Մանրածախ բանկ, վարկային կազմակերպություն, որը սպասարկում է մեծ թվով հաճախորդների՝ այդ ընթացքում կիրառելով հատուկ տեխնոլոգիաներ։ Մանրածախ բանկի կողմից մատուցվող բանկային ծառայությունների շրջանակը շատ մեծ է[1]։ Նմանատիպ բանկում սպասարկվում են իրավաբանական և ֆիզիկական անձինք[2]։ Բնակչությանը ծառայություններ մատուցող ոչ բոլոր բանկերն են կոչվում մանրածախ բանկեր[1]։

Նկարագրություն խմբագրել

Դասական մանրածախ բանկը կենտրոնացած է հաճախորդների ամենատարբեր խմբերի հետ աշխատելու վրա[1]։

21-րդ դարում մանրածախ բանկը կազմակերպություն է, որը կիրառում է հատուկ տեխնոլոգիաներ, զբաղվում է մեծ թվով հաճախորդների սպասարկմամբ և նրանց մատուցում հնարավորինս մեծ թվով ծառայություններ։ Մանրածախ բանկում կիրառվող տեխնոլոգիաները նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են ցանցային խանութներում և ծառայությունների ոլորտում։ Մանրածախ բանկում ամեն ինչ ուղղված է սպառողին[1]։

Մանրածախ բանկի ծառայություններից օգտվում են ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք։ Մանրածախ բանկի մենեջերները կենտրոնացած են հաճախորդների կարիքները առավելագույնս բավարարելու վրա[3]։

Մանրածախ բանկը կառուցված է չորս հիմնական բլոկից՝ տնտեսական բլոկ, ՏՏ ուղղություն, պլանավորում և մոտիվացիա, բանկի վճարային ծառայությունների և արտադրանքի մշակման և վաճառքի համակարգ։ Մանրածախ բանկը վարկային հաստատություն է, որն ունի վաճառքի կետերի լայն միջտարածաշրջանային ցանց։ Բանկային հաստատությունում մեծ թվով հաճախորդների սպասարկումը հնարավոր է միայն լավ ավտոմատացված գործընթացներով։ Բանկի աշխատակիցները պետք է լավ մոտիվացված լինեն, դա կբարձրացնի նրանց արտադրողականությունը[4]։

Մանրածախ բանկերը մշտապես աշխատում են վաճառքի նոր կետեր բացելու ուղղությամբ։ Վարկային հաստատության զարգացման տարեկան հայեցակարգը մշակելիս դրանում ներառում են վաճառքի նոր կետերի քանակը և դրանց գտնվելու վայրը, դրա իրականացման համար անհրաժեշտ ծախսերը[5]։

Գերմանիայի մանրածախ բանկերը փորձել են ընդլայնել իրենց հաճախորդների բազան անհատական հաճախորդների օգնությամբ։ Սա դժվար է իրագործվել ոչ բանկային և քվազիբանկային հաստատությունների կողմից աճող մրցակցության պատճառով, այդ հաստատություններից որոշներն իրենց ծառայությունները մատուցում են առցանց։ Ամերիկյան «Washington Mutual Inc.» բանկն իր աշխատանքում կիրառել է մանրածախ բանկային գործունեության նոր մոդել։ Այս նորամուծությունը նախատեսում է հաճախորդների հետ ավելի ազատ շփումների ձևավորում։ Այս մոտեցումն իրականացվել է «Occasio» մասնաճյուղի շրջանակներում, որտեղ դրամարկղերի փոխարեն տեղադրված են համակարգչային կրպակներ։ Դրանցում հաճախորդները խորհրդատուների օգնությամբ կարող են պահանջել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն, կատարել վճարում, գնել ներդրումային ապրանքներ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Технологии розничного банка, 2016, էջ 11
  2. Технологии розничного банка, 2016, էջ 10
  3. Технологии розничного банка, 2016, էջ 12
  4. Технологии розничного банка, 2016, էջ 13
  5. Технологии розничного банка, 2016, էջ 14
  6. Шабаева В.И. «Деньги. Финансы. Кредит».

Գրականություն խմբագրել

  • Пфау Е.В. Технологии розничного банка. — Москва: КНОРУС, 2016. — 256 с. — ISBN 978-5-406-04421-6