Մալաթիայի դաշտ
Մալաթիայի դաշտ, միջլեռնային հարթավայր փոքրասիական բարձրավանդակի արևելյան մասում, Նուրհակ, Ենգիզեկ, Մալաթիա լեռների միջև, Եփրատ գետի աջ ափին։ Երկարությունը մոտ 68 կմ է, լայնությունը՝ մոտ 34 կմ։ Ձգվում է հյուսիսից հարավարևմտյան ուղղությամբ։ Ունի հարավարևելյան թույլ թեքություն, 600-1000 մ բարձրություն։ Ծածկված է ջրաբերուկներով։ Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, քարածուխ, շինանյութեր, կերակրի աղ։ Ունի բարեխառն կլիմա՝ տաք ամառ, ցուրա ձմեռ։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ -4 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Գլխավոր գետը Թոխման (Մելաս) է։ Տարածված են շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով։ Լեռնաշղթաների ստորոտներում տեղ-տեղ կան անտառային պուրակներ։ Ոռոգվող հողերում մշակում են հացահատիկ, բանջարեղեն, բամբակ, ծխախոտ, զբաղվում՝ խաղողագործությամբ և պտղաբուծությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 146)։ |