Մանրաթեփուկ

ձկների տեսակներ

Մանրաթեփուկ (լատին․՝ Acanthalburnus microlepis), սևահոն, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա գետերում։

Կառուցվածք

խմբագրել

Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկար.՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25սմ) և ավելի, զանգվածը՝ մինչև 200 գ։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 62-87 հատ։ Մեջքային լողակում առկա է 10-12 ճառագայթ, իսկ հետնալողակում՝ 14-20։ Կլանային ատամները երկշարք են, ձգված, կեռ։ Վերին ծնոտը ստորինից երկար է։ Մեջքային լողակի կոշտ ճառագայթներից վերջինը հաստացած է և տարբերվում է մյուսներից։ Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով։ Պոչային լողակը մկրատաձև է, ստորին բլթակը՝ վերինից մի փոքր երկար։ Մեջքը և գլխի վերին մասը կանաչավուն կամ դարչնագույն են՝ ոսկեգույն նրբերանգով։ Կողքերն արծաթագույն են, փորիկը՝ արծաթասպիտակ։ Կողքերի վերին մասով ձգվում է մոխրագույն կամ կապտագույն շերտ՝ աչքի տրամագծի լայնությամբ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, երիտասարդ առանձնյակների կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ բաց նարնջագույն, հասուններինը՝ նարնջագույն։ Սեռահասուն է դառնում 2 տարեկանում։ Սեռահասունի երկձևությունը բացակայում է։ Բազմանում է ապրիլ-հուլիսին (կախված ջրի ջերմաստիճանից)։ Բեղունությունը հասնում է մինչև 20 հազար ձկնկիթի, որը դեղնավուն է կամ բաց նարնջագույն, դնում է ստորջրյա բույսերի վրա։

Ապրելակերպը

խմբագրել

Մանրաձկները կյանքի առաջին շրջանում բնակվում են առափնյա բուսուտներում, առաջացնում են մեծաքանակ խմբեր՝ նաև այլ տեսակների մանրաձկների հետ։ Կազմում է մեծ վտառներ։ Երիտասարդ ձկները սովորաբար հանդիպում են գետերի և ջրամբարների առափնյա, իսկ հասունները՝ գետերի խոր և արագահոս տեղամասերում։ Սնվում է ջրային տարբեր անողնաշարավորներով (ջրալվեր, ջրային իշուկներ, փափկամարմիներ, միջատներ և նրանց թրթուրները), նաև բույսերով ու դետրիտով։ Արհեստ, ջրամբարներում բնակվող մանրաթեփուկը հաճախ վարակվում է մակաբույծ որդերով, օրինակ՝ փոկորդով (Ligula intestinalis)։ Կարող է սիրողական ձկնորսության օբյեկտ դառնալ։

Գրականություն

խմբագրել
  • Лебедев В. Д., Спановская В. Д., Савваитова К. А., Соколов Л. И., Цепкин Е. А. Рыбы СССР / Под ред. Никольского Г. В., Григораша В. А.. — М.: Мысль, 1969. — 447 с. — 70 000 экз.
  • Мягков Н. А. Атлас-определитель рыб: Книга для учащихся. — Москва: «Просвещение», 1994. — 282 с. — ISBN 5-09-004108-3
  • Кузнецов Б. А. Определитель позвоночных животных фауны СССР. (В 3-х ч.) Пособие для учителей. — Москва: «Просвещение», 1994. — Т. 1. Круглоротые, рыбы, земноводные, пресмыкающиеся. — 190 с.
  • Acanthalburnus microlepis(չաշխատող հղում).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։