Մայկոպյան մշակույթ, մ. թ. ա. 3-րդ հազարամյակի մշակույթ Հյուսիսային Կովկասի նախալեռներում։ Անվանումն ստացել է Մայկոպյան դամբարանաբլուրից։ Ներկայացված է բազմաթիվ դամբարանաբլուրներով, երբեմն՝ ամրացված բնակատեղիներով։ Մայկոպյան մշակույթի ուշ շրջանում երևան են եկել քարե դամբարաններ, այդ թվում՝ դոլմեններ։ Աշխատանքային հիմնական գործիքներն ու զենքերը եղել են քարե գայլիկոնված կացինները, դանակի շեղբերը, մանգաղներն ու նետասլաքները, պղնձե կացինները, արորը, եղանները, դաշույնները, նիզակի ծայրերը։ Մայկոպյան մշակույթին հատուկ է կարմիր, փայլեցված, երբեմն՝ զարդարուն խեցեղենը։ Մի շարք զարդեր ցույց են տալիս մայկոպյան մշակույթի կապը Արևելքի երկրների հետ։ Մայկոպյան մշակույթի ցեղերն ապրել են նախնադարյան համայնական հասարակարգում։ Որոշ դամբարանների հարուստ գտածոները վկայում են գույքային անհավասարության մասին։

Տարածման քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 203