Մանկապատանեկան խաղեր (Գյումրի)

Խաղերը հայերի կենցաղում ծիսական արարողությունների մաս են եղել, դրանցում պահպանվել են տեղեկություններ հասարակության հնագույն սոցիալական կառուցվածքի, ազգային տոների, ֆիզիկական կրթության և այլ ոլորտների մասին։ Ժամանցը ևս նկարագրում է տվյալ ժողովրդի կերպարը, այն դարերի փորձ է, որն ամփոփում է նրա խաղային մշակույթը։

Բնութագիր խմբագրել

Խաղը մեծ տեղ ունի երեխայի կյանքում, աշխարհընկալման և միջանձնային շփման կարևոր միջոց է։ Խաղային վարքը երեխայի ինքնատիպ հոգեբանական վիճակն է՝ իր տարիքային պահանջներին համապատասխան։ Խաղը մարդու կողմից իրականությունը յուրացնելու և դրան հարմարվելու միջոց է։ Խաղը նաև դաստիարակության մեթոդ է՝ երեխաների մտավոր ու ֆիզիկական կարողությունները զարգացնելու հարցում։ Մանկական խաղերը տարբեր են բովանդակությամբ, կազմակերպման ձևերով[1]։ Առանձնացվում են ըստ երեխաների երեք տարիքային խմբերի՝ մանկիկային շրջան (0-4 տարեկան), մանկություն (5-7 տարեկան) և պատանեկություն (8-12 տարեկան), փակ տարածքներում և բացօթյա խաղեր, ձմեռային և ամառային խաղեր։ Ըստ բնույթի՝

  • շարժական (սպորտային) խաղեր
  • դերային, ստեղծագործ խաղեր,

Մանկիկային շրջանի խաղեր են՝

  • մատնախաղեր, ձեռնախաղեր,
  • թռցնոցիներ,
  • գրկային պարախաղեր,
  • շալակախաղեր։

Երեխաները 2-3 հոգով խաղացել են նստկան խաղեր՝ մատնախաղեր, ձեռնախաղեր, ոտնախաղեր, հանելուկանման խաղեր (բուռպահուկներ), սենյակային շարժական խաղեր (մուկ ու կատու)։

  Նրանք /երեխաները/ ամբողջ օրը խաղում էին մենակ կամ խմբով, և նրանց խաղալիքներն էին քարի, ոսկրի կտորներ, կճղակներ, փայտեր և այլն։ Առանձին աշխուժություն ու կենդանություն ուներ խմբական խաղը։ Խմբական խաղերին երեխաներն անձնատուր էին լինում ամբողջ թափով, եռանդով։ Ճարպիկ, լավ խաղացողը գրավում էր ամենին, և բոլորը սիրով հետևում էին նրա խաղին, նրան ընտրում էին խաղի մեծը՝ ուստաբաշի, որին լսում, կատարում էին նրա հրամանները, կարգադրությունները։ Հասակավոր մարդիկ անգամ հետևում էին լավ խաղացողին, գովում ու խրախուսում էին նրան։ Խաղերի մեծ մասը, մանավանդ խմբականը, կատարվում էր գարնան սկզբին, հաջորդաբար՝ Ատտուրմա,Ղազախթոփի,Հյուսամմա-ղուբբա, Ախպերս դյուրգար և այլն։ Այս խաղերը պահանջում էին ուժ, ճարպկություն, մասնակցում էին սրանց ավելի տարիքավոր երիտասարդները։ Իսկ Քարթոփի, Ատտուրմա, Ես տարա, Ղսըրով մտա և այլն խաղում էին պատանիները։ Մեր հիշած խաղերում, հասկանալի է, որ այն ժամանակներում աղջիկները չէին մասնակցում, և նրանց խաղերում էլ մի առանձին կենդանություն չկար։
- Ն․ Նիկողոսյան, Ալեքսանդրապոլի մանկապատանեկան խաղերի մասին[2]
 

Վիճակահանություն խմբագրել

Ալեքպսանդրապոլում ևս խաղից առաջ մասնակիցները բաժանվել են երկու հավասար խմբերի։ Նախ ընտրվել են տարիքով մեծ առաջնորդներ, որոնք նաև ճարպիկ էին և արագաշարժ։ Նրանց կոչել են ուստաբաշի։ Խաղացողները զույգ-զույգ առանձնացել և անուններ են մտածել, ապա ուստաբաշիներին և հարցրել՝ «Թա՞ցն ես, թե՞ չորը»։ Մեկը թացն է վերցրել, մյուսը չորը, այսպես կազմվել են խմբերը։ Խաղը սկսելու փուլում(«ատում-քյաստում») պետք էր անել վիճակահանություն, որն էլ ուներ իր տարբերակները․

  • Թաց ու չոր- ուստաբաշիներից մեկը թքում էր փոքրիկ քարին, հարցնում՝ «Թա՞ցն ես, թե՞ չորը», քարը օդ էր նետում, ապա ըստ դրա մի խումբը լինում էր քյառստող՝հարձակվող, մյուսը՝ պաշտպանվող։
  • Քար ու փուչ - ուստաբաշիներից մեկը քար պահում էր ձեռքում, ապա 2 բռունցքը առաջ պարզած հարցնում՝ «Քա՞րն ես, թե՞

փուչքը»։ Ընտրողը պետք է խփեր ձեռքին՝ գուշակելով թե որ ձեռքում է քարը։

  • Փայտով - փայտը մեկը նետում էր վեր, մյուսը բռնում, այդպես շարունակում էին մինչև հասնեին փայտի ծայրին։ Ով հասնում էր ծայրին,նա խաղթում էր։
  • Գիր ու պատկեր - պղնձե մետաղադրամը գցում էին վերև՝ «Գի՞րը, թե՞ պատկերը» ընտրությամբ որոշելով խմբերի դերերը։
  • Ոտնաչափով - ուստաբաշիները որոշակի տարածությունից իրար ընդառաջ էին գալիս՝ ոտքը ոտքի առաջ դնելով, ում ոտքը մյուսի

ոտքին դիպավ, այդ կողմը քյառստողն էր լինում։

Տեսակներ խմբագրել

Ալեքսանդրապոլ-Գյումրիում շարժական խաղերից հայտնի էին

  • գնդակախաղերը (Թոփ խաղալ, Քարթոփի, Ղազախ-թոփի, Ախպերս դյուրգար, չատր կշինե),
  • լախտախաղերը (Ճիզ թուրա),
  • նշանառության խաղերը (Սատանի հոր, Թութ),
  • իծաշարուկներ (Ատտուրմա),
  • վեգախաղեր
  • պահմտուկներ
  Քանի ռեզինե գնդակները չկային, բրդից կամ բամբակից գնդակ էին շինում, թելով փաթաթում, երբեմն գույնզգույն գարոս թելով նախշում էին։ Գնդակը գետին էին խփում, բարձրանալիս նորից ու նորից ձեռքով էին խփում, մինչև գնդակի հեռանալը կամ ընկնիլը։ Հետն էլ հաշվում էին 1,2,3 ևն. այդ ձևի խաղը կոչվում էր «Սայի»։ Իսկ եթե բարձր էին խփում ու պտտում, կոչվում էր «չարխ»
- Ն․Նիկողոսյան, Թոփ խաղալու մասին[3]
 

Քարթոփի խմբագրել

Ալեքսանդրապոլում քարթոփին խաղացել են այսպես․ բնի մեջ դրել են տափակ, մեծ քար. խաղացողներից մեկը փայտով գնդակին է խփել, մյուսները հեռվից աշխատել են գնդակը բարձրից բռնել, կամ եթե բռնել չեն կարողացել, գնդակը ձեռքն ընկնելուն պես խփել են քարին։ Եթե գնդակը բռնվել էր կամ քարին դիպել, դիպցնողը կամ բռնողը գնում էր գնդակը գցելու։

Ղազախ -թոփի խմբագրել

Ղազախ-թոփին խաղացել են գնդակով ու տափակ ձեռնափայտով։ Քյաստողները կանգնում էին վերում, որից քիչ հեռու գտնվում էր լակամանը։ Գնդակին խփողները մեռած էին ձևանում։ Քյաստվողները գնում էին վար և ցրված կանգնում՝ գնդակը բռնելու։ Գնդակին խփողը կանգնում էր լակամանում և սպասում հարմար պահի՝ փախչելով ընկերների մոտ գալու։ Քյաստվողներից մեկը գնդակ է տալիս, բայց այնպես, որ հարվածը «փըստ» գա, չկարողանա գնդակին զարկել, կամ այնպես տա, որ գնդակը հեռու թռչի, ընկերները բռնեն։ Եթե գնդակը բռնում էր լակամանում կանգնած «մեռնողը», կենդանանում էր, իսկ եթե ցածում կանգնածներն էին բռնում, տեղերով փոխվում էին՝ վերինները իջնում էին վար։ Եթե բոլորն էլ լակամանում մեռած էին լինում, գնդակ տվողը գնդակը վեր էր թռցնում- բռնում, խափ տալու և փախչելու նպատակով։ Այդ միջոցին եթե մեռածներից մեկը վրա հասներ ու բռներ գնդակը, բոլորը կկենդանանային, ու խաղը կսկսվեր նորից։ Մեռածների փախչելու ժամանակ եթե գնդակը դիպչեր մեկին՝ լակամանին չհասած, վարը կանգնածները վեր կգային, և խաղը կանցներ մյուս կողմին։

Ախպերս դյուրգար, չատր կշինե խմբագրել

Այս խաղը ունի տարբեր անվանումներ՝ Գծագնդակ, Շրջան, Հոլ գնդակով, Ջղեզ, Խփոցիկ անուններով։ Ալեքսանդրապոլում այսպես են խաղացել․ գետնին մեծ շրջան են գծել, Քյաստվողները մեջ մեջքի, դեմքով դեպի խաղացողները սպասում էին։ Քյաստողները գծից հեռու գնդակը փեշերի տակ թաքցրած մոտենում էին գծին, պտտվում էին գծի շուրջն ու ասում՝«Ախպերս դյուրգյար, չատր կշինե»։ Մի քանի պտույտ կատարելով՝ հանկարծակի գնդակը խփում էր մեկին, բոլորը փախչում էին։ Եթե գնդակը բռնեին, նրանք դուրս կգային գծից, մյուսները կմտնեին գծի մեջ։ Եթե գնդակը գծից դուրս էր գալիս, խաղացողները շարունակում էին խաղը։ Եթե գնդակը գծի մեջ մնար, կփորձեին փախչողներին հարվածել, որ գծից դուրս գան։ Իսկ եթե գնդակը չէր դիպչում, գծից դուրս եղողները նույնը կրկնում էին[4]։

Լախտի խմբագրել

Լախտին կամ Ճիզ թուրան լախտախաղ էր։ Կազմում էին 4-5 զույգերով 2 խումբ։ Գծում էին մեծ շրջան։ Քյաստվողները գոտիկները կամ ոլորած լախտեր էին դնում շրջանի մեջ իրարից հեռու, գծի եզրին ու ոտքով պաշտպանում լախտը, որ դրսինները չփախցնեն։ Դրսինները հարձակվում էին լախտը խփելու, եթե կարողանային մի լախտ դուրս հանել, դրանով էին խփում լախտին կամ պաշտպանողին, մինչև որ մյուսներին էլ տիրանային, ու այնուհետև ամեն կողմից կսկսեին հարվածել գծի մեջ գտնվողներին։ Գծի մեջ եղածներն էլ առանց գծից դուրս գալու պիտի ձեռքը պարզեին, ներս քաշեին գծի մեջ ու ոտքով մեկին կամ մյուսին խփեին, որ իրանք ազատվեին, խաղացողները գծի մեջ անցնեին։ Ինչպես նշել է ն․ Նիկողոսյանը, այս խաղում պահանջվում էր մարմնի ճկունություն, ոտքի ու ձեռքի ուժ։ Թութ և Սատանի հոր խաղերը նշանառության խաղեր էին։

Փամփաստ խմբագրել

Քարերով խաղը անվանել են Փամփաստ։ Հինգ հատ հարթ,կլոր, փոքր քարեր են վերցրել, օդ գցել ու ափի հակառակ կողմով փորձել բռնել, եթե մեկ-երկու քար մնար ձեռքի երեսին, մնացած քարերն էլի գետնից վերցնում էին՝ մի քարը վեր նետելով։

Վեգախաղ խմբագրել

  Անցյալ դարի 70-80-ական թվերին (XIXդար) երեխաները կանոնավոր խաղալիքներ չունեին։ Նրանց միակ խաղալիքը կազմում էին վեգը, կճղակը և քարը։ Վեգով խաղում էին երկու երեխա։ Վեգը ունի չորս կողմ. հարթ կողմը կոչվում էր թոխան, որի հակառակկողմը կոչվում էր ալչու, ուռուցիկ կողմը` բոգ, և սրա հակառակ կողմը` ջիգ։ Թոխանը տանում էր (կրում էր) բոգը, իսկ ալչուն` ջիգը։ Եթե մի-մի վեգ էին գցում` խաղը կոչվում էր մտար, իսկ եթե զույգ-զույգ, կոչվում էր ջխտար։ Եթե վեգ գցելիս մեկի վեգը թոխան կանգնեց, մյուսինը ալչու, թոխան բերողը տանում էր ալչուն։ Եթե մեկը ալչու էր կանգնում, մյուսը բոգ, ալչու վեգով պետք է խփեր բոգին, որ ջիգ դառնա, տանի։ Ջխտար խաղալիս նետում էյին երկու-երկու եգ. թոխան բերողը վերցնում էր բոգը, դարձնում էր ջիգը, հետո վերցնում։
- Ն․ Նիկողոսյան, Վեգախաղերի մասին
 

Ատտուրմա խմբագրել

Սա իծաշարուկ խաղ էր և ուներ 3 տարբերակ.

  • Սրով (հերթով) ատտուրմա, մեկը կռանում, մյուսները ցատկում էին վրայով։ Վերջին թռչողը կռանում էր, կռացողը թռչում էր, և այսպես մինչև վերջ։
  • Ոտով ատտուրմա -ատում-քյաստումից հետո, վերջին քյաստվողը կռանում էր նշանակված տեղում։ Առաջին քյաստողն ուստաբաշին էր, երկրորդը` արտուկ, երրորդը` զստիկ։ Առաջինը խաղում էր ուստաբաշին, հետո` արտուկը, հետո` զստիկը, ապա մյուսները. շարքը վերջանալուց հետո խաղացողը բնից չափում էր մի ոտք ու կես, կռանում էր, մյուսները կարգով թռչում էին։
  • Կտի-կտի մաստանա- Քյաստվողը կռանում էր, ուստաբաշին թռչում ու ասում էր այս ոտանավորը[5]
Առաջին փոփոխակ
 

Կտի-կտի մաստանա,
 Կտիկըմ գյալդի բոստանա,
 Բոստանչի գյոդի (տեսավ), գյոդի,
 Գյոդի ղչի (այծը) կռըլտի (ջարդեց),
 Թանով ապուր, թեյրանի,
 Կարպետը ծակ ջեյրանի։
 Գնացի մեկ մարագ,
 Գտա կճուճըմ կարագ,
 Զարկի պատին կոտրեցի,
 Կանթը երթիկ թաբլեցի,
 Աթակ-մաթակ տեղ բակմազ,
 Թառլի կոյուն դյշըմազ։

 

Այս ընթացքում խաղացողը պիտի բարձրից թռչեր, և իր շորերը չկպչեին կռացողին։ Իսկ երկրորդ փոփոխակում կռացողի մեջքին դիզվող գլխարկները չպետք է թափվեին, ով գլխարկները թափեր՝ նա էր կռանալու։

Երկրորդ փոփոխակ
 

Քար կերավ, ցախ խմեց,
 Արուն շռեց, պանիր թափեց։
 Կորեկ էի կոտըմ ցանել
 Ղշերն էին եկել, կերել։
 Գնացի բերդի դուռը,
 Գտա մե հատըմ նուռը,
 Կեսը հոտած էր, կեսն անուշ։
 Շափխա դնել վար չընկնի,
 Շափխա տանել հեյրանի։

 

Հյուսամմա ղուբբան խմբագրել

Սա գմբեթախաղի տարբերակ է։ Քյաստվողները գլուխ-գլխի տված կանգնում են բրգաձև։ Ուստաբաշին մեկի փեշից բռնած` պտտում է բուրգի շուրջը, աշխատելով չհեռանալ բուրգից և ոտքով խփել դրսից հարձակվողներին։ Հարձակվողները ձգտում են ուստաբաշուն պոկել բուրգից, որ հեծնեն նրանց ու չարչարեն, իսկ տակինները վեր-վեր թռչելով, ոտքերով հարվածում էին հեծնողներին, որ վայր գցեն։

Ղսրով մտա և Ես տարա խմբագրել

Ղսրով մտա և Ես տարա խաղերը խփել- խույս տալու շարժական խաղեր են։ Առաջին խաղը այսպես են խաղացել․Խաղացողները կազմում էին զույգեր։ Մի զույգը աջ ու ձախ ձեռք բռնած հայտարարում էր- ղսըրով մտա։ Մյուսները վրա էին հասնում, խփում ու փախչում էին, ապա աշխատում էին խփողին բռնել, որ ստիպեն նրանց նույնը կատարել։ Ես տարա-նԱլեքսանդրապոլում խաղացել են այսպես․ մեկը կանգնում էր կենտրոնում, իսկ մյուսները նրան շրջապատում էին ու հանկարծակի ուսին, թիկունքին հարվածելով ասում՝ Ես տարա։ Հարված ստացողը փորձում էր խփողին բռնել, բայց նույն պահին երկրորդն էր խփում, փախչում։ Սա առաջինին թողած ընկնում էր երկրորդի հետևից, նրան ազատում էր երրորդն իր հարվածով և այսպես մինչև վերջին խաղացողը։

Գերի-գերի խմբագրել

Գերի-գերի խաղը բռնոցի էր։ Իրարից հեռու կանգնած խմբերը նշանակում էին մի կետ, որտեղ գերիներն էին։ Ուստաբաշին գալիս էր հակառակորդներից մեկի ձեռքին խփելու։ Սա փորձում էր ձեռքը փախցնել։ 3 անգամ խփելուց հետո իսկույն պիտի փախչեր, եթե չհասցներ, գերի կմնար։ Եթե բոլորն էլ գերի բռնվեին, պարտավոր էին գերողներին շալակած երեք անգամ տանել իրանց տեղն ու հետ բերել։ Սա շատ աշխույժ ու ճարպկություն պահանջող խաղ էր։

Ալեքսանդրապոլում հայտնի շարժական խաղեր էին՝

  • Հալալի մոլլա,
  • Աչքախուփ,
  • Էծ-էծ շունչպահուկ,
  • Փափախ ետև դնել
  • Մանդակ չիլիկախաղ

Ալեքսանդրապոլի տղաները խաղացել են նաև ուշադրության խաղեր՝

  • Բանդա,
  • Թամբուլում
  • հանելուկախաղեր՝ Կանգլի-Կանգլի։

Աղջիկների խաղեր խմբագրել

Աղջիկների խաղերը սակավաթիվ են ՝ պայմանավորված Գյումրվա նահապետական կենցաղով։

Ն․ Նիկողոսյանը և Հ․ Գյոլեցյանը նշել են, որ աղջիկները տղաների հետ չեն խաղացել, բայց ունեին իրենց խաղերը[6]։

Պուտ-պուտ խմբագրել

Այս խաղը նման էր տղաների փափախ դնելու խաղին։ Խաղացողները շրջանաձև ծնկի էին իջնում. մեկը ձեռքի աղլուղով պտտում էր շրջանի շուրջը և հանկարծ աղլուղը գցում մեկի ետևն ու վազում, որ գա, նրա տեղը գրավի։ Իսկ մյուսը բարձրանում, վազում էր հետևից, բայց արդեն իր տեղը գրավում էին, ինքը ստիպված էր աղլուղը պտտել։

Չախկուր խմբագրել

Չախկուրը կամ Չըխկըրը խաղացել են այսպես․ խաղացողները երկու խմբի են բաժանվել ու պարագլուխները հարց- պատասխան են արել․

 

Խնամի Խորա՞ն։
Ի՞նչ է։
Հաւերս կորան, ձեր տու՞նն է,
Մեր տունն է։
-Քշէ, քշէ գայ,
Քշեմ, քշեմ, չի գայ։
Տաք-տաք ապուռ վրան լից գայ,
Լըցեմ, լըցեմ չի գայ։
-Մախաթ կոխէ, թող գայ,
Կոխեմ-կոխեմ չի գայ։
-Հաւերս քանի՞ հաւկիթ են ածէ
Մաղ ու կես։
-Քա, ան օր ես ձեր դռնէն անցայ,
ան ի՞նչ պարակ մուխ կելլէր ձեր
յերդիկէն.
Հարսս պառկեր էր՝ տղա էր պերէ, ձուաձեղ էփեր էի։
-Ի՞նչ է պերե։
-Մանչ,
-Անունը ի՞նչ դրիք,
Ստեփան[7]։

 

Մալաքսիմա խմբագրել

Այս խաղի ժամանակ Երկու խումբ դեմ դիմաց էին կանգնում։ Մի խումբը կանչում էր՝ Մալաքսիմա, մյուսը պատասխանում էր՝ Մալքի տուտա։ Առաջինն ասում էր՝ Փերուշա, երկրորդը պատասխանում էր՝Փերմին տուտա, առաջինը` Տաղաղա, երկրորդը` տաղմինտուտա- վարա, վարա քի՞մ երիշա-Կատյա (կամ այլ անուն տալով) Գյալդի բուղաթլար։ Մեկը վազում էր դեպի Կատյան, փորձում շղթան կտրել ու Կատյային հետը տանել, եթե չէր կտրում շղթան, ինքը մնում էր նրանց մեջ։ Հիմա էլ նույն խոսքերով երկրորդ խմբից մեկն էր վազում դեպի առաջին խումբը[8]։

Քարկտիկ խմբագրել

Աղջիկները նույնպես խաղացել են քարկտիկ։ Ալ. Մխիթարեանցը նշել է, որ այս խաղը երեխաները խաղացել են 5 կլորակ քարերով[9]։ Տղաները խաղացել են Փամփաստ, քարկտիկը այդ խաղի տարբերակներից մեկն էր։

Գրականություն խմբագրել

Կ․ Բազեյան, Խաղը Ալեքսանդրապոլի ավանդական քաղաքային մշակույթում, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, 2019, հ․22։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ․Բազեյան, Խաղը Ալեքսանդրապոլի ավանդական քաղաքային մշակույթում, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, 2019, հ․22, էջ 248։
  2. Նիկողոսյան Ն., Լենինական, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության արխիվ, FF II, էջ 7193-7194։
  3. Ն․ Նիկողոսյան, նշվ․ աշխ․, էջ 7218։
  4. Ն․ Նիկողոսյան, նշվ. աշխ., էջ 7197։
  5. 26 Քաջբերունի, Հայկական սովորություններ, Ազգագրական հանդես, գիրք IX, Թիֆլիս, 1902, էջ 99։
  6. Հ․ Գյոլեցյան, Գյումրի (Ալեքսանդրապոլ, Լենինական), տետր N 1, 1976, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԱԲԱ,գործ 4/99, էջ 68-70։
  7. Կ․ Բազեյան, նշվ․ աշխ․, էջ 260
  8. Քաջբերունի, Հայկական սովորություններ, Ազգագրական հանդես, գիրք IX, Թիֆլիս, 1902, էջ 103։
  9. 46 Մխիթարեանց Աղ., Փշրանք Շիրակի ամբարներից, Էմինեան ազգագրական ժողովածու, № 1, Մօսկուա-Ալեքսանդրապօլ 1901, էջ 337։