի չի հասնում: Այս պատճառով Սմբատ I-ը օգտագործում է Ամյուկի գրավումը Գազիկի կողմից: Վերջինս ինչպես տեսանք, ոչ միայն գրավել էր, այլև սրի էր քաշել Ամյուկի բնակչությանը,ավելի բորբոքելով Ութմանիկներին ազգակից ցեղապետների և Վասպուրականի միջև եղած թշնամանքը, որը վերստին արծարծել տալու ջանադրությամբ, Սմբատ թագավորը կաշառքի ու այլևայլ խոստումների միջոցով իր կողմն է գրավում Ամյուկի բերդապահ Ապուսակը Վահունուն, նրա միջոցով տիրանալով այդ բերդին:

Գագիկ Արծրունու թագադրում

խմբագրել

Գագիկ Արծրունին դժվարությամբ է հաշտվում բերդը կորցնելու փաստի հետ, քանի որ մեծ դժվարությամբ էր նվաճել այդ անմատչելի ժայռաբերդը: Սմբատ թագավորը գերադասում է Ամյուկը վերադարձնել Գագիկին, փոխանակ Ութմանիկներին տալու։ Հայոց թագավորը, վերջնականապես համոզվելով, որ հնարավոր չէ Գազիկին կտրել Յուսուֆից և միաժամանակ վախենալով, թե միգուցե Վասպուրականի տիրոջ օրինակը վա-րակիչ հանդիսանա Ատրպատականին սահմանակից Սյունիքի համար, ընդառաջում է վերջինիս իշխաններին և Նախճավանը տալիս է Սյունիքին: Այս մերժումից Գագիկ Արծրունին հայոց թագավորի նկատմամբ լցվում է խորին ատելությամբ և ապա բազում նվերներով 908 թվականին մեկնում է Յուսուֆի մոտ, նրանից ստանալով թագապսակ և «Հայոց թագավոր» տիտղոսը, Արծրունի պատմիչը հաղորդում է, որ Յուսուֆը Գագիկին թագավոր է կարգում «Ողջ Հայաստանի վրա, նրա ձեռքն է տալիս «Ամբողջ Հայաստան աշխարհը», Բայց նախքան Գագիկին «Ամենայն Հայոց» թագավոր կարգելը, Յուսուֆն ինքը պիտի տիրեր Հայաստանին, որպեսզի ի վիճակի լիներ նրա վրա թագավոր կարգելու։

Գագիկ Արծրունին չէր կարող դառնալ «Ամենայն հայոց թագավոր», քանի որ Հայաստանի սիրտը հանդիսացող Այրարատը նրա ձեռքում չէր: Ճիշտ է, վերջինիս տիրելու համար հետագայում նա քայլեր ձեռնարկեց բայց հաջողություն չունեցավ: Ուստի Գագիկ Արծրունուն «Ամենայն հայոց թագավոր» համարելը լոկ Արծրունյաց տոհմի պատմիչի ցանկությունն էր, որն անշուշտ X դարի սկզբին Վասպուրականի քաղաքական միջավայրում տիրող մտայնության արձագանքն էր: Գագիկ Արծրունին իրականում թագավորել է միայն Վասպուրականում, Մոկքում և հարևան մի քանի գավառներում։    Գագիկ Արծրունուն որոշ ժամանակ ամբողջ Հայաստանի թագավոր էին համարում նաև Բյուզանդիայում և խալիֆայությունում: Գագիկի թագադրումից մինչև կաթողիկոսի Ատրպատական մեկնելը երկար ժամանակ տևած չի կարող լինել, որովհետև շտապ միջոցառումներ էին պետք երկրի գլխին կախված վտանգը վերացնելու համար: Հայոց կաթողիկոսն անմիջապես բանտ է նետվում Յուսուֆի կողմից։ Գուրգենը վերադառնում է Վասպուրական, Յուսուֆից Ատրպատական այցելելու հրավեր տանելով Գագիկին: Այնուհետև «յետ ամսոց ինչ» Ատրպատական է մեկնում Գագիկը և վերստին Յուսուֆից թագ ստանալով, խոստանում է համագործակցել նրան, հայոց թագավորի դեմ : Այսպիսով, Յուսուֆի կողմից Գազիկին երկու անգամ թագադրելու հետ կապված դեպքերը միմյանցից հազիվ 3-4 ամսով հեռու լինեին, և տեղի են ունեցել նույն տարում` 908 թվականին։

Արաբական արշավանք

խմբագրել

Հաջորդ տարվա վաղ գարնանը Յուսուֆը հարձակվում է Հայաստանի վրա, իր հետ տանելով հայոց շղթայակապ կաթողիկոսին , Նախճավան մտնելով, Յուսուֆն այնտեղ է մնում մի քանի օր, մինչև որ նրա մոտ են գալիս Գագիկ և Գուրգեն Արծրունիները, որից անմիջապես հետո Յուսուֆը հարձակվում է Սյունիքի վրա:

Եվ այդպես, 908 թվին Յուսուֆը հասավ իր նպատակին․ Հայաստանը պառակտվեց երկու մասի: Ասես հաստատուն երաշխիքներ էին ստեղծվում նրա կողմից ողջ Հայաստանը նվաճելու համար: Բաղդադում այնքան էին համոզված, որ Յուսուֆն ի վիճակի կլինի իր գերիշխանությունը տարածել Հայաստանի վրա, որ 909 թվին Մուքտադիր Բիլլահ (Աբուլ Աթ- բաս) խալիֆը Յուսուֆին է վերապահում ոչ միայն Ատրպատականի, այլև Հայաստանի կողմից մուծվող հարկը Բաղդադ փոխանցելու իրավունքը։ Վասպուրականի անջատմամբ Հայաստանը բավականին թուլացավ: Սա հնարավորություն տվեց Յուսուֆին, որպեսզի իրագործի Հայաստանի նկատմամբ ունեցած իր նվաճողական պլանները։ Հայաստան ներխուժելու համար նա պատրվակ է բռնում Սմբատ թագավորի կողմից հարկային պարտավորությունների կատարման գործում ցուցաբերած թերացումները։

Յուսուֆի և հայոց թագավորի միջև առաջացած կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ վերջինիս գործադրած ջանքերն իզուր անցան: Յուսուֆը հաստատապես որոշել էր արշավել և նվաճել Բագրատունյաց թագավորությունը։   Գագիկ Արծրունու սադրանքով էլ, հավանաբար, կաթողիկոսը բանտ նետվեց Յուսուֆի կողմից: Դեռ ավե լին, պատմիչը վկայում է նաև, որ Գուրգեն Արծրունին համոզում է ոստիկանին հարձակվել Հայաստանի վրա ։Յուսուֆը Գագիկին կրկին թագավոր կարգելուց հետո, անհրաժեշտ պատիվներով մեծարելով նրան, ճանապարհ է դնում դեպի Վասպուրական, որից հետո փշրվում են Գագիկ Արծրունու գալստյամբ բանտից ազատվելու համար կաթողիկոսի ունեցած հույսերը»։  Յուսուֆը Գագիկ Արծրունու Ատրպատական այցելած ժամանակ նրանից դրական հավաստիացումներ է կորզում այն մասին, որ Սմբատ I-ի դեմ Յուսուֆի կատարելիք արշավանքի դեպքում Վասպուրականը չի պաշտպանի հայոց թագավորին։ Այնուհետև Յուսուֆը հաստատապես որոշեց պատերազմ սկսել Սմբատ I-ի դեմ։ Արշավանքը դեպի Հայաստան կայացավ 909 թվականի ապրիլի սկզբներին: Ատրպատականի բանակը նախ գրավում է Նախճավանը, որտեղ Յուսուֆը հույս ուներ, թե իրեն միանալու կգան Գագիկ և Գուրգեն Արծրունիները: Բայց Արծրունիները չեն շտապում իրենց խոսքը գործի վերածել։  

Արծրունուց դժգոհ էին Բագրատունյաց Հայաստանի սակավ բացառությամբ բոլոր խավերը թե ընչավետ և թե ստորին։ Վասպուրականի ժողովուրդը ևս դժգոհությամբ  ընդունեց  Վասպուրականում առանձին Թագավորության հռչակումը։ Գագիկ Արծրունին չէր կարող հասու չլինել ստեղծված դրությանը, որի թելադրանքով նա լավ ըմբռնում էր, թե ինչպիսի նենգ խաղ է խաղացել Յուսուֆն իր գլխին, թշնամացնելով իրեն իր ժողովրդի հետ: Աստիճանաբար բացվում են Արծրունյաց թագավորի աչքերը: Եվ նա սկսում է տագնապով նայել այն ոճիրներին, որ կատարվում էին հաճախ հենց իր աչքի առաջ՝ Յուսուֆի հրամաններով։ Երևույթները միանգամայն պարզ և ուսանելի էին: Գագիկի աչքի առջև դաժանաբար» Յուսուֆը անխնա կերպով ոչնչացնում էր ոչ միայն հայոց թագավորին հարողներին, այլև իրեն՝ Յուսուֆին հպատակություն հայտնած հայ իշխաններին, որոնցից հետո հերթն անշուշտ հասնելու էր իրեն՝ Գագիկին: