Չինարի գյուղ, Ախնջի գետի ափից երկու կիլոմետր դեպի արևելք գտնվող գյուղ, որը տեղակայված է Գարդմանի վերջին `արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում: Այդ վայրը եղել է Ղուլալուի (այժմ` Այգեձոր) ձմեռանոց-բնակատեղին, որն աստիճանաբար վերածվել է հիմնական բնակավայրի:

Չինարի գյուղի բնակչությունը 1890 թվականին տեղափոխվել է Այգեձոր (նախկին Ղուլալու) գյուղ: Մինչև 1930-ական թվականները երկու հողերն ու այգիները խառն են եղել և գյուղերի միջև սահմանագիծ չի եղել:

Ստուգաբանություն խմբագրել

Չինարի անունը հավանաբար առաջացել է նրանից, որ այդ հանդամասը կիսող ձորն ի վեր բուսած են եղել հին ու վիթխարի չինարի մեծ ծառեր, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կանգուն մնում են: Այդ մասին կա ոչ շատ հնուց եկած մի ավանդություն, բայց և իրական փաստ[1]:

Ղուլալվեցիները հնուց ի վեր այդ հողերում ցանել են հացահատիկային կուլտուրաներ և հունձը կատարել են մանգաղի հնագույն տեսակով, որը կոչվում էր «չին»: Ի տարբերություն մյուս հողերի, որտեղ հացահատիկ չէին ցանում, այդ չինով հնձվող ամբողջ հանդամասը կոչում էին «Չների կամ Չիների հողեր», «Չների դուզեր»: Աստիճանաբար չներ անունը հանդամասի վրա հաստատվում է և որոշ ձևափոխության ենթարկվելով բարբառի մեջ, դառնում է «չիների», ապա «չինարի», ու այդպես այդ բառը մնում է որպես անուն` նոր հիմնադրած գյուղի վրա` Չինարի:

Բնակչություն խմբագրել

1890 թվականին Չինարի գյուղում կար 50 տնտեսություն, 210 բնակչով: Առաջին անգամ Չինարի գյուղը, որպես առանձին վարչական միավոր, մարդահամարի է ենթարկվել 1908 թվականին, որի ժամանակ բնակչության թիվը կազմում էր 523 հոգի: Այդ աճի մեծ տարբերությունը պայմանավորված էր Ղուլալուից բնակիչների Չինարի տեղափոխվելով[1]:

1965 թվականին գյուղն ուներ 320 տնտեսություն 1661 բնակչով: Ղուլալուից այդտեղ տեղափոխված հիմնադիր տոհմերն ու տոհմաճյուղերն էին Աղամանք կամ Միրզոյանները, Ջուլհականք, Գյորգունք կամ Պետրոսյանները (Իրիցանք) , Չաղալանք, Ղասունք կամ Արզումանանք, Ապերանք, Ռստամանք, Պրունանք (Հովակիմյանները), Մակառանք, Պետունք, Վըսկանանք[1]:

Պեղումներ խմբագրել

Գյուղի արևելյան կողմի լեռնալանջի վերին մասում է գտնվում 13-րդ դարի նշանավոր վանքերից մեկը`Խորանաշատ վանքը, որը մինչ օրս կանգուն է: Խաչի Չալա կողվող հանդամասի աղբյուրից կավե խողովակներով ու ջրհորդաններով կառուցվել է ավան, որը ձգվել է մինչև Պարթևաշեն (Պարթաղի քար) և այնտեղի հին բերդ- ամրոցը: Այդ ջրմուղի երկարությունը մոտ 3 կիլոմետր է: Պարթևաշեն ավանի տարածքում հողի տակ հայտնաբերվել են միջնադարից մնացած նյութական արժեքներ`գործիքներ, իրեր, ամանեղեն, զենքի նմուշներ: Այս վայրում հայտնաբերվել է հազվագյուտ աղացաքար, որը նախատեսված էր հացահատիկ աղալու համար: Այդ աղացաքարն այժմ գտնվում է Այգեձոր գյուղի ալրաղացի մոտ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արտակ Կարապետի Տեր Գրիգորյան «Տավուշ (Շամշադին)», Երևան 2013, էջ 182