Տնտեսագիտության մեջ հաստատուն ծախսերը, անուղղակի ծախսերը կամ վերադիր ծախսերը այն ծախսումներն են, որոնք կախված չեն կազմակերպության կողմից թողարկված ապրանքների և ծառայությունների ծավալից։ Դրանք հակված են կախված լինել ժամանակից, ինչպիսիք են՝ ամսեկան վճարվող տոկոսադրույքները կամ վարձավճարները, որոնք հաճախ կոչվում են վերադիր ծախսեր։ Ի տարբերություն վերադիր ծախսերի, փոփոխուն ծախսերը կախված են ծավալից (վճարվում են թողարկված միավորի հաշվով) և անհայտ հաշվետու տարվա սկզբում։ Որպես պարզ օրինակ կարելի է համարել հացատունը, որի դեպքում թխման հետ կապված արտադրողական կարողությունների գծով ամսեկան վճարը, անվտանգության համակարգի, հիմնական հեռախոսագծի համար ամսեկան վճարումներն էլ ֆիքսված ծախսեր են, քանի որ դրանք չեն փոխվում ըստ նրա, թե որքան հաց է արտադրվում և վաճառվում։ Մյուս կողմից՝ աշխատավարձի գծով ծախսերը փոփոխուն են, քանի որ հացատունը սիպված է լինելու վարձել ավելի շատ աշխատողների, եթե հացի արտադրության ծավալը աճի։ Տնտեսագետները ֆիքսված ծախսերը նորեկ ձեռնարկատերերի համար դիտում են՝ որպես դեպի շուկա մուտքի խոչընդոտների։

Կառավարչական հաշվառման մեջ ֆիքսված կամ հաստատուն ծախսերը սահմանվում են որպես այնպիսի ծախսումներ, որոնք տվյալ ժամանակահատվածում չեն փոփոխվում և բիզնեսի գործունեությունից կախված ֆունկցիա չեն։ Օրինակ՝ մանրածախ առևտրով զբաղվողը պիտի վարձակալության և կոմունալ վճարումներ կատարի՝ անկախ վաճառքի ծավալից։ Մարքեթինգում անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են ծախսերը բաժանվում փոփոխուն և հաստատուն ծախսերի միջև։ Այս տարբերակումը որոշիչ է միավոր վաճառքների գծով կատարվող տարբեր փոփոխությունների արդյունքում ստեղծվող եկամուտների և հետևաբար առաջարկվող մարքեթինգային արշավների ֆինանսական ազդեցության կանխատեսման համար։ Մոտ 200 մարքեթինգային ավագ մենեջերների շրջանում կատարված հարցման ժամանակ մասնակիցների 60%-ը պատասխանել է, որ «փոփոխուն և հաստատուն ծախսերի» տարբերակումը շատ կարևոր է[1]։

Նկարագրություն խմբագրել

Հաստատուն ծախսերը հավերժ ֆիքսված չեն, դրանք ժամանակի ընթացքում կփոխվեն, բայց, պայմանագրային պարտավորություններից ելնելով, թողարկման ծավալին համապատասխան ֆիքսված են տվյալ ժամանակահատվածում։ Օրինակ՝ ընկերությունը կարող է ունենալ արտադրության հետ չկապված անսպասելի կամ անկանխատեսելի ծախսումներ, ինչպիսիք են պահեստային ծախսերը և սրանց նման այն ծախսերը, որոնք ֆիքսված են միայն վարձակալության տվյալ ժամանակահատվածի համար։ Ըստ սահմանման՝ երկարաժամկետում ոչ մի հաստատուն ծախս էլ չկա, որովհետև երկարաժամկետ հատվածը բավարար է նրա համար, որ բոլոր կարճաժամկետ հաստատուն մուտքերը դառնան փոփոխուն[2][3]։ Արտադրողական կարողություններում, սարքավորումներում և կազմակերպության տարածքի մեջ կատարվող ներդրումները, որոնք զգալի չափով չեն կարող կրճատվել կարճաժամկետում, համարվում են նպատակին կոչված հաստատուն ծախսեր։ Հայեցողական հաստատուն ծախսերը սովորաբար առաջանում են մենեջմենթի կողմից կատարված տարեկան որոշումների արդյունքում, երբ դրանք առանձնացվում են որոշակի հաստատուն ծավալով։ Հայեցողական ծախսերի օրինակներ են գովազդումը, ապահովագրության վճարները, սարքավորումների սպասարկումը և գիտահետազոտական ծախսումները։ Հայեցողական հաստատուն ծախսերը կարող են թանկ լինել[4]։

Բիզնես պլանավորման և կառավարչական հաշվառման մեջ հաստատուն ծախսեր, փոփոխուն ծախսեր և այլ ծախսեր տերմինների կիրառումը հաճախ տարբերվում է տնտեսագիտության մեջ դրանց կիրառումից և կարող են կախված լինել կոնտեքստից։ Որոշակի ծախսային հաշվումների պրակտիկ կիրառումները, ինչպիսին են գործունեության վրա հիմնված ծախսային մեթոդդը, հաստատուն ծախսերը կբաշխի այնպիսի բիզնես գործառնությունների մեջ, որոնք շահութաբեր են։ Այն կարող է պարզեցնել որոշումների կայացման գործընթացը, սակայն կարող է շփոթող և հակասական լինել[5][6] ։ Հաշվապահական տերմինաբանության մեջ հաստատուն ծախսերը լայն իմաստով իրենց մեջ կընդգրկեն գրեթե բոլոր այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն վաճառված ապրանքների ծախսերի մեջ, իսկ փոփոխուն ծախսերը այն ծախսերն են, որոնք բիզնեսը կրում է փոփոխուն ծախսային մեթոդի ներքո վաճառված ապրանքների ծախսերի արդյունքում։ Ընդհանուր ծախսային մեթոդի մեջ հաստատուն ծախսերը կներառվեն և՛ վաճառված ապրանքների գծով ծախսերի և գործառնական ծախսերի մեջ։ Ոչ ակնհայտ ենթադրությունն, որը պահանջվում է հաշվապահական և տնտեսագիտական տերմինաբանությունների միջև համարժեքություն մտցնելու համար, այն է, որ հաշվառման ժամանակահատվածը հավասար է այն ժամանակահատվածին, որի ժամանակ հաստատուն ծախսերը չեն տատանվում ըստ արտադրության ծավալի։ Պրակտիկայում այս համարժեքությունը միշտ չի պահվում և կախված մենեջմենթի կողմից դիտարկվող ժամանակահատվածից, որոշակի վերադիր ծախսեր (օր․՝ վաճառքների, ընդհանուր և վարչական ծախսումները) կարող են ճշգրտվել մենեջմենթի կողմից, և յուրաքանչյուր ծախսման բաշխումը յուրաքանչյուր կատեգորիայում կորոշվի ծախսերի հաշվառման արդյունքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Farris, Paul W.; Neil T. Bendle; Phillip E. Pfeifer; David J. Reibstein (2010). Marketing Metrics: The Definitive Guide to Measuring Marketing Performance. Upper Saddle River, New Jersey: Pearson Education, Inc. 0-13-705829-2. The content used from this source has been licensed under CC-By-SA and GFDL and may be used verbatim. The Marketing Accountability Standards Board (MASB) endorses the definitions, purposes, and constructs of classes of measures that appear in Marketing Metrics as part of its ongoing Common Language in Marketing Project.
  2. McEachern, William (2012). Economics: A Contemporary Introduction. Mason, Ohio: South-Western Cengage Learning. էջ 158. ISBN 0-538-45374-5.
  3. Schwartz, Robert (2010). Micro Markets: A Market Structure Approach to Microeconomic Analysis. Hoboken, New Jersey: John Wiley & Sons, 2010. էջ 202. ISBN 0-470-44765-6.
  4. Bragg, Steven (3 November 2011). «What is a discretionary cost?». Accounting Tools. Վերցված է 10 March 2012-ին.
  5. Dr Alex, Suleman. «A controversial-issues approach to enhance management accounting education». Journal of Accounting Education. 1994: 59–75.
  6. Ali, H.F. «A multicontribution activity-based income statement». Journal of Cost Management. 1994 (Fall): 45–54.