Բացել գլխավոր ցանկը

Մանազկերտի դաշտ, միջլեռնային գոգահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արածանի գետի վերին հոսանքի ավազանում։ Հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Դալար, Ապահունիք, Հարք գավառների տարածքին։ Երկարությունը մոտ 125 կմ է, լայնությունը՝ 60 կմ, բարձրությունը՝ 1500-1700 մ։ Թասանման իջվածք է՝ տափարակ հատակով։ Ռելիեֆի միօրինակությունը խախտում են Բիլեջան, Բադնոց, Կորևան հրաբխային սարերը։ Կազմված է երրորդական հասակի կրաքարային և մերգելային հաստույթներից, ետպլիոցենյան լճային նստվածքային հորիզոնական շերտերից և ալյուվիալ բերվածքներից։ Կլիման չափավոր ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5-ից մինչև 6 է, հուլիսինը՝ 18-20, տարեկան տեղումները՝ 400-500մմ։ Գլխավոր գետը Արածանին է։ Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սևահողային, մուգ շագանակագույն և կարբոնատներով հարուստ կմախքային հողերով, տարախոտային բուսածածկութով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ՝ կաղնու, գիհու, սոճու պուրակներով, մասրենու, սզնու, ցաքիի մացառուտներով։ Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 211 CC-BY-SA-icon-80x15.png